Ազգային անտարբերությունն արդեն շատ բարձր մակարդակի է հասել. Հովսեփ Նալբանդյան
«Վաղուց գրել եմ մեր ազգային ռազմավարության բացակայության մասին: Ազգային ռազմավարություն, երբ ասում ենք՝ նշանակում է տարբեր ուղղություններով միասնական աշխատել: Ունենք 127 կուսակցություն, իսկ սփյուռքում երեք ազգային կուսակցությունները, դժբախտաբար, բաժան-բաժան են, անհաղորդ ու անզիջող, ու ունենում ենք այսպիսի ցավալի և ծանր իրավիճակ: Չափազանց լավ երիտասարդներ ունենք տարբեր բնագավառներում, բայց երբեք չկարողացանք գիտակցել և այդ ուժը ներդնել Հայաստանում, որովհետև Հայրենիքը պետք է հզորանա բոլորի միասնական ուժով, նոր ձեռագրային աշխատանքով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկահայ գրող, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանը:
Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե Արցախում ստեղծված իրավիճակի առումով սփյուռքահայերը համեմատաբար քիչ են բողոքի ակցիաներ կազմակերպում, մեր զրուցակիցը նշեց. «Ցավալին գիտե՞ք որն է: Օրինակ, ամերիկահայությունը 1 մլն 700 հազար է, և մոտ կեսը բացարձակ կապ չունի հայության հետ: Նույնը Ռուսաստանում է: Ցույցերով ոչինչ չի լուծվում: Հարցը միասնական աշխատանքով քաղաքական նոր որակ բերելու մասին է: Երբ 1000-2000 հոգով բողոքի ակցիա են անում, գրեթե ոչ մի հեռուստաընկերություն չի անդրադառնում: Ոստիկանությունն էլ գալիս, ճամփադ է ցույց տալիս: Բողոքի տեսակ է, բայց ոչ լիիրավ կերպով պահանջդ տեղ հասցնելու միջոց»:
Գրողն ի մտահոգությունը հայտնեց նաև, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները երեխաներին հայկական դպրոցներ քիչ են տանում:
«Շատ ցավալի վիճակում ենք, այնքան ցավալի, որ բառերը բավարար չեն արտահայտելու համար: Սփյուռքում վերջին 40 տարում փակվել է 232 ամենօրյա դպրոց: Իրան, Սիրիա, Լիբանան, Վրաստան. այս 4 երկրում ամենաշատն են դպրոցներ փակվել: Վերջին 5 տարում շատ եմ խոսել այս մասին, բայց նույնիսկ 5 տոկոսը չկարողացանք վերաբացել: Բեյրութում, օրինակ, 3 դպրոց միացրեցին, 1-ը բացեցին: ԱՄՆ-ում ամենօրյա հայկական մի քանի դպրոց փակվեց: Իսկ այն, թե որքան աշակերտ է հաճախում հայկական դպրոցներ՝ ահավոր թիվ է: 100-ից 2.5 տոկոսը: Ամենավատն այն է, որ ՀՀ-ից արտագաղթողներն ի սկզբանե հայկական ամենօրյա դպրոց չեն տալիս, իսկ պատճառներից մեկը նյութականն է. մեկ աշակերտի համար ամսական 800-1100 դոլար է պետք:
Հիմա, սեռափոխության թեմայից հետո, երբ հայտնեցին, որ 12 տարեկան դառնալով՝ երեխան կարող է գնալ բժշկի, ասել, որ՝ տղա եմ, ուզում եմ աղջիկ դառնալ, բազմաթիվ հայ ծնողներ իրենց զավակներին՝ մոտ 500 աշակերտի, հանեցին պետական դպրոցներից և բերեցին հայկական ամենօրյա դպրոց: Հիմա Գլենդեյլում 45 տոկոսը հայ է, ամենօրյա 10 դպրոցի անհրաժեշտություն ունենք: Հոդված էի գրել՝ ընդգծելով, որ պետք է ստեղծենք հայկական միասնական հիմնադրամ՝ դպրոցներին աջակցելու համար. որևէ շարժում չսկսվեց: Մեկ այլ խնդիր ունենք՝ հայապահպանությունը:
Օտար ամուսնությունների թիվը 20 տարի առաջ 21 տոկոս էր, այսօր 44 տոկոս է: Կորցնում ենք 1000-ավոր հայ երիտասարդների. նրանք հեռանում են հայկական ինքնությունից: Գիտեք, Հայրենիքը եթե հզոր լինի, այդ հզորությունը «մարդ կքաշի»: Մեզ մոտ ազգային անտարբերությունն արդեն շատ բարձր մակարդակի է հասել, և դրա համար լուրջ աշխատանք է պետք, որովհետև երիտասարդությունը, երբ չի տեսնում լուրջ, ազգային միասնականությանը սատարող աշխատանք, հեռանում է: Դրա համար պարտությունից պարտության գնացինք»:
Մանրամասները՝ տեսանյութում