Փաշինյանը գնում է դեպի Հայաստանի ինտեգրում՝ թուրքական աշխարհում. Քաղաքագետ

Թուրք-ադրբեջանական տանդեմը տևական ջանքերից և հայկական կողմի դիվանագիտական ձախողումներից հետո փակեց 1992 թվականից գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը։ Այս հարթակը համանախագահում էին Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ճիշտ է որակում Մինսկի խմբի ցրման համատեքստում հնչող տեսակետները, որ այսկերպ, փաստորեն, իրավականորեն փակվում է Արցախյան հակամարտությունը։

«Ասվում է նաև, որ դա գրեթե ամբողջությամբ չեղարկում է նորմատիվային բազան։ Ու սա այն է, ինչին Փաշինյանը համաձայնեց։ Նկատենք սակայն, որ երբ նա նախկինում խոսում էր Մինսկի խմբի լուծարման մասին, ասում էր՝ պատրաստ է գնալ այդ քայլին, եթե «խաղաղության պայմանագիրը» կնքվի։ Բայց, ինչպես տեսնում ենք, պայմանագիրը չկնքվեց, իսկ Մինսկի խումբը լուծարվեց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետը նաև այս գործընթացների համատեքստում դիտարկեց ադրբեջանական կողմի վերջին ակտիվացումը բռնազավթված Արցախի Հանրապետությունում։

Կարդացեք նաև

«Մենք միանգամից տեսանք, որ Ադրբեջանը սկսեց Ստեփանակերտում եռակի արագությամբ քանդել հայկական հուշարձանները, արտգործնախարարության շենքը և այլն,- մանրամասնեց նա, ապա անդրադառնալով հարցին, թե ՄԽ լուծարումից հետո ի՞նչ միջազգային մեխանիզմներ կան արցախահայերի հավաքական վերադարձն ապահովելու համար, նկատեց,- Կան միջազգային վեճեր, որոնք սակայն ևս Փաշինյանը փորձում է հետ կանչել Ալիևի ճնշմամբ»։

Այսօր հերթական փաշինյանիզմն էր տարածվել համացանցում. Նիկոլ Փաշինյանը եզրահանգել էր` «Ճի՞շտ է ճանապարհը, թե՞ սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»: Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւր է գնում Փաշինյանը։

Ի պատասխան` քաղաքագետն ասաց. «Փաշինյանը գնում է դեպի Հայաստանի ինտեգրում` թուրքական աշխարհում, և եթե դրա հետևանքով Հայաստանը չլինի էլ, ինքը շարունակելու է այդ ճանապարհը։

Մենք տեսանք, օրինակ, որ իր թիմից դեռ մեկ տարի առաջ հայտարարել էին` ինչո՞ւ, եթե Թուրքիան ուզում է Միջին Ասիա գնալ, մտածում է՝ մեզ ճնշելով պետք է գնա. մենք կաջակցենք։

Այսինքն՝ Հայաստանն ինտեգրվում է Արևելք-Արևմուտք միջանցքում, որտեղ նախկինում դերակատար էր Վրաստանը։ Փորձ կա Հայաստանն ուղղակի պոկել իր շահերից, և դրա ցուցիչներից մեկն էլ այն է, որ ամեն ազգայինը փոխարինվում է պետականով, իսկ հայն էլ ուղղակի վերածվում է անդեմ քաղաքացու։

Ասել է թե՝ հայկական գործոնը չեզոքացվում է հօգուտ Թուրքիայի, որպեսզի Արևելք-Արևմուտք միջանցքն աշխատի։ Վերջինս արվում է նաև որոշ արևմտյան ուժերի պատվերով»։

Տեսանյութեր

Լրահոս