
Երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են իրենց տարածքը մեծացնել և իրավա-քաղաքական առումով ամրագրել որպես իրենցը․ Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների հետ՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական հասմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր։
Վրաստանի հետ սահման են դելիմիտացնում ու դեմարկացնում դեռ 1996ից, Իրանի հետ՝ 1997ից։ Ու ռուս-ադրբեջանական սահմանի մասին համաձայնագիրը հնարավոր դարձավ 2010-11ին միայն այն դեպքում, երբ ռուսական կողմը գնաց միակողմանի տարածքային ու Սամուր գետի առումով ջրային զիջումների։
Ինչպես ժամանակին իր հարցազրույցներից մեկում նշել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը․ Այո, մենք հող սիրող ժողովուրդ ենք, ի՞նչ խնդիր կա այդտեղ։ Մենք տեր ենք կանգնում յուրաքանչյուր մետր տարածքի համար, որը համարում ենք մերը։ Ի վերջո, աշխարհում որևէ տեղ հող կամ տարածք չի ավելանում, որ մենք մաքսիմալ հետևողական չլինենք այդ հարցերում։
Հիրավի, հող-տարածքը պետության, անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիայի, աշխարհագրական առավելության, լոգիստիկայի և արտաքին ազդեցության ու արժեկշիռի հարց է, սրան-նրան բաժանելու բան չէ։ Ու երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են իրենց տարածքը մեծացնել և իրավա-քաղաքական առումով ամրագրել որպես իրենցը»։