«Մահմեդական ՆԱՏՕ-ն» չօգնեց․ Պակիստանը խնդրում է Իրանին «զսպել» հութիների ճնշումը
Պակիստանը դիմել է Իրանին՝ խնդրելով ազդել հութիների վրա, որ նրանք դադարեցնեն հարձակումները Սաուդյան Արաբիայի և նրա էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Պարբերականը գրում է` Իսլամաբադը, որն ընդամենը շաբաթներ առաջ մեծ աղմուկով Ռիադի և Անկարայի հետ ստորագրեց ռազմական դաշինքի մասին «Մեքքայի համաձայնագիրը», այժմ բանակի գլխավոր հրամանատար, մարշալ Ասիմ Մունիրի միջոցով խնդրել է Թեհրանին զսպել եմենցի ապստամբներին։
Լրատվամիջոցի աղբյուրներից մեկն ընդգծել է, որ Իսլամաբադը, որն ապրիլին կործանիչներ էր տեղակայել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող ավիաբազայում, «բարդ դրության» մեջ է։ Նրա ներկայիս ֆինանսական դժվարությունները բարդացնում են թագավորության առջև դաշնակցային պարտավորությունները կատարելուց խուսափելը։ Ընդ որում, Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչները ավելի վաղ հրաժարվել էին հրապարակավ հնչեցնել կոնկրետ հնարավոր ռազմական քայլերն ի աջակցություն Սաուդյան Արաբիայի։
Եմենում իրավիճակը սրվել էր հուլիսի կեսերին, երբ կառավարամետ զորքերը Սանայի օդանավակայանին հարվածել էին Իրանից հութիների պատվիրակության ինքնաթիռի վայրէջք կատարելու պահին։ Հութիները դրանում մեղադրել են Սաուդյան Արաբիային և պատերազմ հայտարարել մինչև իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման վերացումը: Վերջին շաբաթվա ընթացքում հութիները զգալի առաջընթաց են գրանցել Եմենի հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ գրավելով Կարմիր ծովի ափերը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող բնակավայրերը, այդ թվում՝ կարևոր Էլ-Մոհու նավահանգիստը:

