
Եթե 2018թ․ աղետը չլիներ, ամեն ինչ հանգելու էր Արցախի անկախության ճանաչմանը. Տիգրան Թորոսյան
Քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է՝ կարող է ապացուցել, որ Արցախի էջը փակված չէ, ու Ալիևը վախենում է դրա վերաբացումից: Այս մասին նա հայտարարեց «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում:
«Նման բան պնդելու հիմքերից մեկն այն է, որ Ալիևը հետևողականորեն գնաց Մինսկի խումբը փակելու հետևից։ Բացի դրանից, Ալիևը հետևողականորեն գնում է Անկախության հռչակագրին հղումը ՀՀ Սահմանադրությունից հանելուն, որովհետև, կրկնում եմ, Ալիևը վախենում է, որ մի օր ամեն ինչ շուռ կգա։ Վաղն էլ է վախենալու այնպես, ինչպես տարիներ առաջ՝ մինչև 2018-ի իշխանազավթումն էր վնգստում, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իրենք շատ լավ գիտեն, որ Արցախը մեր Հայրենիքն է, և քանի դեռ գեթ մեկ հայ կա, այն մնալու է մեր Հայրենիքը։
Ալիևը մտասևեռում ունի, ուզում է Արցախի հետ կապված ամեն բան ջնջել՝ պատմությունը, հիշողությունը, բայց հիշողությունը, պատմությունը չի՛ ջնջվելու»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մինչև 2018թ․ Ալիևը հասել էր ընդամենը մի բանի, որ այստեղ-այնտեղ բողոքում էր՝ իրեն ճնշում են, բայց ինքն ու իր արտաքին գործերի նախարարը գլուխը կախ ստորագրում էին փաստաթղթեր, որտեղ ասվում էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակում։
«Այնպես որ, մեր խնդիրն Ալիևը չէ։ Ոչ էլ Էրդողանը: Ի՞նչ փոխվեց։ Փոխվեց այն, որ Արցախի հարցն այսօր տեր չունի։ Այսօր Հայաստանի իշխանությունը գործում է Արցախի դեմ։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ իմ զրոյական կետից եմ սկսելու բանակցել, Սերժ Սարգսյանի թողածի հետ գործ չունեմ, բերեց-հասցրեց զրոյական կետի։ Անընդհատ սուտ ու կեղծիք է եղել այս տարիների ընթացքում… Հետևաբար, խնդիրը ՀՀ գործող իշխանությունն է»,- ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահը:
Քաղաքագիտության դոկտորը պնդում է՝ Արցախի ղեկավարությունն աշխարհին պետք է ցույց տա, որ իրենք են Արցախի խնդրի տերը։ Պետք է շատ ակտիվ լինեն։ Իրենք պետք է մեզ առաջնորդեն։
«Եթե 2018թ․ աղետը՝ հակասահմանադրական իշխանափոխությունը չլիներ, ամեն ինչ հանգելու էր Արցախի անկախության ճանաչմանը, որովհետև ով ինչ ուզում է խոսի, փաստաթղթերն այդ էին արձանագրում։ Իրավական փաստաթղթերն այսօր էլ են Արցախի օգտին։ Վերադարձի իրավունքի հիմքում պետք է դնել ինքնորոշման իրավունքը, և դրա տապալումը պետք է դիտարկվի՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: