«ՌԴ մուտքի արգելքի թեման առանձնացնել՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների խնդիր, սխալ է…»․ Վարդան Տողանյան
«Անորոշության են մատնված նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Ղազախստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան և չեն կարողանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաներին, Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիներին, որոնք ցամաքային ճանապարհով են ցանկանում վերադառնալ հայրենիք։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՌԴ մեկնելու անհնարինությունից դժգոհ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ օգոստոսի 12–ից սկսած բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության և այլ գերատեսչությունների առջև, սակայն ոչ մի հստակ պատասխան չեն լսում իշխանություններից, չնայած, որ բազմաթիվ նամակներ են ուղղել Արտգործնախարարությանն ու կառավարությանը։
Նրանք մի քանի հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ով հավաստիացրել էր, որ ռուսական կողմի հետ աշխատանքներ են տարվում, սակայն որոշումը պետք է լինի ռուսական կողմինը։
Շաբաթներ շարունակ ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, որոնք առաջացել են Հայաստանում ստիպված մնալու հետևանքով՝ մեկի ընտանիքն է մասնատվել, մյուսի գումարն է վերջացել, մեկը ապրելու տեղ չունի, մեկն այստեղ աշխատանք չի գտնում։
Նրանց իսկ խոսքով, իրենք մատնված են անորոշության։ Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներից մեկն ասաց․ «Մենք տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել՝ նախարարի, պատգմավորների, ոչ մի առաջընթաց չկա, մենք խնդրում ենք պարոն վարչապետին, 10 րոպեով թող գա, ինչ-որ հույս տա, մենք ԵԱՏՄ անդամ ենք, չէ՞, տեղաշարժի առավելություն ունենք, կորոնավիրուսի թվերն իջել են, ինչո՞ւ լուծում չի լինում: Թող ինքն իջնի, մեզ էլ ոչ ոք չի հետաքրքրում: Մեզ ասում են` սպասեք, ինչքա՞ն սպասենք: Ասում ենք՝ ընտանիքները բաժանվել են, ասում են՝ թող էնտեղ մնացածները գան, եթե գան, կարո՞ղ են նրանց այն եկամուտն ու աշխատավարձը տան, ինչ-որ Ռուսաստանում են ստանում, իհարկե ոչ»:
Ըստ քաղաքացու, իրենք խնդրում են մեկ լուծում՝ կա՛մ սահմանները բացվի, կա՛մ ինչ-որ տրանզիտ ճանապարհ լինի:
Օրերս էլ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էր անդրադարձել Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին՝ հղում կատարելով ՌԴ կառավարության մարտի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանափակումների պայմաններում կարող են այցելել ՌԴ։
«Դրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ-ում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև՝ ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Նշեմ, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է ՌԴ-ի հետ աշխատել՝ ինչպես ՀՀ-ՌԴ կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ՝ ՌԴ-ՀՀ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքները շարունակվում են, և, ցավոք, այս պահի դրությամբ հստակ ժամկետներ չեմ կարող հայտնել»,- ասել էր Նաղդալյանը։
Նշենք նաև, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ շուրջ երկու տասնյակ քաղաքացի մնացել էին Վերին Լարսի ռուսական կողմի անցակետում։ Նրանք պահանջում էին իրենց թույլ տալ հայրենիք վերադառնալ Վրաստանի տարածքով և սեփական մեքենաներով, սակայն այս հարցը ևս լուծում չի ստանում։
Դեսպան Տողանյանն առանձնացրեց Վերին Լարսի խնդիրը՝ նշելով, որ Վերին Լարսի անցակետը փակ է միմիայն այն պատճառով, որ Վրաստանն իր տարածքով տարանցիկ փոխադրումները դեռ արգելում է, այսինքն՝ Վրաստանի տարածքով թույլատրվում են միմիայն բեռնափոխադրումները։
Նրա խոսքով, Հայաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքացու տարանցիկ մուտքն ու ելքը Վրաստան արգելված է, սա Ռուսաստանի Դաշնության կամ ՌԴ կառավարության որոշումների հետ կապ չունի։
Ինչ վերաբերում է ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին՝ դեսպան Տողանյանն ասաց, որ մարտի 27-ի ՌԴ կառավարության որոշումը, որը պայմանավորված կորոնավիրուսով՝ այլ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ արգելում է, որևէ փոփոխության չի ենթարկվել։ Նրա հստակեցմամբ՝ այն քաղաքացիները, որոնք կարող են համապատասխան գործիքակազմի պարագայում մուտք գործել ՌԴ, փոփոխության ենթարկվել է, բայց ընդհանուր արգելքը հանված չէ, և սա՝ ոչ միայն Հայաստանի դեպքում։ Դեսպան Տողանյանն ակնարկեց, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ կա մոտեցում, որ սա ներհայաստանյան խնդիր է, ինչն այդպես չէ, սա ներհայաստանյան խնդիր չէ, ոչ էլ կապված է հայ-ռուսական հարաբերությունների հետ։
«ՌԴ մուտքը նույնկերպ արգելված է ԱՊՀ բոլոր երկրների քաղաքացիների, ԵՄ երկրների, Չինաստանի, մի շարք երկրների համար, այսինքն՝ ընդհանուր առմամբ մուտքը բացված է 6-7 երկրների համար, այն էլ՝ համապատասխան սահմանափակումներով է բացված, խոսքը Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Արաբական Էմիրությունների մասին է։ Ուստի այս թեման առանձնացնել՝ որպես խնդիր հայ-ռուսական հարաբերություններում, սխալ է, ընդհանուր կարանտինային իրավիճակով է պայմանավորված։ Շարունակվում է փոխգործակցությունն այս առումով և ավիացիոն իշխանությունների, և Առողջապահության նախարարության, և Ռոսպոտրեբնոդզորի, մեր, ԱԳՆ-ի կողմից, այսինքն՝ բանակցությունները շարունակվում են սահմանափակումները թուլացնելու ուղղությամբ, իսկ թե երբ կունենանք կոնկրետ տեղեկություններ սահմանափակումների թուլացման մասով, երևի թե շուտով պարզ կլինի, բայց նորից եմ ասում՝ սա առանձին հարց չէ հայ-ռուսական օրակարգում, սա նշելը կարևորում եմ, որովհետև սա այլ հարց է»,- ասաց Տողանյանը։
Մեր դիտարկմանը, թե Հայաստանի մասով, որը Ռուսաստանի համար առանձնահատուկ գործընկեր է, թեթևացումներ չե՞ն կարող լինել, դեսպանն արձագանքեց՝ ասելով, որ առանձին երկրների հետ որոշումներ կայացված են։
«Միգուցե հնարավոր է, բայց այս պահին առանձին կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Նույնիսկ ՌԴ քաղաքացիներն արտերկրում, այդ թվում՝ ՀՀ-ում, մեր տվյալներով՝ մոտ 15 հազարից ավելի, Ռուսաստան հետ գալու խնդիրներ ունեն, և սա միայն մեր քաղաքացիներին չի վերաբերում»,- ասաց Տողանյանը։
Խոսելով քաղաքացիների կոնկրետ բողոքներից, որ մատնված են անորոշության՝ դեսպան Տողանյանն ասաց, որ ոչ միայն այս մարդիկ են անորոշության մատնված, անորոշության են մատնված նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Մոլդավայի քաղաքացիները։ «Ղազախստանը 74 հազար ուսանող ունի Ռուսաստանում, 74.000 քաղաքացու մուտքը ՌԴ սեպտեմբերի մեկից նույնպես անորոշության է մատնված, միայն ՀՀ քաղաքացիների հարցը չէ, պարզ չէ, թե երբ կվերագործարկվի սահմանների փոխադարձ բացման հարցը։ Բայց կա խնդիր, խնդրի շուրջ բանակցում են, տեսնենք, թե երբ ՌԴ-ն որոշում կընդունի բացելու իր սահմանները։ Կառավարության՝ ԱԳՆ-ի, Առողջապահության նախարարության, մեր կողմից շարունակվում են բանակցությունները»,- նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։