Բաժիններ՝

Համաշխարհային աստղի PR-ի բազան այդ աստղի տաղանդն է և աշխատասիրությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որևէ բնագավառում համաշխարհային աստղը իհարկե մեծ PR-ի արդյունք է, բայց այդ PR-ի բազան այդ աստղի տաղանդն է ու աշխատասիրությունը, իր աշխատանքին նվիրվածությունը և անընդհատ մասնագիտական լավ մարզավիճակում գտնվելու մեծ ջանքը:

Երբ հանրությունը երկրպագում է այդ աստղին, և հաճախ ջերմեռանդ, դա գիտակցաբար, կամ ենթագիտակցական մակարդակում երկրպագություն է աշխատանքին, երկրպագություն է պրոֆեսիոալիզմին, երկրպագություն է ջանքին, նվիրումին:

Դրանով են կարևոր այդ աստղերը ու նրանց հանդեպ երկրպագությունը, որն իհարկե կարող է շատ հաճախ ունենալ մոլեռանդության հասնող դրսևորում: Բայց, ընդհանուր առմամբ, մոլեռանդությունը ավելի շատ մարգինալ է, իսկ նրանց հանդեպ մեծ երկրպագությունը՝ հասկանալի և նույնիսկ առողջ հանրային երևույթ:

Առողջ, որովհետև՝ կրկնեմ, առնվազն ենթագիտակցական առումով դա երկրպագություն է հենց այն տաղանդին ու ահռելի աշխատանքին, որ կատարում են նրանք՝ աստղային կարգավիճակի հասնելու և մնալու համար:

Հետևաբար, ընկերներ, երբ օրինակ տարբեր տարիքի մեր շատ հայրենակիցներ, ինչպես գործնականում աշխարհի բոլոր հանրությունների ու ժողովուրդների ներկայացուցիչներ, երկրպագում են Ռոնալդոյին՝ թեկուզ Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ, նրանց մի տվեք հայրենասիրության դասեր:

Նրանք չեն երկրպագում Հայաստանի հավաքականի նկատմամբ Ռոնալդուի հնարավոր հաղթանակը: Նրանք երկրպագում են Ռոնալդուի տաղանդը, աշխատասիրությունը, ջանքը, եռանդը, նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը: Դա պետք է խրախուսել:

Պետք է կարողանալ այդ երկրպագության «շարունակությունը» կառուցել՝ արդեն հասարակական կենսագործունեության տարբեր մեխանիզմներով, վերածելով այդ արժեքները կենսագործունեության մշակույթի:

Դրանով են շատ կարևոր պորտուգալացի Ռոնալդուն, խորվաթ Մոդրիչը, հայ Մխիթարյանը, արգենտինացի Մեսսին, և բազմաթիվ ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային այլ աստղեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս