Խաղաղության խաչմերուկն ադրբեջանական ծրագիր է. Ադրբեջանի նպատակն է՝ նոր իրողության ամրագրումը և Հայաստանի հրաժարումն իր իրավունքներից. Լիլիթ Գևորգյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը լոնդոնաբնակ վերլուծաբան, Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գևորգյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ամեն ինչ սկսվեց 2020թ․Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ու այն փաստից, որ ՀՀ իշխանությունները սկսեցին խոսել մի օրակարգի մասին, որն ադրբեջանական օրակարգ էր։ Հայաստանյան իշխանության տրամաբանությունն այն էր, որ ստեղծվել է նոր իրավիճակ, ու այս պայմաններում պետք է կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա։ Դա ադրբեջանական օրակարգ է։
  • Կարծում եմ՝ Արցախի հարցով նշաձողն իջեցվեց Հայաստանի իշխանությունների ջանքերով։
  • Ենթադրենք՝ Հայաստանի վրա կա ճնշում, բայց չէ՞ որ նման ճնշումներ նաև նախկինում են եղել… Ե՞վ… նախկինում չեն տրվել այդ ճնշումներին: Եթե նույնիսկ հիմա ճնշումներ եղել են, ապա ՀՀ գործող իշխանությունների որոշումն է՝ ընդունո՞ւմ են այդ ճնշումների տակ նշաձողի իջեցումը, թե՞ ոչ: Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, եթե ուզում էին նշաձող իջեցնել, ուրեմն պետք է փոխեին նախկինում արված իրենց հայտարարությունների բովանդակությունը: 
  • Ես ակնհայտ խզում եմ տեսնում հետևյալ հարցում։ Եթե ռուսական կողմը որևէ կերպ չի բարձրացրել Արցախի կարգավիճակի հարցը, ապա այն չի բարձրացրել նաև հայկական կողմը, որն աստիճանաբար սկսեց դիստանցավորվել Լեռնային Ղարաբաղից։
  • Եթե Հայաստանն իսկապես ուզում էր բալանսավորել հարաբերությունները Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջև, կարող էր ակտիվ աշխատել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, բայց չգիտես ինչու, նա մեջտեղ բերեց Բրյուսելին։ Եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային պրոցեսում ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ակտիվորեն ընդգրկված էին, ԵՄ-ն երբեք նման փորձառություն չի ունեցել։
  • Ռուսաստանի փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն, որովհետև այն, ինչ Փաշինյանը հայտարարեց Պրահայում, նույն տրամաբանությունն էր նաև պատերազմից 1.5 ամիս անց Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում էր նոր իրավիճակի մասին։
  • Խաղաղության խաչմերուկն ադրբեջանական ծրագիր է։ Ադրբեջանը խնդիր ունի ուղիղ կապվել Նախիջևանի հետ։ Ադրբեջանը մտավախություն ունի, որ Նախիջևանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության տակ։ Հիշենք նաև, որ Ադրբեջանը դեռևս պատերազմից հետո վերացրեց Նախիջևանի ինքնավարությունը։ Բացի դրանից, չափից շատ կարևորություն է տրվում Սյունիքին՝ նկատի ունենալով ռելիեֆն ու այլ հարցեր։
  • Ռուսական ազդեցության վերակոնֆիգուրացիան Հարավային Կովկասում դեռևս 2010-2011թթ.-ից է սկսվել։ Հենց այդ ժամանակ սկսեց խախտվել ռազմական բալանսը։ Ռուսաստանի համար ճանապարհների վերահսկողությունը շատ կարևոր է։

Կարդացեք նաև

  • Անհասկանալի է, թե ինչպես է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթում տեղ գտել Հայաստանի մի մարզի՝ Սյունիքի անունը, որը ոչ մի կապ չուներ Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ կոնֆլիկտն արտահանվեց։
  • Եթե համաձայնում են, որ երրորդ երկիրն է վերահսկելու տրանսպորտային ուղիները, ապա դա ինքնին ինքնիշխանության մեծագույն զիջում է։
  • Ինչո՞ւ խաղաղության խաչմերուկը կա Հայաստանում, բայց չկա Ադրբեջանում… Որովհետև Հայաստանն այս կամ այն կերպ արդարացնելու է միջանցքների գոյությունը։
  • Ադրբեջանը բավականին ճշգրիտ քայլեր է անում այն առումով, որ խնդրին փուլային մոտեցում է ցուցաբերում․ սկզբում ստեղծում է իրավիճակ, ապա փուլ առ փուլ ձևակերպում իր պահանջները։
  • Ադրբեջանի նպատակներից մեկը ոչ միայն սահմաններն են կամ անկլավները, այլև նոր իրողության ամրագրումը։ Այսինքն՝ նրանք ասում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր իրավունքներից։ Ադրբեջանի նպատակն է՝ ստեղծել ռեգիոնալ փոքրիկ, թույլ Հայաստան պետություն, որի քաղաքական ռեգիոնալ նպատակները կհարմարեցվեն ռեգիոնի պետություններին։
  • Եթե Ադրբեջանի հետ պայմանագիրը ստորագրվի, Արցախի կարգավիճակի հարցը կփակվի։ Այս իմաստով պետք է պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները Արցախից դուրս եկած այդ ատրիբուտները, անկախ խոչընդոտներից, պետք է ակտիվություն ցուցաբերեն։
  • Հայաստանը պետք է լիովին վերանայի իր քաղաքական ինքնությունը, պետք է նոր հայտ ներկայացնի տարածաշրջանում ու դրա համար գործադրի լրջագույն ջանքեր, որովհետև կա ռեգիոնալ կոնսենսուս, որ այսօրվա թույլ Հայաստանը ձեռնտու է բոլորին։ Եթե Հայաստանն իսկապես ուզում է ստրատեգիկ հարաբերություններ ձևավորել, դրանում մեծ կարևորություն ունի նրա նոր դերը։ Ամենահեշտ ճանապարհը ռեգիոնալ ինտեգրման ճանապարհն է։
  • Խորհրդային սահմանները սահմաններ էին, որոնց մեջ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, երբեք չի ապրել։ Այդ սահմաններն այնքան էլ կենսունակ չեն, եթե դու կոնֆլիկտի մեջ ես, օրինակ, Ադրբեջանի հետ։
  • Արտաքին քաղաքական վեկտոր փոխելու համար պետք է ունենալ օրակարգ։ Հայաստանի իշխանությունները շատ հստակ ձևակերպեցին իրենց օրակարգը։ Դա ռեգիոնալիզմն է, որը ռուս-թուրքական կոնցեպտ է։ Վեկտոր փոխելը հայտարարություններով չի լինում։ Հայաստանի օրակարգը վեկտոր փոխելու մասին չի խոսում։

  • Նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանը շատ ավելի լուրջ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, շատ ավելի խորն էին բանակցությունները Եվրոպայի հետ՝ ստորագրվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, լուրջ աշխատանքներ տարվեցին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր եղան։

(Ընթերցողին հիշեցնենք, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ն, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից):

  • Խառը սիգնալների քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, շատ վտանգավոր քաղաքականություն է։
  • Եթե դու մի անվտանգային համակարգում ես, որը չի աշխատում, դա կարող է բերել վտանգներ։ Ստեղծվում է ասիմետրիկ իրավիճակ։ Դու շատ քիչ լծակներ ես ունենում խոշոր երկրի արտաքին քաղաքականության վրա ազդելու։
  • ՆԱՏՕ-ն միակ պաշտպանական հովանոցը չի, ու պարտադիր չէ, որ լինի միակը։ Հայաստանի համար անվտանգային երաշխիքն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացումն է։
  • Հայաստանը նախկինում ոչմիթիզական չի եղել, բավականին ճկուն զիջումների մասին խոսվել է միշտ։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ուզենար, կհասներ դրան այն ժամանակ։ Բայց նրանք գնացին այլ ճանապարհով։
  • Հայաստանի խնդիրը պետք է լինի ոչ թե բերել զորք, որն իր փոխարեն կկռվի, այլ տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն հաղթել։
  • Հայաստանը չի պարտվել, որովհետև չուներ զենք կամ ուներ թույլ բանակ, Հայաստանը պարտվեց, որովհետև գտնվում էր դիվանագիտական մեկուսացման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս