Ի՞նչ է նշանակում՝ զանգե՛ք, ես հարցը կլուծեմ. դա երաշխի՞ք է. Սերգեյ Մանասարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է։

Սերգեյ Մանասարյանը 1993-1994թթ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, 1994-1996թթ՝ ՀՀ կառավարության քարտուղար-նախարարը, 1996-1999թթ.՝ ՀՀ փոխարտգործնախարար, 1999-2004թթ.՝ Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1999-2004թթ համատեղության կարգով ՀՀ  դեսպանն էր Ալժիրում,  2000-2005թթ՝ Մարոկկոյում ՀՀ դեսպան, 2001-2004թթ՝ Եթովպիայում ՀՀ դեսպան, 2001-2004թթ՝ Լիբիայում ՀՀ դեսպան, 2003-2005թթ՝ Սուդանում ՀՀ դեսպան, 2003-2012թթ՝ Օմանում ՀՀ դեսպան, 2005-2010թթ.՝ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2016թթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2016-2024թթ.՝ Չինաստանում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին), 2016-2024թթ.՝ Մոնղոլիայում ՀՀ դեսպան, 2018-2024թթ.՝ Թաիլանդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին): Իր գործունեության ընթացքում նա արժանացել է մի շարք պարգևների և շքանշանների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշան:

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը մտադրությունների արձանագրություն է ուղղակի, ոչ ավելին։ Այն ոչինչ չի պարտադրում։ Ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ է տալիս վաշինգտոնյան այդ Հռչակագիրը, ԱՄՆ-ը որևէ երաշխիք չի տալիս։ Իմ լսածը երաշխիք չէր։ ԱՄՆ նախագահն ասաց՝ խնդիր ունենաք, ինձ կզանգեք։ Դա երաշխի՞ք է։ Ի՞նչ է նշանակում՝ զանգե՛ք ինձ, ես հարցը կլուծեմ… Թե այս փաստաթղթի տակ ի՞նչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ես չեմ կարող ասել»,- ասաց նախկին դեսպանը: Վերջինս նկատեց՝ շատ կուզենար, որ Վաշինգտոնում ստորագրված թուղթը խաղաղություն բերի, բայց խորը համոզված է, որ Միացյալ Արևմուտքից Հայաստան խաղաղություն չի կարող հասնել։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան մեզ խաղաղության երաշխիքներ տալ չեն կարող։

Կարդացեք նաև

«Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո Ալիևի վարքագծում ու հռետորաբանության մեջ ոչինչ չփոխվեց։ Նա հենց Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում կրկնեց իր պահանջները՝ սպառնալիքների հռետորաբանությամբ:

Հայաստանի ղեկավարությունը մեր պահանջները պետք է ներկայացներ, այդ թվում՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների մասով, իսկ թե ինչո՞ւ չարվեց, չեմ կարող ասել։ Յուրաքանչյուր պետություն պիտի տեր կանգնի իր քաղաքացիներին։ Ցավոք սրտի, մենք ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց Սերգեյ Մանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս