Թուրքերը հո հատ-հատ չե՞ն մորթելու մեզ, մնում է ատոմակայանը փակեն, դարձնեն էներգիա չունեցող, չզարգացող, հետամնաց երկիր… Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար. Հրանտ Բագրատյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սահմանազատում չի կարելի անել, քանի դեռ որոշված չեն դրա սկզբունքները։ Օրինակ՝ եթե 4 գյուղ հանձնում են, դրա տեղն Արծվաշենը տալո՞ւ են… 4 գյուղի հարց, ընդ որում, չկա․ կա 4+4 գյուղերի հարց: Առաջին 4 գյուղն անկլավային տարածքներ են։
- Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ առ գյուղ վերցնում է Հայաստանի տարածքները։ Հայաստանի իրական տարածքը 31 900 քկմ է։ Հանկարծ Google maps-ում, որը կապ ունի ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ, հայտնվում է «ադրբեջանական» անկլավ։ Տիկին դեսպան, Քրիստինա Քվին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Ինչի՞ հիման վրա է հայտնվել այդ քարտեզում անկլավը։ Գիշերը քնում ես՝ անկլավ չկա, առավոտը զարթնում ես՝ կա արդեն։ Հնարավոր է՝ Փաշինյանը կամ Ալիևն են զանգում։ Թող դա արդեն Մհեր Գրիգորյանն ու Փաշինյանը պատասխանեն։ Եթե այդ «անկլավը» տրվի, Ոսկեպարի լինելիությունն անհնարին է դառնում։ Գյուղն ամբողջապես կդատարկվի, ու դրանից հետո վտանգի տակ կհայտնվի Լոռվա մարզը։
- Տավուշում է գտնվում Ջողասի ջրամբարը (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա:
Բերքաբերի կամ Ջողասի ջրամբարը Հայաստանի՝ մեծությամբ 5-րդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո: Ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 1966 թվականին, շինարարությունն ավարտվել է 1979-ին, շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Ջրամբարը շահագործվել է մինչև 1991 թվականի ապրիլ, շահագործումը դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության, պատերազմի պատճառով: Մակերեսը 2,14 կմ է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 43 միլիոն խորանարդ մետր։ Երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ոռոգել է մոտ 10 000 հա հողատարածք (ՀՀ և Ադրբեջանի սահմանամերձ հատվածը)։ Ջողասի ջրամբարը ոռոգման ջուր է հասցրել Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների 11 գյուղերի՝ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր: Ըստ տավուշցիների՝ Իջևանի Ազատամուտ ավանը Ջողասի ջրամբարից նաև ստացել է խմելու ջուր, բնականաբար՝ զտման պրոցեսն անցնելուց հետո: Այս ջրամբարից ջուր է հասել նաև Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղ:
Ի դեպ, 2021թ. ապրիլին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ՀՀ և Ադրբեջանի սահմանակից ջրամբարներին, որոնց շահագործումը, ըստ նրա, երկու երկրների գործակցության լավ հնարավորություն կարող է լինել:
Խոսքը, մասնավորապես, Տավուշի մարզի Ջողասի ջրամբարի մասին էր, որին Ադրբեջանի կողմից հարակից է Աբբասբեյլիի ջրամբարը։
«Ջողասի և հարակից Աբբասբեյլիի ջրամբարները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար, ի շահ տեղի բնակչության, եթե հնարավոր լինի համաձայնության գալ ամբարտակների, ջրանցքների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի միջև վստահությունն ամրապնդվի»,-ասվում էր գրառման մեջ։
- Իմ վարչապետության օրոք Տավուշով անցնող գազատարն ադրբեջանցիների կողմից պայթեցվել է 43 անգամ։ Եթե հիմա գազամուղ պայթի, Փաշինյանը, Գնել Սանոսյանը գազամուղ սարքո՞ղ են։
- Հասկանո՞ւմ եք՝ ինչ է անում այդ խելագարը։ Այն, ինչ արեց Գորիս-Կապան ճանապարհի դեպքում, հիմա անում է Տավուշում։
- Փաշինյանն իրավունք չունի խոսել մեր գենետիկ կոդի մասին, որովհետև նա մեր գենետիկ կոդի հետ կապ չունի։ Պատմական Հայաստանը չկա միայն իր ու թուրքերի համար։
- Վրաստանում հետանկախության տարիներին կատարվել է 20 միլիարդ դոլարի ներդրում, որից 16 միլիարդը ներդրել են թուրքերը։
- Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞ սորոսական թափթփուկ։ Ինչի՞ չեք խոսում, որ, օրինակ, «Բենտոնիտ» գործարանը մնում է ադրբեջանցիների տարածքում՝ ըստ Google maps-ի։
- Փաշինյանը սուտ է ասում. մնալու է 28 000 քկմ տարածքով երկիր, որը կապ չի ունենալու արտաքին աշխարհի հետ։
- Փաշինյան, եթե դու քո սահմանները չգիտես, ՀԱՊԿ-ին դիմում ես, որ ի՞նչ անես։ ՀԱՊԿ-ը գա, կանգնի Ոսկեպարում, հայտնվի ծուղակի մե՞ջ։ Ադրբեջանն ասի՝ այ ընկեր, իմ տարածքում ի՞նչ ես անում։
- Նիկոլ, քեզ ո՞վ է ասել՝ Հայաստանի տարածքը 29 745 քկմ է։ Էդ Մհեր Գրիգորյանի աշխատանքի արդյունքում Հայաստանի տարածքը պիտի փոքրանա՞։ Դու Ադրբեջանի կողմից վարձվա՞ծ ես։
- Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ։ Իրար են ուտելու այստեղ՝ հաց չլինելու համար։
- Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկողության տակ է վերցվելու Հայաստան-Վրաստան տրանսպորտային կապն ամբողջությամբ, այն աստիճանի, որ դա վերջերս անհանգստացրեց նաև վրացիներին։ Հանձնելուց հետո ՀՀ քաղաքացիները Նոյեմբերյան կարող են գնալ միայն Վանաձորով։
- Բրյուսելում Փաշինյանին ասացին՝ ոչ մի անվտանգություն չկա, ձեր անվտանգությունը Թուրքիան է։
- 2024թ․ մեր ակնկալիքները Ռուսաստանից 14 միլիարդ դոլար էր։ Այս իշխանությունների գործունեության արդյունքում, փաստորեն, դրանից հրաժարվում ենք՝ հանուն Արևմուտքի խոստացած 270 միլիոն դոլարի։ 270 միլիոն ամեն օր է գալիս Ռուսաստանից։
- Թուրքերը հո հատ-հատ չե՞ն մորթելու մեզ, բոլոր հարցերը լուծել են, մնում է միայն ատոմակայանի փակման հարցը լուծեն, ու Հայաստանը դառնալու է էներգիա չունեցող, չզարգացող, հետամնաց երկիր, և ժողովուրդը դուրս է գալու։ Հայաստան չի լինելու։
- Բրյուսելից հետո Փաշինյանն աչքով աչք չունի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։
- Արմեն Գրիգորյան, բա դու Անվտանգության խորհրդի քարտուղար ես, մի հատ անվտանգության մասին բառ չեղավ, բա ի՞նչ ես արել։
- Փաշինյանին պետք է հարցնել՝ էդ որ ասում եք՝ Միութենական պետության սպառնալիք կա, ինչի՞ց ելնելով ես ասում։ Նման առաջարկ կա՞: Չի եղել նման առաջարկ: Մենք գլխացավանք ենք Ռուսաստանի համար, ինչի՞ մեզ պիտի առաջարկեն դա։ Տեղից էժան գազ են տալիս, մի երկու անգամ էլ պիտի էժանացնեն, ինչի՞ անեն, հանուն ինչի՞։ Երբ Ալեն Սիմոնյանն ասաց՝ Միութենական պետության վտանգ կա, ես նման բան չեմ հիշում, Ռուսաստանի դեսպանն ասաց՝ ստում ես։ Դրանից հետո արձագանք եղա՞վ։ Չեղավ։
- Փաշինյանը, առանց երաշխիքներ ստանալու, իրոք արտաքին քաղաքական վեկտոր է փոխել։ Նա այս 6 տարիների ընթացքում հետևողականորեն Հայաստանը դարձրեց Ռուսաստանի թշնամին՝ դիմացը ստանալով զրո։
- Ո՛չ 2023թ․ բյուջեում, ո՛չ 2024թ.-ի՝ նման գումարներ չկան։ Արևմուտքից արցախցիներին, Հայաստանին օգնության եկած գումարները բյուջե չեն մտնում, վերահսկողություն էլ չկա:
- Փաշինյանը բողոքում է Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, բայց դուրս չի գալիս դրանից։ 10 կետից 8-ը չկա, բայց միևնույն է, դուրս չի գալիս։ Հարցրեք նրան՝ ինչո՞ւ դուրս չի գալիս:
Ինչո՞ւ էին Բրյուսելում առաջ մղում «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը, որի մասին Բրյուսելի հայտարարության մեջ նշվեց, որ աջակցում են, և նաև հատուկ զեկույցով անդրադարձավ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը, որի ընկերությունը ՀՀ կառավարությանը և Անվտանգության խորհրդին մի քանի հարյուր հազար դոլարի դիմաց խորհրդատվություն է մատուցում: Ռասմուսենը մինչ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպում զեկույց էր հրապարակել և արևմտյան կառույցների ղեկավարներին կոչ էր անում քաղաքական և նյութական աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Խաղաղության խաչմերուկը, փաստորեն, արևմտյա՞ն օրակարգ էր: Փաշինյանը Բրյուսել գնացել էր այդ օրակարգով` բուկլետներ էր բաժանել, որպեսզի քննարկեն, ըստ էության ասում էր` օգնեք մեզ՝ դա իրականություն դարձնենք:
«Խաղաղության խաչմերուկն ուղղված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կամ Եվրոպայի դեմ, այլ ուղղված է միայն Ռուսաստանի դեմ։ Փաշինյանն այդպիսով ասում է՝ բոլոր տեղերով ճանապարհ եմ տալիս։ Ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից՝ այս բառի համար, բայց Փաշինյանը Հայաստանը դարձնում է հասարակաց տուն, որ ով երբ, ոնց ուզի, մտնի, դուրս գա։ Բա ինչի՞ չես ասում, որ Երևանից Մեղրի կարող ենք Նախիջևանով գնալ, կամ Ղազախով կարող ենք Ռուսաստան գնալ։
- ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԵՄ արտաքին հանձնակատար Ժոզեպ Բորելը, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որոնք շուտով պաշտոնի չեն լինելու, ասում են՝ Հայաստանը պիտի լինի այնպիսի պետություն, որը վասալային կախվածության մեջ կլինի Թուրքիայից։ 6 ամիս հետո այդ պաշտոններում կլինեն այլ չինովնիկներ, որոնք կխոսեն Հայաստանն Ադրբեջանի կազմում լինելուց։ Բայց սա չի սարսափելին, սարսափելին Փաշինյանին իշխանության բերելն էր։
- 50 000 մարդ հավաքվի՝ Փաշինյանը թողնելու է, գնա։ Իրենք հասկանում են՝ ինչ են բերել հայ ժողովրդի գլխին։
- Ռուսաստանը թույլ չի տալու, որ Ադրբեջանն ու Թուրքիան միանան իրար ու գործեն՝ ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։ Ռուսաստանը վերադառնալու է տարածաշրջան, բայց էն ժամանակ, ես չգիտեմ՝ Հայաստան կլինի՞, թե՞ չէ։ Ինչի՞ է Պեսկովն ամբողջ օրը գովում Փաշինյանին… Որովհետև նա ծառայում է թուրքերին, նախկինում նա դիվանագիտական աշխատանքի է եղել Թուրքիայում։ Պեսկովի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանի հակառուսականությունն իրենց չի վիրավորում։ Առաջիկա ամիսներին Ուկրաինայում հաջողություն գրանցելուց հետո Ռուսաստանը շուռ է գալու այս ուղղությամբ։ Եթե Պուտինը Հայաստանից հրաժարվի, կկորցնի Կովկասը։
- Ամբողջ հայ ազգը կառավարության նիստին կես ժամ լսում է, թե ինչպես է երկրի ղեկավարը խոսում այն մասին, որ չի կարելի չստիկներով գործի գնալ։ Սա ողբերգություն է:
Մանրամասները՝ տեսանյութում.