Հայաստանը կգնի՞ չեխական L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռներ. ով ինչ է գաղտնի պահում. ուշագրավ փաստերի հետքերով

Չեխական մասնագիտացված աղբյուրը հայտնել է, որ Հարավային Կովկասի պետություններից Aero Vodochody չեխական ընկերությանը պատվիրել է 4 միավոր L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռ, անունը չի գաղտնազերծվում:

Praise the Steph ռազմական մասնագիտացված հարթակը, սակայն, նշել է, որ խոսքը Հայաստանի մասին է:

Իսկ Aero Vodochody չեխական առաջատար ընկերության պաշտոնական կայքում 2026թ. հունիսին տեղադրված հաղորդագրության մեջ, մասնավորապես, տեղեկացվում է.

«Ավարտին է մոտենում ևս չորս ինքնաթիռի արտադրությունը մեկ այլ պատվիրատուի համար, որը նոր ինքնաթիռները պատվիրել էր ավելի վաղ, սակայն չի ցանկանում պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ տալ»:

Կարդացեք նաև

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արդեն սեպտեմբերին չեխական ընկերության պաշտոնական կայքում կարելի է տեսնել, այսպես ասած, փակագծեր բացող տեղեկատվություն:

Մասնավորապես, նշվում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած այցի ընթացքում այցելել է AERO Vodochody ընկերություն:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նորագույն L-39 Skyfox ինքնաթիռին, որը հաջողված L-39 ուսումնական-վարժական ինքնաթիռների ընտանիքի նոր սերունդն է։ Հայաստանի Հանրապետության նախագահը հնարավորություն է ունեցել մանրամասն զննելու ինքնաթիռը և տեղեկանալու ժամանակակից ռազմական օդաչուների պատրաստման գործում դրա կիրառության մասին։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության նախագահի այցը AERO։ Հայաստանը L-39 Albatros ինքնաթիռների երկարամյա շահագործող է, և ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունեցանք ներկայացնելու ոչ միայն մեր ընկերության ներկայիս հնարավորությունները, այլև, առաջին հերթին, այս հաջողված ընտանիքի վերջին սերունդը՝ L-39 Skyfox-ը։ Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկարաժամկետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ըստ ընկերության պաշտոնական տեղեկատվության՝ ասել է AERO-ի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Սոտոնան:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, սակայն, Վահագն Խաչատուրյանի՝ Չեխիայում տեղի ունեցած հանդիպումների մասին պատմող լուրերի շարքում  վերոնշյալի մասին ոչինչ չկա:

Պաշտպանության նախարարությունը ևս նախընտրում է դեռ լռություն պահպանել և չպատասխանել այս մասին մեր հարցադրումներին, որն ինչ-որ առումով հասկանալի է, արդարացված: Ամեն դեպքում, Հայաստանի՝ Aero Vodochody չեխական ընկերությանը L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռներ պատվիրելու մասին շրջանառվող տեղեկությունը հեռու չէ իրականությունից, և հնարավոր է՝ պատվերը քանակական առումով ավելին է, քան շրջանառվում է:

Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին ընդունել էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի), և քննարկել պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցությանն առնչվող հարցեր: Դրանից մոտ մեկ տարի առաջ Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, այցելել էին Հայաստանի պաշտպանության նախարարություն։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

2019 թվականին էլ, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, Հայաստան էր այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը, այցի ընթացքում ստորագրվել էր Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Իսկ Հայաստան-Չեխիա պաշտպանական համագործակցության հետքերը տանում են 2010 թվական:

Վերադառնալով չեխական ինքնաթիռներին՝ հիշեցնենք՝ ամիսներ առաջ գրել ենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումների զինծառայողները ուսումնական թռիչքներ են իրականացրել նաև չեխական L-39 ինքնաթիռներով:

Հիմա եթե Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը որոշել է թարմացնել ՀՀ ԶՈւ ուսումնամարտական ինքնաթիռների պարկը և գնել L-39 Skyfox ինքնաթիռ, որն Ադրբեջանի ցուցադրած L-39-ի արդիականացված տարբերակն է, միայն ողջունելի է: Մյուս կողմից, չպետք է մոռանալ Ադրբեջան-Չեխիա ռազմական համագործակցության մասին 44-օրյա պատերազմից առաջ և հետո:

Ավելին, մենք գրել ենք, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանում էր գտնվում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:

Նշենք, որ Ադրբեջանը հանդիսանում է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին, ըստ ադրբեջանական կողմի ամիսներ առաջ հայտնած տվյալների, բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը: Բայց Բաբիշն ու Ալիևը միայն գազային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր չէ, որ քննարկել են, օրակարգում եղել է նաև ռազմական ոլորտը:

«Մեր երկրների միջև համագործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է պաշտպանական արդյունաբերությունը: Այստեղ նույնպես տևական հաջող համագործակցություն կա։ Մենք Չեխիայից նաև ռազմական նշանակության բավական շատ արտադրանք ենք գնում, և ներկա փուլում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության կազմակերպման կոնկրետ նախագծերի շուրջ։ Համոզված եմ, որ այս ոլորտը ևս մասշտաբային կլինի, քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության հաշվին։ Եվ ապագայում մեր փոխգործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չեխիան է, որն այս ոլորտում մեծ փորձ ունի, հատուկ նշանակություն ունի»,- Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները գաղտնազերծել էին, որ Ադրբեջանում նոր համատեղ ձեռնարկություն է (VEXA DS) բացելու չեխական պաշտպանական արդյունաբերության CSG խումբը:

Ընկերությունը երկար տարիներ զբաղվում է ռազմական տեխնիկայի սպասարկմամբ, վերանորոգմամբ և արդիականացմամբ և նախապատվությունը տալիս է այն նախագծերին, որոնք երկարաժամկետ օգուտներ են խոստանում:

Իսկ թե իրականում ե՞րբ L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռները կհամալրեն ՀՀ ԶՈւ զինանոցը, հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930