ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ VOGUE-ՈՒՄ ԵՎ ԻՐԵՆՑ ԱՌԱՋ ԴՐԵՑԻՆ ՄԻԼԻԱՐԴԱՆՈՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ. «UHI» բրենդի հիմնադիրների պատմությունը

«ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրերը «UHI» բրենդի հիմնադիրներ Արմեն Շահինյանը և Նարինե Հարությունյանն են։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

 Նարինե Հարությունյան

Կարդացեք նաև

– 3 տարի առաջ ամուսնուս հետ հիմնեցինք «UHI» զարդերի բրենդը. մեր կյանքի ամենախոշոր ձեռքբերումը։ Մեծ նպատակներ ունենք՝ ինչպես հայկական շուկայում մեր տեղն ամուր պահելու, այնպես էլ՝ միջազգային շուկաներ նվաճելու հետ կապված։

– Բիզնեսը պահելու հարցում ես ունեմ իմ անելիքը՝ լինել զարդերը կրող մոդել և սոցիալական ցանցերում զբաղվել դրանց վաճառքով։

– Բիզնեսը հիմնելու սկզբնական ժամանակաշրջանում մենք ուղղակի սովորական զարդեր էինք վաճառում, բայց այնպես ստացվեց, որ մարդիկ սկսեցին սիրել ու կապվել մեր հետ։ Հիմա է, որ մենք առանձնահատուկ զարդեր ենք ստեղծում, հիմա է, որ ձեռագիր ենք դրել մեր զարդերի մեջ, հիմա է, որ զարդը տեսնում, ասում են՝ «UHI» է։

– Ինչո՞ւ որոշվեց բրենդի անունը դնել «UHI»… ամուսնուս՝ Արմենի հետ մտածում էինք՝ ի՞նչ անուն դնենք, որ ծառայի հայուհիներին, բայց նաև բրենդի անվան մեջ «հայ» բառը չլինի։ Ամուսինս առաջարկեց վերցնել «հայուհի» բառի «ուհի»-ն, ինչը և՛ շատ հայկական է, և՛ կանացի։ Միանգամից համաձայնեցի։

Արմեն Շահինյան

– Տարօրինակ եմ, էքսցենտրիկ։ Լինելով մասնագիտությամբ ինժեներ՝ ինձ միաժամանակ համարում եմ ստեղծարար, ստեղծագործ մարդ։ Գիտե՛ք, երբ ինժեներիան և ստեղծագործ միտքը հանդիպում են իրար, ստեղծվում է գեղեցիկ և ճիշտ պատրաստված զարդ։

– Աշխատող բիզնեսը պետք է գործի հետևյալ ռազմավարությամբ՝ բիզեսմենը պետք է անի այն, ինչ ուզում է հաճախորդը, բայց, միաժամանակ, պետք է անի այն, ինչ ինքն է ուզում։

– Ստեղծագործական այն ազատությունը, որն ինձ թույլ է տալիս «UHI» բրենդը, ինձ հնարավորություն տվեց ստեղծել յուրահատուկ զարդեր և հայտնվել աշխարհահռչակ VOGUE ամսագրում։ Դրանից հետո ստացանք շատ առաջարկներ միջազգային այլ ամսագրերում հայտնվելու համար։ Ստացանք համագործակցության շատ առաջարկներ, ինչը շատ կարևոր էր բիզնեսի զարգացման համար։

– Հայ գործարարը հումքի ներկրման հարցում ունի խնդիրներ. առհասարակ Հայաստանում արժեք ստեղծող մարդու համար խնդիրները շատ շոշափելի են՝ հայաստանյան փոքր շուկայի պատճառով։ Այդ խնդիրներն են պատճառը, որ մենք փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա, ծավալվել, որպեսզի կարողանանք պահել Հայաստանում մեր ստեղծածը, որը շատ քաղցր է։ Որպես գործարար՝ իմ նպատակը միլիարդանոց ընկերություն ունենալն է՝ Հայաստանում ստեղծածը պահելը։

Վերջում ներկայացնում ենք Արմենի և Նարինեի հարցերը՝ հաղորդաշարի հաջորդ հյուրին։

 Արմեն.- «Ի՞նչը կփոխեիք հայ ազգի մտածելակերպի մեջ, ընդամենը մեկ բան, ինչը մեզ որպես ազգ կդարձներ ավելի հզոր»։

Նարինե.- «Եթե չզբաղվեիք այն գործունեությամբ, որով այսօր եք զբաղվում, ի՞նչ այլ բիզնեսով կհետաքրքրվեիք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս