Մենք ասում ենք՝ եթե չեք կարող կարճել վարույթը, դիմեք Սահմանադրական դատարան. Արա Զոհրաբյան
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը նախկինում էլ թեմի հոգևորականների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորել, Սարոյանի և թեմի հոգևորականների միջև խորը կոնֆլիկտ է եղել, դատարանի բակում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Սա էլ է եղել նրա կարգալուծության պատճառներից մեկը, որ թեմի հոգևորականության մեծ մասն իր հետ անհամատեղելիության հարց է բարձրացրել։ Այս հարցով Ամենայն հայոց կաթողիկոսի վճիռը վերջնական է։ Նա խախտել է հնազանդության ուխտը և էլի շատ խախտումներ է թույլ տվել, ինչի համար էլ արժանացել է այդ կետին։ Գերագույն հոգևոր խորհուրդն է նաև առաջարկել նրան կարգալույծ հռչակել»,- նշեց Զոհրաբյանը։
Անդրադառնալով Արման Սարոյանի մեղադրանքներին, թե իրեն կարգալույծ են արել իբրև թե իր քաղաքական հայացքների և «բարենորոգության» շարժմանը միանալու համար, Զոհրաբյանը հիշեցրեց՝ այդ շարժմանը միացած մյուս հոգևորականներն, օրինակ, կարգալույծ հռչակված չեն։

