Ինչպե՞ս ներեմ, եթե դեռ չեմ մոռացել
Երբեմն մարդիկ այնքան խորը վիրավորանք են հասցնում մեր հոգուն, որ նույնիսկ տարիներ անց չենք կարողանում մոռանալ այդ վիրավորանքն ու ներել մարդուն իր ասած թեկուզ անզգույշ խոսքի կամ գուցե միտումնավոր պատճառած ցավի համար։
Ոչ հարազատ մարդկանց կողմից ասված խոսքերն այդքան ցավոտ չեն։ Մեզ իսկապես կարող են վիրավորել ամենամոտ մարդիկ՝ ամուսինը, ծնողը, ընկերը, հարազատը, նրանք, ովքեր շատ լավ են ճանաչում մեզ, այնքան լավ, որ մեկ բառով կարող են խոցել։ Եվ նույնիսկ եթե որոշել ենք չպահել վիրավորանքը, ամեն ինչ միանգամից չի մոռացվում։ Եվ հենց այս պահերին է, որ պետք է խորհենք ներման մասին որպես քրիստոնյաներ։
Սուրբ Գիրքն ասում է. «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթեոս 6:14)։ Քրիստոնեական ներումը չի նշանակում ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Այն չի նշանակում արդարացնել դիմացինի սխալը կամ հրաժարվել տեղի ունեցած իրողությունից։ Ներել նշանակում է հրաժարվել վրեժխնդրությունից և ցավը Աստծուն հանձնել՝ թույլ չտալով, որ վիրավորանքը իշխի մեր սրտում։
Երբեմն ներումը մեկ որոշում չէ, այլ՝ ճանապարհ։ Այսօր կարող ենք որոշել ներել, իսկ վաղը նորից զգալ նույն ցավը։ Այդ պահին պետք չէ մտածել, որ մեր ներումը կեղծ էր։ Մենք պարզապես դեռ ապաքինվում ենք այդ ցավից, ինչպես կապաքինվեինք ֆիզիկական որևէ վիրահատություն տանելուց հետո։ Ի վերջո՝ որքան էլ ապաքինող լինի բժշկական միջամտությունը, միևնույն է, ցավ է պատճառում, ժամանակի հետ անցնող ցավ։
Եվ ամեն անգամ, երբ զգում ենք նախկին վիրավորանքի ցավը, մեր մտքում կրկին հիշենք ներելու մեր որոշման մասին։ Որովհետև ներել նշանակում է ընտրել ազատությունը՝ չթողնելով, որ ուրիշի սխալը, անզգույշ ու վատ արարքը շարունակի ապրել մեր սրտում։


