«Մենք ունենք բուրժույների կառավարություն»

Ասում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը

– Պարոն Բագրատյան, ո՞րն է պատճառը, որ Ձեր կողմից ներկայացված օրինագծերը պարբերաբար մերժում են:

– Մերժվում են, որովհետև դրանք ճիշտ օրենքներ են, հասարակության զարգացման տրամաբանությանը համապատասխանում են: Կա տարբերություն իշխանության և Հայաստանի միջև: Դա վկայում է ոչ թե այն, որ մենք ոչ պրոֆեսիոնալ մակարդակով իշխանություն ունենք, այլ խնդիրն ավելի խորն է:

Իշխանությունը լավ էլ գիտի` որտեղ են խնդիրները, պարզապես նրա բնույթն այս պահին հակաժողովրդական է:

Երբ ես ասում եմ` իշխանություն, դա կարող է լինել նախագահը կամ խորհրդարանական մեծամասնությունը կամ կառավարությունը: Դա արդեն կարևոր չէ: Եթե անգամ պարզվի, որ ամենամեծ չարությունը հենց կառավարությունն է, դա որևէ նշանակություն չունի: Դա ներկայիս իշխանության կառավարությունն է:

– Ո՞րն է վերջին օրինագիծը, որ ներկայացրել եք ԱԺ:

– Վերջին օրինագիծը կապված էր նրա հետ, որ երբ գործարանները մթերումներ են կատարում, ապա այդ գյուղմթերքների վերամշակման արդյունքում առաջացած թափոնները պետք է հաշվառվեն հարկային մարմինների կողմից: Մասնավորապես, գործարանը մթերում է 100 տոննա խաղող, գրում են` 200 տոննա:

Դրանով բարձրացնում են ինքնարժեքը, շահույթ ցույց չեն տալիս։ Դա շահավետ է նաև պետությանը, որովհետև ՀՆԱ-ն արհեստականորեն աճում է: Մինչդեռ, երբ խաղողը կամ պոմիդորը մթերում ես, առաջանում են թափոններ։ Այդ թափոնների առկայությունը թույլ կտա դատել` իրականում այդքան մթերում եղե՞լ է, թե՞ ոչ:

– Օրերս ներկայացրել եք ևս երկու օրինագիծ: Դրանք ի՞նչ օրինագծեր են:

– Նոր նախաձեռնություն ներկայացրեցինք: Մենք դեմ էինք Կուտակային կենսաթոշակային հիմնադրամին, նրանք զոռով անցկացրեցին այդ օրենքը: Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված է կանոնադրական մեծ կապիտալ` առնվազն 500 մլն դրամ:

Դա նշանակում է, որ միայն իրենց մարդիկ կլինեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ, մենք առաջարկում էինք իջեցնել կանոնադրական կապիտալի չափը` մինչև 100 մլն դրամ: Ասենք, Երևանի պետական համալսարանը թող ունենա իր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչը: Այդ բիզնեսն էլ մի խլեք մարդկանցից: Այդ նոր նախաձեռնության իմաստը սա էր: Ես մոտ օրերս այս մասին կասեմ իմ ֆեյսբուքյան էջում:

Մյուս նախաձեռնությունը հասարակ կարճ օրենսդրական նախաձեռնություն է: Ըստ այդ օրինագծի, հարկավոր է արգելել հանքարդյունաբերության մեջ օֆշորային ընկերությունների գործունեությունը: Այսինքն` անհայտ ծագումով կապիտալ հանքարդյունաբերության մեջ չպետք է լինի:

– Եկամտային հարկի մասին օրենքում կատարվող փոփոխության մասին օրերս նշեցիք, որ դա փոթորիկ է մի բաժակում: Ինչո՞ւ եք նման համեմատություն արել:

– Այդ օրենսդրական փոփոխությունը աննկարագրելի սխալ է, որը կապված է այն բանի հետ, որ սոցիալական հարկը միացնեն եկամտային հարկին, լինի մի հարկ, ու կամաց-կամաց պետական թոշակային համակարգը վերանա, թոշակը դառնա այդ պայմաններում նպաստ, և ճանապարհ բացվի կուտակային կենսաթոշակային հիմնադրամի համար։

Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրեն: Նույն բանն էլ տեղի ունեցավ 2005թ., երբ լրացել էր իր` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իրեն չէին ցանկանում կրկին նշանակել այդ պաշտոնում։

Նա հանրապետության ղեկավարին մասնակից դարձրեց բանկային գործին: Այսինքն, վարչապետը, օգտագործելով հանրային ռեսուրսը, կաշառում է իշխող վերնախավին: Ուրիշ բան այդ «ռեֆորմներում» չկա: Սակայն մեզ դա մատուցվում է` որպես ռեֆորմ:
Մյուս թերությունը մենք քիչ առաջ տեսանք. երբ մենք ունենք 350-400 հազար դրամ աշխատավարձ ֆինանսական ոլորտում և ունենք չնչին աշխատավարձ` նվազագույնին մոտ, ոչ ավել, ասենք, նույն այս ԱԺ-ում: ԱԺ-ում մենք ունենք, ասենք, 40.000 դրամ աշխատավարձ ստացող հավաքարար, նույն հավաքարարը Կենտրոնական բանկում ստանում է 8-10 անգամ ավելի:

Ընդհանրապես պետական հատվածում միջին աշխատավարձը 2011-ին եղել է 92 հազար դրամ, իսկ ֆինանսական ոլորտում պետությունը վճարել է 556 հազար դրամ։ Մենք առաջարկեցինք վերաբաշխել: Կիրառել սանդղակ և պրոգրեսիա անել: Այսինքն` ով շատ է ստանում աշխատավարձ, թող շատ էլ հարկի տոկոս տա: Սա, ըստ էության, իրենց քայլերի շարունակությունն է։

– Կառավարությունն ասում է, որ իրենք արդեն արել են այդ քայլը՝ ներմուծել են պրոգրեսիվ հարկման մեխանիզմը։

– Այո, կառավարությունն ասում է, որ իրենք դա արել են, բայց իրականում արել են ծիծաղելի ձևով: Ըստ իրենց հաշվարկի, ով ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ, նման անձանցից շատ են հարկում: Բայց 2 մլն դրամը Հայաստանին բնորոշ աշխատավարձ չէ: Մենք առաջարկում ենք իրական պրոգրեսիվ սանդղակ։

Դրա համաձայն, ամսական մինչև 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում հարկի դրույքաչափը կկազմի 24.4%, 100- 300 հազար դրամի դեպքում՝ 24.400 դրամ` գումարած 100 հազար դրամը գերազանցող գումարի 27%-ը։ Նման տարբերակմամբ առաջարկում էինք 300 հազարից 750 հազար դրամի համար կիրառել 30%, 750 հազար 1.5 միլիոն համար՝ 33%, մինչև 5 միլիոնի համար՝ 36%, և 5 միլիոնը գերազանցելու դեպքում՝ 40%։ Որոշ ոլորտներ քիչ հարկվելու պատճառով ստացել են առավելություն: Իրենցից ավելի շատ հարկ վերցրեք, բերեք տանք թոշակ, նվազագույն աշխատավարձ ցածր վարձատրվողներին: Մի փոքր աղքատությունը կրճատվի, սոցիալական բևեռացումը կթուլանա: Այդ է պատճառը, որ երկար տարիներ նոր սանդղակը կառավարության ընդունելու դեպքում տեղի կունենա հարստության էլ ավելի բարձր աստիճանի կոնցենտրացիա:

– Իսկ ի՞նչ տվեց նվազագույն աշխատավարձի 2500 դրամով բարձրացումը:

– Դա վիրավորական է՝ բարձրացնել աշխատավարձը 2500 դրամով: Ասում եմ, մենք ունենք բուրժույների կառավարություն: Իրենցից գրեթե յուրաքանչյուրն ունի բիզնես: Նրանք ժողովրդի կամ գործավորների մասին չեն մտածում:

– Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը գնահատել են ՀՆԱ-ի 35%-ից բարձր: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է նրանց գնահատականն իրատեսական:

– Աշխարհում ստվերային տնտեսությունը գնահատում են Blumberg-ը և Business Week-ը: Հայաստանի համար ինձ հայտնի վերջին գնահատականը 51,7% է:

– Ըստ ԱՄՀ փորձագետների, ստվերային տնտեսության ամենամեծ պատճառը բիզնես միջավայրի որակն է, մինչդեռ «Doing Business 2013»-ի համաձայն` Հայաստանը բարելավել էր իր դիրքերը 18 կետով: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

– Doing Business-ը գնահատել էր ցուցանիշներից մեկով: Մյուս ցուցանիշներով մենք հետամնացություն ունենք: Մի խաբվեք այն ցուցանիշով, որը գովազդում է կառավարությունը: Ընդհանուր առմամբ մենք այդ ցուցանիշը վատացրել էինք, հետո մի փոքր հետ ենք բերել վատացրածը: Այսպես կոչված, բարելավման արդյունքում Doing Business-ի համալիր ցուցանիշն ավելի վատ է, քան 5 տարի առաջ: Մենք ունեցել ենք 1 քայլ առաջ, երկու քայլ հետ:

– Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս Հայաստանի բանկային համակարգը բնորոշեց` որպես «հզոր համակարգ»։ Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ։

– Հայաստանի բանկային համակարգը շատ վատն է` միջինից էլ վատը։ Պարզապես նրա վատը չի երևում, որովհետև ունենք այնպիսի օրենքներ, որ որքան փող կա, կարիք լինի թե չլինի, գնում է բանկային համակարգ:

– Ըստ ԱՄՀ զեկույցի, Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2012թ. կանխատեսվում է 3.9%, իսկ 2013թ.` 4%` Մինչդեռ կառավարությունն այս տարվա վերջին նախատեսում է 7.1% աճ, հաջորդ տարի՝ 6.2%։ Այս կանխատեսումներից որո՞նք են ավելի իրատեսական։

– Իրենց հարցրեք: ՀՆԱ-ի աճին մենք չենք հավատում, որովհետև ՀՆԱ-ն 40% հավելագրումներով են գրում: Վիճվարչությունը նկարում է:

Տեսանյութեր

Լրահոս