Բաժիններ՝

Ավելի հեշտ է ապրել ամեն տեղ ինչ-որ ականջներ տեսնելով. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.

«1998-ից մինչև 2007 թվականը Ռոբերտ Քոչարյանը, նրա կողմնակիցները և քարոզիչները բոլոր ընդդիմադիրների (նույնիսկ Արկադի Վարդանյանի) հետևում տեսնում էին ՀՀՇ-ի ականջները: Այդ ականջները ձեռնտու էր տեսնել, որովհետև հասարակության մի մասի մոտ պահպանվել էին ՀՀՇ-ի իշխանության հետ կապված բացասական էմոցիաները: Երբ, ասենք, խոսում էր Ստեփան Դեմիրճյանը, քարոզիչներն իսկույն ասում էին, որ դրանք պարոն Դեմիրճյանի մտքերը չեն, որ իրականում նրա վարքագիծը հուշում է «նախորդ հանցավոր ոեժիմը»: Հիմա ԲՀԿ-ի հետևում ոմանք տեսնում են երկրորդ նախագահի «ականջները»:

Որոշ «պատմական հիմքեր» դրա համար կան` կուսակցությունը և նախորդ գումարման պատգամավորական խմբակցությունը ձևավորվել են այն ժամանակվա նախագահի գործուն մասնակցությամբ: Բայց ընկալել և մեկնաբանել ԲՀԿ-ի ցանկացած քայլ այդ «ականջների» համատեքստում` կամ մոլորություն է, կամ էլ դարձյալ քարոզչական հնարք:

Պարզ է, որ հիմա գնում է քաղաքական կոնսուլտացիաների ակտիվ փուլ: Բանակցում են նաև Վարդան Օսկանյանն ու Լևոն Զուրաբյանը: Վերջինս ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ ո՞ւմ է ներկայացնում Օսկանյանը: Ո՞ւմ է նա զեկուցում բանակցությունների արդյունքների մասին: Ես հակված եմ մտածելու, որ` հիմնականում Ծառուկյանին, որովհետև հենց իր կուսակցության նախագահն է հնարավոր առաջադրվող թեկնածուն:

Ուրիշ հարց, որ այդ բանակցություններում, հնարավոր է, շոշափվում է «Քոչարյանին չկպնելու» պայմանը: Դա կարելի է ենթադրել նրանից, որ վերջին 2-3 ամիսներին ՀԱԿ-ականների ելույթներում Քոչարյանի թեման (նույնիսկ Մարտի 1-ի մասով) զգուշորեն շրջանցվում է: Բայց դա բավարար հիմք չէ` «ականջների մասին» խոսելու:

Ընդհանրապես մեր քաղաքական գործիչներն ու մեկնաբանները, իմ կարծիքով, չափից դուրս տարված են ամեն ինչի տակ խորը ենթատեքստեր, երբեմն նաև` դավադրություններ փնտրելով: Եթե նրանց լսես, ապա աշխարհը տիկնիկների ինչ-որ հավաքածու է, որոնց վերևից թելերով ղեկավարում են տիկնիկավարները, վերջիններիս էլ` ավելի խոշոր տերերը: (Նրանց համար օգտագործվում է «աշխարհաքաղաքական կենտրոններ» ամպագոռգոռ անունը): Իրականում ամեն ինչ մի կողմից` շատ ավելի պարզ է` մարդկանց, նրանց խմբերի և քաղաքական ուժերի վարքը սովորաբար չունի այդքան խորը պատճառներ, մյուս կողմից` ավելի բարդ է` ինքնուրույն գործող միավորների համադրությունը դժվար է խցկել ինչ-որ օրինաչափության մեջ:

Իհարկե, ավելի հեշտ է ապրել ամեն տեղ ինչ-որ ականջներ տեսնելով: Բայց աշխարհի նման պատկերը, ինձ թվում է, հեռու է աոողջ ընկալումներից: Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգի տողերը` «այդ ամենը հնարել է Չերչիլը 18 թվականին»: Այդ երգը, եթե չեք մոռացել, հոգեբուժարանի մասին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս