
Իսրայելի և Դանիայի ԱԳ նախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վիճել են Գազայի իրավիճակի շուրջ

Այսօր առավոտյան Երուսաղեմում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ներկայացրել են Գազայի մարդասիրական իրավիճակի հակասական մեկնաբանություններ և տարակարծիք են եղել տարածքից հիվանդների տարհանման հարցում, հայտնում է Times of Israel-ը։
Խոսելով Գազայի մարդասիրական իրավիճակի մասին՝ Սաարը առաջընթաց է նշել։
«Տեղում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Սա այն չէ, ինչ կարող եք գտնել արևմտյան լրատվամիջոցներում, սակայն փաստերն այն են, որ մենք կատարել ենք մեր բոլոր պայմանավորվածությունները [Եվրոպական միության] հետ այս հարցի շուրջ»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով հուլիսին Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Գազայի հատված հումանիտար օգնության հոսքն ավելացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Ավելին, այն բանից հետո, երբ մենք սկսեցինք օգտագործել նաև մարդասիրական միջանցքների և օդից բեռնաթափման քաղաքականությունը, Գազայի հատված հսկայական քանակությամբ ապրանքներ մուտք գործեցին, և դա արտացոլվեց սննդամթերքի գների կտրուկ անկման վրա։ Այսպիսով, այսօրվա իրավիճակն ամբողջովին տարբերվում է մի քանի ամիս առաջվա իրավիճակից»,- ասել է նա։
Սաարը հայտարարել է, որ այսօր առավոտյան ինքը և իր դանիացի գործընկերը պայմանավորվել են համագործակցել մարդասիրական հարցերում, ներառյալ բժշկական տարհանումը։
«Մենք միասին որոշեցինք ստեղծել համատեղ թիմ՝ մարդասիրական հարցերում համագործակցություն հաստատելու համար, տեսնելու, թե ինչ կարող ենք միասին անել, ի թիվս այլ բաների, Գազայից մարդկանց բժշկական տարհանման հարցում»,- նշել է նա։
Իսրայելի ԱԳ նախարարը նաև պնդել է, որ այսօր Եվրոպայում նկատվում է «հակաիսրայելական տրամադրությունների ալիք»։
«Եվրոպան բախվում է անվտանգության խնդիրների և ռազմավարական մարտահրավերների։ Ես կարծում եմ, որ Եվրոպան Իսրայելի կարիքն ունի ոչ պակաս, քան Իսրայելը՝ Եվրոպայի։ Կառուցողական երկխոսությունը չի կարող հիմնված լինել սպառնալիքների և պատժամիջոցների վրա»,- ասել է նա։
Սակայն Ռասմուսենը, կարծես թե, նվազեցրել է Երուսաղեմի կողմից մարդասիրական հարցում ձեռք բերված առաջընթացը։
«Մենք համաձայն չենք որևէ լուրջ առաջընթացի հետ»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ինքը «կրկնել է Դանիայի առաջարկը՝ օգնելու Գազայից հիվանդներին բուժել Արևելյան Երուսաղեմում կամ Հորդանան գետի արևմտյան ափին»։
«Իհարկե, շատ ավելի հեշտ կլիներ, եթե դուք թույլ տայիք տեղափոխել հիվանդներին Գազայից Արևելյան Երուսաղեմ, բայց ես չեմ կարող ձեզ ստիպել դա անել, թեև դա կարող է փրկել շատ կյանքեր»,- նշել է Դանիայի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Գազայի իրավիճակը դեռևս մտահոգիչ է։