Սիրիա, այնուհետև ամենուր. կտարածվե՞ն արդյոք անկարգությունները Մերձավոր Արևելքի այլ պետությունների վրա

Սիրիայի Արաբական Հանրապետությունում չեն հանդարտվում զանգվածային անկարգությունները, որոնք հրահրվել են շարժիչային վառելիքի գների կտրուկ բարձրացմամբ:

Սեպտեմբերի 13-ի երեկոյան, համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ Հալեպի, Իդլիբի, Համայի, Դերաայի, Ռաքքայի, Դեյր էզ Զորի և Հասակայի նահանգներում:

Հաջորդ օրը տասնյակ մարդիկ հավաքվել են հյուսիսարևելյան Հասակա նահանգի Էշ-Շադդադի քաղաքի մոտակայքում՝ բողոքելու բենզալցակայաններում հայտնված նոր գնապիտակների դեմ: Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները վառում ավտոմեքենայի անվադողերը՝ էմոցիոնալ կերպով անվտանգության ուժերի աշխատակիցներին բացատրելով իրենց առօրյա կյանքի դժվարությունները: Ղամիշլիում ցուցարարները պահել են «Պահպանեք ժողովրդի ուժերը» և այլ բողոքի կարգախոսներով պաստառներ, իսկ մյուսները վանկարկել են՝ «Մեր վառելիքը ժողովրդի համար է»։

Որոշ քաղաքներում ցուցարարները հրկիզել են ավտոմեքենաների անվադողերը և փակել կարևորագույն ճանապարհները, այդ թվում՝ Հասական և Դեյր էզ Զորը միացնող մայրուղին՝ արգելափակելով նավթամթերք տեղափոխող ավտոցիստեռնների անցումը: Ակցիայի մասնակիցները փակել են նաև Դեյր էզ Զորի և Հալեպի միջև ձգվող միջազգային մայրուղին՝ Ռաքքա նահանգի գյուղական բնակավայրերի հատվածում: Դամասկոս-Հալեպ հիմնական ավտոմայրուղու երթևեկությունը, որն ավելի վաղ արգելափակվել էր Իդլիբում, երկուշաբթի օրը վերսկսվել է, սակայն լարվածությունը դեռևս պահպանվում է:

Կարդացեք նաև

Դամասկոսի նահանգում երթուղային միկրոավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, ինչը հանգեցրել է տրանսպորտի համակարգի խափանումների և տեղաշարժի լուրջ խնդիրների։ Քաղաքացիների դժգոհությունն ուժեղացնում է ուղևորափոխադրումների միասնական, անփոփոխ սակագնի բացակայությունը․ մարդիկ բողոքում են, որ նույն երթուղու վարորդները տարբեր վճարներ են պահանջում: Դամասկոսում երթուղայինների ուղեվարձը բարձրացել է մոտ 35-70%-ով, իսկ տաքսիների ուղեվարձը՝ 30-60%-ով՝ կախված հեռավորությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին էներգետիկայի նախարարությունը հրապարակել է նավթամթերքի գների նոր ցանկը, որն ուժի մեջ է մտել հաջորդ օրը: Դիզելային վառելիքի արժեքը բարձրացել է 40 տոկոսով՝ մեկ լիտրի համար հասնելով 175 սիրիական ֆունտի (1,31 դոլար), իսկ բենզինը թանկացել է մոտ 28 տոկոսով:

Գերատեսչությունից հավաստիացրել են, որ բարձրացումը ժամանակավոր բնույթ է կրում և կապված է համաշխարհային շուկայում գների փոփոխության հետ: SANA պետական լրատվական գործակալության հրապարակած նոր սակագների համաձայն՝ 95 օկտանային թվով բենզինի մեկ լիտրը 152 սիրիական ֆունտից (1,14 դոլար) թանկացել է մինչև 195 ֆունտ (1,46 դոլար): 90 օկտանային թվով բենզինի մեկ լիտրի գինը 147 ֆունտից (1,10 դոլար) հասել է 185 ֆունտի (1,38 դոլար)։ Ամենից շատ թանկացել է դիզելային վառելիքը՝ 40 տոկոսով, որի մեկ լիտրի արժեքը 125 սիրիական ֆունտից (0,94 դոլար) հասել է 175 ֆունտի (1,31 դոլար)։

Ընթացիկ ակցիաներն առավել մարդաշատ են դարձել 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո, գրում է Al Monitor-ը՝ հիշեցնելով 2025 թվականի սկզբին Հարավային Էս-Սուվեյդա նահանգում դրուզների և նույն տարվա գարնանը Լաթաքիայի ափամերձ նահանգում ալավիների ելույթների մասին, որոնց պատասխանը ջարդերն ու զանգվածային սպանություններն էին։ Ներկայիս բողոքի ակցիաները պայմանավորված են ոչ թե էթնո-կրոնական հակասություններով, այլ կյանքի արժեքի աճով՝ ընդգրկելով երկրի զգալի մասը: Տրանսպորտային ծախսերի աճը հանգեցնում է աշխատուժի, գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և սպառողական ապրանքների տեղափոխման գնի բարձրացմանը, ինչը պոտենցիալ մեծացնում է գների ճնշումն ամբողջ տնտեսության վրա:

Իշխանությունները գների բարձրացումը բացատրում են նավթամթերքի համաշխարհային արժեքի աճով և ներքին նավթավերամշակման հզորությունների կրճատմամբ՝ Բանիյասի նավթավերամշակման գործարանի վերանորոգման ընթացքում (Սիրիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանը չի գործում հուլիսից): Գերատեսչության տվյալներով՝ ձեռնարկությունը փակ կմնա ևս մոտ երկու ամիս, ինչի պատճառով երկիրը ստիպված կլինի ավելացնել պատրաստի նավթամթերքի ներմուծումը։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ տեղական շուկային օրական անհրաժեշտ է մոտ 300 հազար բարել հում նավթ և նավթամթերք: Ներքին արտադրությունը կազմում է օրական մոտավորապես 100 հազար բարել և չի ծածկում երկրի կարիքները: Սիրիայի դիզելային վառելիքի ամենօրյա պահանջարկը կազմում է մոտավորապես 7,72 միլիոն լիտր, որից մեկ միլիոն լիտրից մի փոքր ավելին արտադրվում է երկրի ներսում, մինչդեռ մնացած մասը ներմուծվում է: Երկիրը շարունակում է մեծապես կախված մնալ նավթամթերքի ներմուծումից՝ խոցելի մնալով էներգետիկ շուկայում տարածաշրջանային և գլոբալ ցնցումների նկատմամբ:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են 80 տոկոսով զինված հակամարտության տարիներին վնասվել է էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի ավելի քան 70 տոկոսը: Բնակչության մոտ 90 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցի համաձայն՝ 2011-2025 թվականներին երկրի ՀՆԱ-ի կորուստները գնահատվում են 800 միլիարդ դոլար: Բնակչության երեք քառորդը կախված է մարդասիրական օգնությունից և աջակցության կարիք ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սննդի և բնակարանների ապահովումը, ինչպես նաև գործազրկության խնդիրների լուծումը։

«Սիրիայում վառելիքի գների հարցը ոչ միայն բենզինի կամ դիզելային վառելիքի մեկ լիտրի արժեքի քննարկումն է և ոչ միայն ֆինանսական որոշում, որը լրացնում է գների բարձրացումների շարքը»,- տեղական ԶԼՄ-ներից մեկին պատմել է տնտեսական փորձագետ Հասան Մուրադը։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում։ Դա շատ ավելի մասշտաբային բնույթի խնդիր է, որն առնչվում է արտադրության հեռանկարներին, տրանսպորտային ծախսերին, պարենամթերքի գներին, քաղաքացիների գնողունակությանը, բիզնեսի շահութաբերությանը, զբաղվածությանը, ներդրումներին և նույնիսկ սիրիական տնտեսության վերականգնման ու վերածննդի կարողությանը»։

Կառավարությունը, նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (ալ-Ջոլանի) գլխավորությամբ, ձգտում է վերականգնել էներգետիկ արդյունաբերությունը, որը լրջորեն տուժել է ավելի քան մեկ տասնամյակ տևած պատերազմի և պատժամիջոցների հետևանքով՝ փորձելով նվազեցնել կախվածությունը ներմուծումից, իսկ ինքը տպավորիչ կերպով ներկայանում է տարբեր տեսակի միջազգային ֆորումներում և համաժողովներում։ Այսպես, ելույթ ունենալով Արաբական վերջին մեդիա-գագաթնաժողովում, Իդլիբի զինյալների նախկին առաջնորդը Սիրիան ներկայացրել է որպես «անվտանգ առևտրային միջանցք, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը»՝ տարածաշրջանում տեղի ունեցող ցնցումների խորապատկերին: Ըստ SANA-ի՝ ալ-Շարաան հայտարարել է, որ մինչև տարեվերջ Սիրիայի տնտեսության ծավալը պետք է հասնի 50 միլիարդ դոլարի (2025 թվականին այն կազմել է 32 միլիարդ, 2024 թվականի վերջին՝ «Ասադի ռեժիմի» անկման պահին՝ մոտ 20 միլիարդ դոլար):

Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում ճգնաժամերի համապատկերին Սիրիայի՝ որպես առևտրային միջանցքի ներուժի նկատմամբ Էմիրությունների հետաքրքրությունը հայտնի է և բավականին տեսանելի էր դեռևս Դամասկոսի նախկին իշխանությունների օրոք։ Մայիսին տեղի է ունեցել Սիրիա-ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը։

Հունիսին երկու երկրների պաշտոնյաները հանդիպել էին Դամասկոսում՝ քննարկելու մի շարք նախագծեր, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը Միջերկրական ծովում սիրիական նավահանգիստները կապում է իրաքյան Ումմ Քասր նավահանգստի և ԱՄԷ Խալիֆա նավահանգստի հետ:

Իսկ օգոստոսի վերջին ԱՄԷ-ում տեղակայված Arada կառուցապատող ընկերությունը Դամասկոսում 7 միլիարդ դոլար արժողությամբ բազմաֆունկցիոնալ նախագծի իրականացման մասին համաձայնագիր է ստորագրել։

Սակայն ներքաղաքական անկայունությունն ու հերթական իրարանցումը կարող են մեծ հարցականի տակ դնել առկա ամբիցիոզ ծրագրերը։ «Իսլամիստներն իշխանության են եկել երկրում տնտեսությունը վերականգնելու և Ծոցի երկրներից ներդրումներ ներգրավելու խոստումներով։ Բայց մեկուկես տարվա ընթացքում ապրանքների գները հինգ անգամ աճել են, իսկ դիզելային վառելիքը միայն փետրվարից թանկացել է ավելի քան երկու անգամ»,- գրում է արևելագետ Իգոր Դիմիտրիևը՝ կանխատեսելով, որ Սիրիայում սկսված անկարգությունները կարող են տարածվել նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։ «Սիրիան պարզապես ամենաթույլ օղակն է խնդրահարույց պետությունների շղթայում։ Հասկանալի է՝ ավերված տնտեսություն ունեցող երկիր է, իսկ բնակչությունը՝ կատաղած։

Բայց պատճառները, որոնք ապակայունացնում են Սիրիան, ընդհանուր են գրեթե ամբողջ Գլոբալ Հարավի համար։ Ցորենը թանկացել է մոտ մեկ քառորդով, ազոտական պարարտանյութերի արտադրությունը կախված է գազի գնից, դիզելային վառելիքի գինն աճում է, դրա հետ մեկտեղ՝ լոգիստիկ ծախսերը գերակայում են միմյանց վրա։ Սև ծովի փակումից հետո պետք է նոր մատակարարներ փնտրել։ Եգիպտոս՝ 120 միլիոն բնակչություն, նրանց կեսից ավելին ստանում է սոցիալական հաց: Եմեն՝ 44 միլիոն, Պակիստան՝ 259 միլիոն, Բանգլադեշ՝ 177 միլիոն, Աֆղանստան՝ 45 միլիոն, որից տասնչորսն արդեն սովամահ են լինում։

Հետո գալիս է Սահելը՝ Մալի, Նիգեր, Չադ, Սուդան: Ընդհանուր թիվը միլիարդ մարդու է հասնելու, և ամենուր պատկերը նույնն է՝ մեծաքանակ երիտասարդ բնակչություն, կառավարություն՝ առանց սուբսիդավորման գումարի, թանկացած հաց, որը դեռ պետք է ինչ-որ տեղից ձեռք բերել։ Ամեն ինչ կարող է պայթել»՝ 2011 թվականի «Արաբական գարնան» սցենարով։

Թերևս, վառելիքային և պարենային ճգնաժամի հետագա խորացման դեպքում (իսկ հակադիր միտումներ դեռևս չեն նկատվում) տարածաշրջանում կարող են իսկապես լուրջ ցնցումներ տեղի ունենալ։ Դրանք հղի են դեպի հյուսիս՝ Եվրոպա և հետխորհրդային երկրներ ձգվող միգրացիոն հոսքերով՝ չբացառելով Կովկասի և Կենտրոնական Ասիայի այն պետությունները, որոնք սկզբունքորեն նոր մարտահրավերների առջև են կանգնած։

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930