«Բանկերի՝ շոկերին դիմակայելու ունակությունը շարունակում է բարձր մնալ». ԿԲ-ն ամփոփեց 2019թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»

ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, ամփոփելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»՝ հայտնեց, որ 2019 թվականը բավականին հաջող տարի էր թե՛ ընդհանուր տնտեսական զարգացման, թե՛ ֆինանսական զարգացման առումով, և, որ 2019 թվականին շարունակվել են 2018 թվականի ֆինանսական հաշվետվության մեջ ներառված միտումները:

«Բանկերը ցուցաբերել են կայուն աճի միտում՝ շարունակական, արդեն վերջին մի քանի տարիների ընթացքում՝ 2018 թվականից հետո: Խոսքը վերաբերում է թե՛ ակտիվներին, թե՛ պարտավորություններին, կապիտալին, ներգրավված ավանդներին: Մենք ունեցել ենք բավական լավ դինամիկա վերջին մի քանի տարիներին՝ ներառյալ 2019 թվականը»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ նախորդ տարվա հաշվետվությունն ուսումնասիրելիս կարելի է առանձնացնել տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավականին մեծ աճը, հիպոթեքային ոլորտի աճը: Անդրանիկ Գրիգորյանը հայտնեց, որ ԿԲ-ն շարունակաբար  մոնիտորինգ է իրականացնում, որ այդ զարգացումները ռիսկեր չստեղծեն թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բանկերի համար:

«Հիմնական փոփոխությունները, որ մենք կարող է անենք, և որոնք դիտարկվում են այս պահի դրությամբ, վերաբերում են հատկապես պարտքի բեռի կտրուկ աճի սահմանափակմանը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ մենք չունենանք ֆինանսական դժվարություններ հետագայում պարտքերի սպասարկման առումով»,- նշեց Ա. Գրիգորյանը:

2019 թվականին, ըստ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենի, շարունակվել է բավական բարձր մնալ բանկերի՝ շոկերին դիմակայելու ունակությունը, որում դերակատարում է ունեցել բավական բարձր կապիտալի համարժեքության ցուցանիշը, բանկերը շարունակել են ունենալ մեծ իրացվելիություն: Հենց մեծ իրացվելիությունն էլ, ըստ Անդրանիկ Գրիգորյանի, հնարավորություն է տվել բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին՝ առաջիններից մեկը կամավոր արձագանքել կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական համակարգում և տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական երևույթներին:

«Ռիսկերը գտնվել են կառավարելի մակարդակում, մենք կարողացել ենք գնահատել այն պոտենցիալ զարգացումները, որոնք կարող էին տեղի ունենալ ֆինանսական համակարգում, և համապատասխան  գործիքների միջոցով փորձել ենք ըստ արժանվույն գնահատել և արձագանքել բանկային համակարգին և ընդհանուր ֆինանսական համակարգին»,- հավելեց Անդրանիկ Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս