«Դատարանները կալանքների մասով այն աստիճանի վատ վիճակի մեջ են, որ կամակատարությունից բացի, ոչինչ չեն կարող անել». Երեմ Սարգսյան

«Ակնհայտ անօրինական, խայտառակ խախտումներով որոշում էր, և, իհարկե, որևէ սպասելիք չկար, որ դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանկարծ կարող է ազատ արձակել Աղվան Հովսեփյանին, որովհետև ի սկզբանե գործը տվել են իրեն այն նպատակով, որ կալանքից չազատի և վերջում էլ մեղադրական դատավճիռ կայացնի»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմանը:

Վերջինս վստահ է՝ սա քաղաքական պատվեր է, որովհետև հենց առաջին կալանավորումը 2021թ. նորից հանձնարարվել էր Մնացական Մարտիրոսյանին, Աղվան Հովսեփյանի բնակարանների խուզարկությունները՝ նույնպես: Երկու տարի անց նորից որոշվում է, որ այս գործը կրկին քննի Մնացական Մարտիրոսյանը ու թողնի կալանքի տակ:

«Իրենք ունեն անձինք, իրենց համար ծայրահեղ վստահելի, և վստահ են, որ նրանք երբևէ անցանկալի որոշում չեն կայացնի: Այսինքն՝ ուրիշ դատավոր չկա, հա՞… Գործն ըստ այբբենական կարգի՝ անընդհատ ընկնում է այս դատավորի մոտ: Մենք դատարանում հիմնավորեցինք, որ դա դիտավորյալ է արվել և ինչպես է արվել: Աղվան Հովսեփյանի մասով կան անձնական շահագրգռություններ, և ինքն էլ է հասկանում, որ որոշիչ կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, երբ իր նկատմամբ ունեն թշնամական հարաբերություններ, նրանք կոնկրետ ուղղվածություն են տալիս գործին»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ բերելով կոնկրետ օրինակներ:

Ըստ նրա՝ նախաքննության փուլում իրենք հաճախ են լսել, որ էլեկտրոնային մակագրման համակարգի բանալիները հատուկ չեն տրվում, մինչև գործն ուղարկեն դատարան՝ մակագրվի:

«Հետո իմացանք, որ բանալիները տրվել են, բայց չեն գործարկում: Ու ե՞րբ գործարկեցին. դատական նիստից անմիջապես մեկ օր անց: Բայց մինչ այդ մակագրությունը կատարեցին, ոնց ուզեցին, տվեցին Մնացական Մարտիրոսյանին, նոր դրանից հետո գործարկեցին: Ընդ որում, մենք նիստի ժամանակ այդ հարցը բարձրացրեցինք: Ո՞նց կարող է 42 օր այդ համակարգի բանալիները լինեն, ու այն չգործարկվի»,- նշեց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը տարօրինակ է համարում, որ ձեռքով մակագրումն ընդունելի են համարում, մինչդեռ, երբ իրենք Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) հարցում են ուղարկում՝ կա՞ արդյոք մակագրման ընթացքը ստուգելու հնարավորություն, իրենց ասում են՝ մեր իրավասություններից դուրս է, մենք այստեղ անելիք չունենք: Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաև նախաքննության որակին ու դատախազական վերահսկողությանն այս գործի նկատմամբ:

«Բա կարելի՞ էր այս գործով, Հանրապետության նախկին գլխավոր դատախազի գործով նման որակի գործ տանել դատարան: Ամբողջ ՀՀ Գլխավոր դատախազությունը հսկողություն է անում ՀՔԾ-ի քննած գործի նկատմամբ, գործ ունենք երկու հսկայական հզոր կառույցի հետ, ու էս տիպի գո՞րծ դատարանում…»,- տարակուսեց փաստաբանը՝ հավելելով՝ դատախազներն ունեն լուրջ գիտելիքներ, բայց չունեն փաստարկներ, որ ներկայացնեն:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատական նիստին Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ասել է՝ իզուր է այսքան լսում այստեղ բերվող փաստարկները, միևնույն է, մի որոշում է կայացնելու:

«Ասում էինք՝ դու արդեն որոշել ես, գնալու ես, գրես՝ այս փուլում ևս, քանի որ ինքը նախկինում պաշտոն է զբաղեցրել, կազդի դատավարության մասնակիցների վրա: Որոշման մեջ Մնացական Մարտիրոսյանը բառացի, ինչ որ ասել էի դատական նիստի ժամանակ, գրել էր»,- ասաց պաշտպանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ նախաքննական մարմինը չմիջնորդեց երկարացնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանքը, Երեմ Սարգսյանը նախ ներկայացրեց իրավիճակը:

«Ծայրահեղ ցավալի է, որ դատավորի կալանքները երկարացնում են դատարանները, քննչական մարմնի՝ չերկարացնելու միջնորդություն ներկայացնելու դեպքում միայն դատավորն ազատ արձակվեց: Տեսնում ենք, որ դատարաններն այս պահին կալանքների մասով այն աստիճանի վատ վիճակի մեջ են, որ իրենք ուղղակի ոչինչ չեն կարող անել, բացի կամակատարությունից: ԱԱԾ-ն ներկայացրել է միջնորդություն: Դավիթ Արղամանյա՛ն, Մնացական Մարտիրոսյա՛ն, դուք ո՞նց կարող եք չկալանավորեք: Սիմոնյան Տիգրան, դո՞ւ ոնց կարող ես ազատ արձակել: Ու իրենց դրած պրոֆեսորի տեղ… Սիմոնյան Տիգրանը «Քրեական օրենսգրքի» համահեղինակն է, դասախոսում է: Եկեք տեսնենք՝ քո գրած դատական ակտում քրեաիրավական վերլուծությունն ի՞նչ խայտառակության մասին է խոսում, ու դրանից հետո դու պիտի դասավանդե՞ս ուսանողներին… Ամոթ չէ՞…»,- ասաց փաստաբանը:

Նա երկու տարբերակ առաջ քաշեց՝ նախ նշելով, որ եթե ԱԱԾ-ն Բախշիյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացներ, այն անպայման երկարացվելու էր:

«Պետք է արժանին մատուցեմ ԱԱԾ-ին: Ինչքան էլ որ կալանավորումն իրենց միջոցով եղավ, այնքան էլ իրենց միջոցով չեղավ երկարացումը: «Ինչո՞ւ չարեցին» հարցն ինձ էլ է հետաքրքրել, և փորձեցի վերլուծություն կատարել, որ ԱԱԾ-ն հասկանալով գործի էությունը, հասկանալով, որ, այնուամենայնիվ, չհաստատվեց այն, ինչ որ կասկածում էին, որոշեց կալանքի երկարացման միջնորդություն չներկայացնել: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ գործում ոչինչ չկար, և ԱԱԾ-ն սխալ տեղեկատվություն ուներ, որը կարծիք էր ձևավորել դատավորի՝ հանցագործություն կատարելու մասին: Հիմա պարզել են, որ իրենց տեղեկությունը սխալ է, ու չեն միջնորդել երկարացնել կալանքը»,- նշեց նա:

Ըստ նրա՝ անկախ պատճառներից, թե ինչ են արել, բոլորը հասկանում են, այդ թվում՝ կալանքը հաստատող դատավորները, դատավորներն ու ԱԱԾ-ն, որ սա խայտառակ, ակնհայտ ապօրինի կալանավորում է:

Դիտարկմանը, որ ԲԴԽ-ում հանգիստ են քնում, ու եթե մի օր հնարավորություն լինի բացահայտել գործի հանգամանքները, բոլորը կտեսնեն, որ իրենք ճիշտ են եղել, Երեմ Սարգսյանն ասաց.

«Ես մեծ սիրով այդ խոսքերն ասողի հետ հրապարակային կբանավիճեմ և կլսեմ իր փաստարկները: Երբ խոսում են փաստարկի մասին, դա պետք է ԲԴԽ-ի կայացրած որոշման մեջ լինի: Եթե ԲԴԽ-ի որոշման մեջ չկա, դու մտքումդ ինչ ունես, ընկե՛ր, տար ձեր տուն: Դա օրենքի և իրավաբանության հետ կապ չունի: Եթե կա փաստարկ, դա պետք է լինի որոշման մեջ: Որոշման մեջ ընդամենը մի փաստարկ կա, որը կրկին սուտ է»,- ասաց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած հղի կնոջ դեպքի մասին: Խնդրեցինք մեկնաբանել՝ ի վերջո, պե՞տք է ավտոշարասյունը կանգներ, թե՞ իրավունք չուներ կանգնելու, ինչպես պնդում ու շրջանառում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն ու իշխանական մամուլը:

Նա նախ նշեց՝ ինքը հեռու է այն մտքից, որ պատկան մարմիններն ուզում են օբյեկտիվ քննություն իրականացնել, դրա համար էլ կալանավորման միջնորդություն են ներկայացրել: Սա լինելու է ուղղակի աչքփակոցի: Որոշակի ժամանակ այս մոտեցումը կպահեն, հետո ազատ կարձակեն:

«Ես կողմ են օբյեկտիվ քննություն կատարելուն, որի արդյունքում կորոշեն՝ կալանավորե՞ն, թե՞ ազատ արձակեն վարորդին: Բայց երբ ասում են՝ չպետք է կանգնի շարասյունը, իսկ ո՞ր նորմով են ղեկավարվում՝ բարոյակա՞ն, իրավակա՞ն… Ո՞ր նորմն է իրենց հուշում, որ չպետք է կանգնի: Սա խայտառակ պատասխան է: Այսինքն՝ քո երկրի քաղաքացուն քո շարասյունը գցում է մեքենայի տակ… Այս պահին ցանկացած նորմալ մարդու մտքում ուրիշ ոչինչ չի առաջանում, ոչ էլ օրենքն է գալիս մտքին, մի միտք է գալիս՝ ես անձին գցել եմ մեքենայի տակ, պետք է միանգամից օգնություն ցուցաբերեմ: Ու եթե այսօր կասեն, որ այդ անձի կյանքն ավելի քիչ արժեք ուներ, քան երկրի վարչապետի կյանքը, որովհետև վարչապետի կյանքին վտանգ կարող է սպառնալ, եկեք չկանգնենք, ի՞նչ է նշանակում՝ թող անձը մահանա՞… Այդ որտե՞ղ եք դուք որոշել, որ կյանքերը տարբեր են…

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս