«Նախորդ տարի մոտ 2-4 տարվա անշարժ գույք է միանգամից վաճառվել… գնորդների 1 տոկոսն է արտասահմանցի». Անդրանիկ Հարությունով

Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ այս պահին անշարժ գույքի շուկայում էական փոփոխություններ չկան. փոփոխություններ լինում են այն ժամանակ, երբ ինչ-որ իրադարձություններ են կատարվում, օրինակ, պատերազմ, միգրացիոն հոսքեր դեպի երկիր և այլն։

«Երբ Իրանում իրավիճակը լարված էր, սպասվում էր, որ իրանցիների մեծ հոսք կլինի դեպի մեր երկիր և անշարժ գույքի շուկայում կլինեն փոփոխություններ, բայց նման բան տեղի չունեցավ։ Սակայն այս պահին դեռևս զբոսաշրջային սեզոն է, հետևաբար՝ վարձակալության շուկայում՝ հիմնականում Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն և այլ շրջաններում, մարդիկ իրենց անշարժ գույքը հանձնում են օրավարձով։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ վարձակալության շուկան կրկին ակտիվացել է, քանի որ ուսանողները բնակարաններ են վարձում։

Երկրորդային շուկայում ունենք ստաբիլ իրավիճակ, համեմատած նախորդ 2-3 տարիների հետ, գները որոշակի կարգավորվել են՝ 2-3 տարի առաջ գներն աննախադեպ բարձրացել էին, որովհետև միգրացիոն հոսք ունեինք Հայաստան։ 6-7 ամիս գներն աննախադեպ բարձրացել էին, հիմա կարգավորվել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Հարությունովը՝ խոսելով անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին նկատվող միտումների մասին։

Ինչ վերաբերում է առաջնային շուկային, ապա, ըստ մեր զրուցակցի, երբ դադարեց գործել եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, Երևանում նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի վաճառքը նվազել է։ Իսկ նախորդ տարվա անշարժ գույքի վաճառքը գերազանցել է բոլոր թվերը, քանի որ եկամտահարկի վերադարձի օրենքը գործելու վերջին տարին էր, այդ պատճառով էլ մարդիկ առաջնային շուկայում ձեռք էին բերում անշարժ գույք։

Կարդացեք նաև

«Նախորդ տարի մոտ 2-4 տարվա անշարժ գույք է միանգամից վաճառվել։ Թվում էր՝ նման չափով անշարժ գույք վաճառելուց հետո այս տարի հնարավոր է՝ խնդիրներ լինեն առաջնային շուկայում՝ գնորդների պակասի առումով, բայց այդպես չէ, շուկան շարունակում է ակտիվ մնալ։

Շատ կառուցապատողներ այսօր փոխել են իրենց վաճառքի մոդելները։ Ոլորտի մասնակիցներով տարբեր միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի մեր շուկան ինչ-որ չափով միջազգային դարձնենք։

Ուզում ենք մեր շուկան տանենք միջազգայնացման, որովհետև այս պահին շուկայում 1 տոկոսն են արտասահմանցի գնորդներ։ Իսկ եթե դիտենք մեր հարևան կամ զարգացած երկրների փորձը, կտեսնենք, որ իրենց շուկայում դա կազմում է 40 տոկոսից ավելին։ Այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները հիմնականում ներդրումների նպատակով գույք են ձեռք բերում տվյալ երկրում, իսկ դա նշանակում է՝ այդ պետությանը փող են բերում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մարզերում անշարժ գույքի շուկային, Անդրանիկ Հարությունովն ասաց, որ ակտիվություն հիմնականում նկատվում է Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, որը ներդրումային քաղաք է, Աբովյան քաղաքում, որոշ առումով՝ Հրազդանում, Գյումրիում նույնպես իրականացվում են որոշ նախագծեր։

«Տեսեք՝ մարզերում ինչն է խնդիրը, օրինակ, Երևանում այնպես չէ, որ մեր ենթակառուցվածքները փայլուն են, կառուցապատողները մի կերպ ենթակառուցվածքների հարցը լուծում են՝ ջուր, գազ, հոսանք և այլն։ Մարզերում այս վիճակը բարդ է, շատ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի ունենան այդ կոմունիկացիաները։ Եթե ներդրողները փորձեն մարզերում ներդրումներ անել՝ բնակարաններ, տներ կառուցելու համար, դրա համար անհրաժեշտ է պահանջարկ։ Օրինակ, Արարատում մի քանի նախագծեր են իրականացնում, երբ վերլուծություններ ենք անում, հասկանում ենք, որ տեղի բնակիչները պահանջարկ ունեն գույք ձեռք բերելու։ Իսկ կան մարզեր, որտեղ բնակիչները պասիվ են, բիզնես չկա, ենթակառուցվածքներ չկան։ Մարզում շինարարություն անելը նաև մի քիչ թանկ հաճույք է, որովհետև նույն այդ շինանյութը պետք է մարզեր հասցվի։ Եթե մարզերում ենթակառուցվածքները լավը չեն, չկան որևէ նախագծեր, այնտեղ ինչ էլ կառուցեն՝ գնորդ չի լինի»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը։

Տեսանյութեր

Լրահոս