«Վաղն էլ կարող են բազան հանել». Ի՞նչ է թաքնված ռուսական ռազմաբազայի շուրջ ծավալվող հայտարարությունների հետևում

«Ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, ուզում են հանել՝ թող հանեն, վաղը կարող են հանել»,- այսօր  լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը նոր շեշտադրում է հաղորդում վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում հայտնված ամենազգայուն թեմաներից մեկին՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրին։

Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ հայկական կողմը երբևէ չի բարձրացրել ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը, և այն քննարկման դաշտ է բերել հենց Ռուսաստանը։

Թեմայի ներկայիս փուլը սկսվեց սեպտեմբերի 1-ին՝ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացն էր և դրա համատեղելիությունը ԵԱՏՄ անդամակցության հետ։

Սակայն արդեն հանդիպումից հետո Պուտինը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ռուսական ռազմաբազայի հարցին՝ հայտարարելով, որ, եթե Հայաստանը համարում է, թե բազան այլևս անհրաժեշտ չէ, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ «նույնիսկ վաղը»։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա շեշտեց, որ Մոսկվան չի պատրաստվում իր ռազմական ներկայությունը պարտադրել Հայաստանին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ օրերս հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի ստացել Շիրակից իր ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ «Մենք հայկական կողմից որևէ հարցում չենք ստացել Շիրակում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։

Մենք շարունակում ենք հավատալ, որ դա Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,-  ասել է դիվանագետը։ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայության թեման ներկայումս ակտիվորեն քննարկվում է Հայաստանի սոցիալ-քաղաքական տարածքում, սակայն Մոսկվան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։ «Շատերը բավականին իրավացիորեն հարցնում են. ո՞րն է այլընտրանքը։ Մեր կարծիքով՝ այս պահին ոչ մի այլընտրանք չկա։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, օրինակ, ֆրանսիացի զինվորներին այս դերում։ Թեկուզ միայն Ֆրանսիայի և Հայաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նաև քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակականությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ հարաբերությունների «ինվենտարիզացիայի» շրջանակներում։

Այսպիսով, Բիշքեկում հնչած հայտարարությունը կարելի է դիտարկել ոչ թե մեկուսացված դրվագի, այլ ավելի լայն գործընթացի համատեքստում, որտեղ հայ-ռուսական հարաբերություններում աստիճանաբար վերանայվում են նախկինում այդպիսին համարվող անվտանգության և ռազմավարական փոխկապակցվածության մի շարք հիմքեր։

Մոսկվայի կողմից թեմայի հրապարակային ակտիվացումը, հետևաբար, կարող է դիտարկվել նաև որպես Ռուսաստանի կողմից սեփական ռազմական ներկայության ապագայի շուրջ նախաձեռնողական դիրքավորման փորձ՝ այն պայմաններում, երբ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը  կողմնորոշվում է այլ ուղղությամբ։

Այս համատեքստում չի կարելի բացառել նաև մեկ այլ քաղաքական հաշվարկ․ ռազմաբազայի թեման օրակարգ բերելով՝ Մոսկվան կարող է փորձել փոխել հետագա բանակցությունների մեկնարկային դիրքերը և հայկական կողմին զրկել այն հնարավոր լծակից, որը կարող էր ունենալ ռազմաբազայի հարցը հայ-ռուսական հարաբերությունների ավելի լայն փաթեթում։

Եթե հարցը բարձրացներ Երևանը, այն կարող էր դիտարկվել որպես հայկական կողմի նախաձեռնություն և դառնալ բանակցային առանձին պահանջ՝ անվտանգության, սահմանային ներկայության, երկկողմ պայմանագրերի կամ այլ հարցերի հետ փոխկապակցված։ Մինչդեռ այն դեպքում, երբ հենց Ռուսաստանն է հայտարարում, որ պատրաստ է հեռանալ «հենց վաղը», հայկական կողմը հայտնվում է արձագանքողի դիրքում՝ փաստացի ասելով, որ դեմ չէ այդ որոշմանը։

Այս տրամաբանությամբ Մոսկվան ոչ միայն սեփական ռազմական ներկայության ապագայի շուրջ է դիրքավորվում, այլև կարող է նախապես չեզոքացնել այդ ներկայությունը՝ որպես հետագա բանակցություններում իր նկատմամբ կիրառելի գործիք։

«Բազան հանե՞լ, թե՞ չհանել» հարցը շատ ավելի լայն է, քան միայն Գյումրիում ռուսական զորախմբի ֆիզիկական ներկայությունը։ 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի հայ-ռուսական պայմանագրի հիմքով, իսկ 2010 թվականի արձանագրությամբ դրա տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Պայմանագրային շրջանակը ռազմաբազայի գոյությունը կապում է երկու երկրների անվտանգության և ռազմական համագործակցության հետ։ Հետևաբար, դրա վաղաժամկետ դուրսբերումը պարզապես վարչական որոշում չէ․ այն ենթադրում է երկու պետությունների միջև համապատասխան իրավական և քաղաքական գործընթաց, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջացող բացի լրացման հարց։ Թեև ՀՀ իշխանությունները պնդում են՝ բազան ՀՀ-ին հարկավոր չէ, սակայն կարող են քննարկել Հայաստանի համար ոչ պիտանի բազան չհանելու հարցը։ Թերևս հենց այս ձևակերպման մեջ է թաքնված հնարավոր բանակցությունների, քաղաքական «առևտրի» ակնարկը։

Իսկ ո՞ւմ է պետք ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Եթե հարցին նայել ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ շահերի տեսանկյունից, ապա այստեղ կարող են լինել տարբեր  հաշվարկներ։ Հայաստանի իշխանության համար ռազմաբազայի դուրսբերումը կարող է տեղավորվել բազմավեկտոր քաղաքականության տրամաբանության մեջ՝ հատկապես այն պայմաններում, երբ Երևանը խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի և արևմտյան գործընկերների հետ՝ զուգահեռաբար փորձելով կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ռուսաստանի համար ընդհակառակը՝ բազայի պահպանումը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով դրա աշխարհագրական դիրքը և Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության պահպանման հարցը։

Պաշտոնական Մոսկվան հենց դա է ընդգծում՝ ռազմաբազան համարելով տարածաշրջանային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Իսկ տարածաշրջանային մյուս դերակատարների համար ռուսական ռազմական ներկայության փոփոխությունը նույնպես կարող է փոխել ուժերի դասավորությունը՝ հատկապես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս փուլում։

Ուստի այսօր հարցը պետք է ձևակերպել ոչ միայն «ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին, թե՞ ոչ», այլ շատ ավելի կոնկրետ՝ եթե այն այլևս անհրաժեշտ չէ, ինչո՞վ է փոխարինվելու այն անվտանգային գործառույթը, որն առնվազն պայմանագրային, քաղաքական մակարդակում վերապահված էր այդ ներկայությանը։

Փաշինյանի այսօրվա հայտարարությունը բացում է նոր հարցերի շարք։ Եթե Մոսկվան իսկապես պատրաստ է հեռանալ «վաղը», ապա հաջորդ քայլն արդեն Հայաստանի համար դառնում է սեփական անվտանգության համակարգի արդյունավետության հարցը՝ սահմանային անվտանգության, ռազմական կարողությունների, միջազգային գործընկերությունների և հնարավոր նոր անվտանգության մեխանիզմների համադրությամբ։

Ռազմաբազայի թեման այդ իմաստով միմիայն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չէ․ այն շատ ավելի լայն ռուսական ներկայության և տարածաշրջանային ազդեցությունների վերաձևման հետ կապված հարց է, որը, սակայն, էլ ավելի կամրապնդի թուրքական ազդեցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930