Ռուսական շուկայից Հայաստանը չի հրաժարվել. ՌԴ-ն մաս-մաս փոխանցում է գնված և չմատակարարված զենքը. Անդրանիկ Քոչարյանը փակագծեր է բացել
Մարտի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դարձյալ հիշել է «հրթիռների գործը», որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթ, և այլն: Այս պահին կալանքի տակ է միայն Դավիթ Տոնոյանը:
Եվ չնայած հրթիռների անպիտան լինելը չի ապացուցվել, չկա դատավճիռ, ինչի մասին Դավիթ Տոնոյանը ստիպված էր մոտ մեկ ամիս առաջ հիշեցնել Անդրանիկ Քոչարյանին, սակայն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը շարունակում է նույն ոգով, ավելին, նա խոսում է նախկինում եղած «կիսատ-պռատ» ձեռքբերումների մասին՝ չբերելով որևէ ապացույց: Դրանք չեն կոնկրետացվել անգամ, երբ 168.am-ը Քոչարյանի այլ առիթներով նմանատիպ հայտարարություններից հետո գրավոր հարցում է ուղարկել:
«Նախկինում գնում-բերում էին, և հետո պարզվում էր, որ պահեստամասերի մի մասը վրան չի, և սկսում էին հետևից պահեստամասեր բերել: Դրա համար էլ բազմաթիվ զինվորականներ, գեներալներ քրեական հետապնդման տակ են մինչ այս պահը՝ կապված թե՛ հակաօդային պաշտպանության, թե՛ այլ կառույցների ձեռքբերումների, թե՛ պատրոնդավոների և նրանց ձեռք բերած սպառազինության, ժամկետանց սպառազինության և կասկածների հետ»,- նշել է իշխանական պատգամավորը:
Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը զբաղված է 44-օրյա պարտության պատասխանատվությունը բանակի, կամ գուցե կոնկրետ անձանց վրա գցելու գործով: Գուցե դրա համա՞ր է, որ մինչև հիմա 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հասել վերջնագծին, և պարզ չէ՝ երբ է ներկայացվելու:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ օրենքի խախտում կա այստեղ, եթե անգամ դա Անդրանիկ Քոչարյանը չի տեսնում։
Հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանը մոռանում է, որ իրենց իշխանության օրոք են ձեռք բերվել առանց զինամթերքի կամ անհրաժեշտ «աքսեսուարների» Սու-30-ները, և, որ հրթիռների բացակայությունը հնարավորություն չտվեց Սու-30ՍՄ գերժամանակակից ինքնաթիռը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ, և այսօր Սու-30-ները ուսումնական վարժանքների ժամանակ են օդ բարձրացվում:
Անդրանիկ Քոչարյանը մոռացել է նաև 2019-ին ձեռք բերված «Օսա ԱԿ» համալիրների շուրջ խոսակցությունները: Եվ, որ այդ «անպիտան հրթիռներն» իրենց իշխանության օրոք են մատակարարվել բանակին: Իսկ առանց երկրի ղեկավարի նման բաներ չեն արվում, որքան էլ Փաշինյանն արդարանա, թե պարտավոր չէ ռազմական գործից, ՀՕՊ-ից կամ ավիացիայից հասկանալ: Եվ քանի որ Փաշինյանի հօդս ցնդող ռազմական մեղադրանքների և քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքների մասին մանրամասն վերլուծություններ ներկայացրել ենք՝ հրթիռների գործից մինչև պլատաների գործ, ուստի նորից չենք անդրադառնա դրանց:
Իսկ Անդրանիկ Քոչարյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում դիֆերամբներ է նվիրել սպառազինության վերջին ձեռքբերումներին՝ հնդկական, ֆրանսիական: Սա չնայած նրան, որ Պաշտպանության նախարարությունը չի արձագանքել մինչև օրս, օրինակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի պնդմանը՝ «Հնդկաստանից ինչ զենք բերել են՝ մեկ տարի անսարք վիճակում կանգնած է, ոչ մի բան չեն կարողանում անել, ունեմ գրավոր տեղեկություն, որ Հայաստանում հնդկական զենքն անսարք վիճակում է, չեն կարողանում սպասարկել»:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը սպառազինության ձեռքբերումների մասին խոսելիս չի անտեսել նաև Ռուսաստանին և նշել է, որ երկիրը կատարում է սպառազինության մատակարարման իր պայմանագրային պարտականությունները, և, որ Հայաստանը չի հրաժարվել ռուսական շուկայից՝ անկախ նրանից, թե ինչ է գրված պաշտպանության մասին 2023թ. կատարողականում:
«Մենք ռուսական շուկայից չենք հրաժարվել, փակ լսումների ժամանակ բոլորը տեղեկացան, որ այն գնումները, որոնք արված էին, նրանք այսօր սկսում են իրացվել, այն բացթողումները կամ չիրացված սպառազինությունը, որ պետք է հասներ Հայաստան: Հիշո՞ւմ եք, որ անընդհատ քննարկվում էր՝ գումարը գնացել է, սպառազինությունը չկա: Հիմա ՌԴ-ն մաս-մաս գտել է հնարավորություն դա Հայաստանին փոխանցելու: Դա իրականություն է»,- շեշտել է Քոչարյանը: Այսինքն՝ ՌԴ-ն հասկանո՞ւմ է կառուցողական լեզուն, երբ այդկերպ են խոսում…