Աղքատը վճարում է հարուստի համար․ 120.000-150.000 դրամ ստացողը չի կարող օգտվել այդ ծրագրից․ տնտեսագետ
Վերջին երկու տարում մայրաքաղաքում անշարժ գույքի ու հիփոթեքային շուկայում էական գնաճ է գրանցվել։ Այս իրավիճակի ռիսկերին վերջերս անդրադարձավ նաև ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
«Թե՛ բնակարանների և տների գների, թե՛ վարձավճարների հետ կապված՝ մենք ունեցել ենք էապես մեծ գնաճ։ Մասնավորապես, նաև դրա պատճառ է դարձել այն, որ մենք ունենք մեծ ներհոսք և պահանջարկի աճ։ Ռիսկերն էլ այն են, որ ունենալով այդքան արագ աճ, ունենում ենք որոշակի դրական սպասումներ, որ այդ աճն անընդհատ պետք է լինի։ Դրա արդյունքում էլ ստանում ենք տների գների գերարժևորում։ Մենք մոտավորապես 20 տոկոսի կարգի գերարժևորում ենք տեսնում»,- Հանրայինի եթերում նկատեց Արմեն Նուրբեկյանը։
Ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, որքան էլ անտրամաբանական է, Երևանում անշարժ գույքի գները շատ ավելի բարձր են, քան, օրինակ, Թբիլիսիում, Աթենքում ու ՌԴ հարավային քաղաքներում։ Սա, ըստ մասնագետի, պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ շինանյութի ներկրման ու վաճառքի թանկացում, ներգաղթ, իսկ շինարարական կազմակերպություններն իրենց հիմնական աշխատանքը ծավալում են բնակչության, այնպես կոչված, «լյուքս» սեգմենտի հետ։
Անշարժ գույքի գների բարձրացման մեկ այլ պատճառ էլ, ըստ նրա, եկամտային հարկի վերադարձման նախագիծն է, որը, սակայն, կդադարի կիրառվել 2025 թվականի հունվարի 1-ից։
«Եկամտահարկի վերադարձի տրամաբանությունից սովորական քաղաքացին չի կարող օգտվել։ Ընդհանրապես, հիմա օրենքները հակասոցիալական բնույթ են կրում՝ նպաստում են հարուստներին ու բանկերին։ Իսկ աղքատը վճարում է հարուստի համար։ Սովորական քաղաքացու աշխատավարձը հիմա տատանվում է 120.000-150.000 դրամ, ո՛չ ավելի։ Ո՞նց կարող է մարդն այդ աշխատավարձով օգտվել նման ծրագրից, դեռ չասած, որ արդեն դրա եկամտահարկի չափն էլ է փոքր։ Նույնիսկ, եթե բավական էլ լիներ, ինչն այդպես չէ, աշխատավարձն արդեն իսկ ինքնին թույլ չի տալիս այդ հնարավորությունը»,- նկատեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Այդուհանդերձ, եկամտի հարցի վերադարձի նախագիծը 2025 թվականից դադարելու պարագայում մեծ խնդիրներ կարող են առաջանալ նաև կառուցապատողների համար։
«Դրա վերաբերյալ եղավ քաղաքական որոշում։ Որոշեցին, որ պետք է դադարեցնեն՝ նպատակ ունենալով, որ մարզերում պետք է բնակարանաշինությունն ակտիվանա, բայց մենք ունենք իրավիճակ, ինչը և նախատեսում էինք։ Մարզերում չունենք որևէ սկսվող ծրագիր, իսկ երևանամերձ մարզերում հիմնականում Երևանին մոտիկ քաղաքներում է, որ որոշ ծրագրեր իրականացվում են կամ սկսում են իրականացվել։ Ինչն էլ բերելու է Երևանի մեծացմանը՝ իր հետևանքներով»,- կանխատեսեց կառուցապատողը։
Ինչ վերաբերում է 2025-2027 թվականներին եկամտահարկի վերադարձման այս ծրագիրը մարզերում ներդնելու կառավարության ծրագրին, ապա որքանո՞վ դա կհետաքրքրի մեր երկրի քաղաքացիներին՝ հաշվի առնելով նաև մարզերում աշխատանքի բացակայության փաստը։
«Սահմանային գոտու հետ կապված բոլոր ընդունված օրենքները, ըստ գնահատականների, տվել են շատ ավելի քիչ արդյունք, քան գումար է ծախսվել։ Այստեղ միանշանակ ու պարզ լուծում չկա։ Իսկ մարզերում դա ավելի արդյունավետ է, քան Երևանում, պետք է զարգացել տրանսպորտն ու աշխատել աշխատատեղեր բացելու ուղղությամբ, որ մարդիկ ոչ թե հասնեն Երևան՝ աշխատանքի, այլ իրենց բնակավայրում հնարավորություն ունենան աշխատելու»,- ասաց տնտեսագետը։
«Մեղրի» զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի խոսքով, ծրագիրն ինքնին որևէ ձևով չի կարող միջոց դառնալ հին բնակֆոնդից ազատվելու համար։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ կլինի 10 և ավելի տարի ժամկետով շինարարություն իրականացնել։ Իսկ եկամտահարկի վերադարձի նախագծի դադարեցման դեպքում, ըստ նրա, կտուժեն հատկապես սկսնակ կառուցապատողները։ Իսկ դադարեցվող նախագծին որևէ այլընտրանք, որպես այդպիսին, չունի։
«Կառուցապատողները, ովքեր չունեն ցնցումներին դիմակայելու բավարար ֆինանսական միջոցներ, հնարավոր է՝ հայտնվեն անվճարունակ վիճակում։ Գիտեմ, որ շատ-շատերն իրենց հաշվարկներում դրել են բարձր պահանջարկը։ Այսինքն՝ վաճառքից գոյացող գումարների ներդրումը ծրագրի մեջ։ Եթե մեզ մոտ վաճառքի կամ պահանջարկի էական նվազում եղավ, այդ մարդկանց ծրագրերը հնարավոր է ձախողվեն»,- ասաց Սաքապետոյանը։
Իսկ տնտեսական ոլորտի վրա, այդուհանդերձ, ծրագիրն էական մեծ ազդեցություն չի ունենում։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով, բնակֆոնդի խնդիրը թեև իսկապես մեր երկրում առկա է, կան շատ այլ, ավելի արդյունավետ տարբերակներ՝ տնտեսական զարգացման ու ծրագրերի իրականացման ավելի մեծ արդյունավետություն ապահովելու համար։
«Եթե պետությունը նման գումարներ ծախսեր տնտեսական աճի վրա, զուտ տնտեսական աճը հաշվի առնելով, ապա ավելի բարձր արդյունքներ կարելի էր գրանցել, օրինակ, ոչ թե անհատական շինարարության համար, այլ անմիջապես արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում, այսինքն, իրական հատվածում այդ ներդրումներն արվեին»,- ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Արմեն Սաքապետոյանի խոսքով էլ, կառուցապատողների միությունը դիմել է կառավարությանը՝ կառուցապատման ծրագրի շարունակականության նպատակով արդեն իսկ մի քանի ծրագիր է ներկայացրել կառավարությանը, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։
Նազելի Ստեփանյան