Նիկոլ Փաշինյանն ասել է՝ որտեղ է ստորագրել 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և ինչ փաստաթուղթ է պատրաստ ստորագրել Սոչիում
2020թ․ նոյեմբերի 9-ի կամ 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագիրը Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեսակոնֆերանսի միջոցով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, դա արել է կադրից դուրս:
Այս ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է ՊՆ բունկերում, այլ տեղեկություններով, այդ ժամանակ նա եղել է օտար երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում:
ՔՊ համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ասել է.
«Մեր գործընկերներից շատերն այդ պահին ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ստորագրել եմ այդ թուղթը: Եվ այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց՝ որպես կապիտուլյացիա: Դրա շուրջ ամբողջ մի շարժում, ասելիքներ կառուցեցին, իսկ հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Պարզվում է՝ այդ փաստաթղթում ձեռքբերումներ էլ կան:
Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, թե իբր ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել:
Սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը երկու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն՝ վերջ, էլ կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա, եթե կա, ուրեմն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ»:
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր փաստաթուղթ է, որտեղ արձանագրված են մի քանի կարևոր փաստեր՝ Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ԼՂ շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխավոր, Լաչինի միջանցքի գոյությունը՝ որպես Արցախ-Հայաստան կապի միջոց, ապաշրջափակման օրակարգը, ԼՂ փախստականների մասը և այլն:
«Այլ հարց է՝ ինչպես է կատարվում այդ եռակողմ արձանագրությունը»,- նշել է Փաշինյանը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա անելիքներին՝ ասելով, որ պատրաստ է Սոչիում ՌԴ առաջարկների հիման վրա 15 կետանոց փաստաթուղթ ստորագրել:
«Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- շեշտել է նա՝ հավելելով, որ համաձայն է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ինքը չի կարող որոշել՝ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։