Բաժիններ՝

«Սկզբնական շրջանում Իսպանիայի կառավարությունը թույլ տվեց մի քանի սխալ, որոնք ճակատագրական եղան կորոնավիրուսի արագ տարածման առումով». Հայր Շնորհք Սարգսյան

Իսպանիան աշխարհում Covid 19-ով վարակակիրների թվով երկրորդն է. վարակման դեպքերի թիվն այստեղ հատել է 247 հազարը, մահերի թիվը՝ 25 հազարը: Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, սակայն, որ որոշ վերլուծական կենտրոնների պնդմամբ՝ իրականում Իսպանիայում համավարակի պատճառով մահացածների թիվն անցնում է հիսուն հազարը:

Անդրադառնալով Իսպանիայում համավարակով պայմանավորված իրավիճակին՝ նա հայտնեց՝ համավարակի կանխարգելման սկզբնական փուլում իսպանական կառավարությունը թույլ է տվել սխալներ: «Իսպանիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն էր, ուր շատ արագ տարածվեց այս համավարակը:

Սակայն պետք է նշել, որ սկզբնական շրջանում իսպանական կառավարությունը թույլ տվեց մի քանի սխալ, որոնք ճակատագրական եղան կորոնավիրուսի արագ տարածման առումով: Չնայած այն հանգամանքին, որ Իտալիայից ստանում էինք անհանգստացնող լուրեր՝ վիրուսի վտանգավորության մասին, այնուամենայնիվ իսպանական կառավարությունը մարտի 8-ին, կանանց միջազգային իրավունքների պաշտպանության տոնի առիթով՝ կազմակերպեց և իրականացրեց բազմահազարանոց ցույց, որին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցեցին հարյուր հիսուն հազար մարդ, ինչը և դարձավ կորոնավիրուսի այդ աստիճան արագ և մասշտաբային տարածման աղբյուր: Հաջորդ իսկ օրերին վարակների թիվն ու մահացության դեպքերը ստիպեցին կառավարությանը մարտի 14-ին հայտարարել արտակարգ դրություն, որով սահմանափակվեց բոլոր քաղաքացիների տեղաշարժը: Իրականում Իսպանիայում ապրողները միայն իրավունք ունեին դուրս գալ սննդամթերք և դեղորայք գնելու համար մոտակա խանութ և դեղատուն: Արտակարգ դրությունը տևեց գրեթե մեկ ու կես ամիս,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով, որ համավարակը վեր է հանել երկրի առողջապահական համակարգի խնդիրները,- Իսպանիան այս համավարակի պատճառով առճակատվեց իր առողջապահական համակարգի ոչ այնքան պատրաստվածության և երբեմն հիվանդանոցներում տարրական բժշկական միջոցներ չունենալու իրողության հետ:

Սկզբնական շրջանում հեռուստացույցով տեսնում էինք, թե ինչպես բուժաշխատողներն իրենց անվտանգությունն ապահովելու համար օգտագործում էին աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակները՝ դրանք վերածելով բժշկական հագուստի: Ինչպես նաև ականատես էինք լինում, թե ինչպես հիվանդանոց այցելած հիվանդները պառկած էին հիվանդանոցի միջանցքներում հատակին:

Ի դեպ, Իսպանիան նաև աչքի ընկավ իր բուժաշխատողների վարակվածության քանակով, որը վկայում էր նրանց անպաշտպանվածության և հիվանդանոցների ոչ պատշաճ հագեցվածության մասին:

Իրավիճակի բարդության պատճառով՝ երկրի կառավարությունը բժշկական կրթական հաստատությունների վերջին կուրսում գտնվող ուսանողներին և թոշակի գնացած բոլոր բուժաշխատողներին սկսեց հավաքագրել և ներգրավվել այս պայքարին:

Ներգրավվեցին նաև պաշտպանական կառույցները, բանակը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ոստիկանությունը: Իսպանիան ստիպված եղավ այլ նպատակի համար կառուցված շատ շենք-շինություններ վերազինել և փոխակերպել հիվանդանոցների: Այս անելանելի և օրհասական իրավիճակը ստիպեց Իսպանիային բողոքի նոտա ուղարկել Եվրոպական Միությանը՝ դժգոհելով, որ այս դժվարին օրերին իրենց դաշնակիցներն իրեն թողել են միայնակ: Ինչից հետո, եվրոպական մի շարք երկրներ և Եվրամիությունն արձագանքեցին՝ ուղարկելով Իսպանիա բժշկական պարագաներ: Եվրոպական Կենտրոնական բանկը խոստացավ ֆինանսական աջակցություն ցուցաբերել իսպանացի ժողովրդին»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայր Շնորհք Սարգսյանը։

Հարցին, թե ինչ տրամադրություններ կան այսօր բնակչության շրջանում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ քաղաքացիները կազմակերպված են և խստորեն հետևում են երկրի ղեկավարության բոլոր ցուցումներին:

«Այս դժվարին օրերին հասարակությունը դարձել էր ավելի հոգատար և մտահոգ իր շրջապատի հանդեպ: Եվ ամենագեղեցիկ դրսևորումներից էր այն, որ ամեն օր երկրի ողջ բնակչությունը դուրս էր գալիս իրենց տների պատշգամբներ՝ ծափահարելու բոլոր բուժաշխատողներին՝ ի նշան շնորհակալության: Սակայն մեկ ամիս անց սահմանափակումները հոգեբանական բացասական ազդեցություններ են թողնում բնակչության վրա: Այս հանգամանքից ելնելով՝ Իսպանիայի կառավարությունը դանդաղորեն գնաց սահմանափակումների մեղմացման, որի արդյունքում թույլատրվեց, որ մինչև տասնչորս տարեկան երեխաներ ունեցող ծնողները կարող են երեխաներին դուրս բերել զբոսանքի:

Պետք է նշել, որ Իսպանիան եվրոպական այն փոքրաթիվ երկրներից է, ուր սահմանափակումները բավականին խիստ են, և դրանց խախտման պարագայում սահմանված են բարձր տուգանքներ՝ 600-30,000 եվրո»,- փոխանցեց Հայր Շնորհք Սարգսյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ավարտը նախատեսվում է հուլիսի առաջին շաբաթը, իսկ մինչ այդ՝ արգելված են ճամփորդությունները մարզից մարզ.

«Կառավավարությունն ունի հստակ մշակված ծրագիր, ըստ որի՝ փուլային տարբերակով դանդաղորեն կյանքը կվերադառնա իր բնականոն հունին»: Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք վարակակիրներ կան հայ համայնքում, և թե Հայ Առաքելական եկեղեցին ինչպես է կապը պահում իր հավատացյալների հետ:

«Բնականաբար, հայ համայնքը լինելով իսպանական հասարակության անբաժան մասնիկը՝ ևս զերծ չմնաց այս համավարակից, ունեցանք հայրենակիցներ, ովքեր հիվանդացան, սակայն, բարեբախտաբար, այս պահին չունենք մահեր և ծանր իրավիճակում գտնվող հայրենակիցներ: Արտակարգ դրության հաստատման պահից արգելվեց նաև երկրում գործող բոլոր կրոնական միությունների գործունեությունը, հատկապես ծիսական արարողությունների մատուցումը՝ հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ:

Ի շարս մյուս եկեղեցիների՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Իսպանիայում ստիպած եղավ արագ կերպով ինտեգրվել իրավիճակին և կապ հաստատել մեր հայրենակիցների հետ համացանցի կամ հեռախոսային զանգերի միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իբրև հոգևոր  պատասխանատու՝ մի քանի տեսաուղերձներով դիմել է Իսպանիայի տարբեր մասերում ապրող մեր հայորդիներին՝ քաջալերելով ու մխիթարելով նրանց այս դժվարին օրերին:

«Տեղի հայությունը ևս իրեն դրսևորեց բարձր ինքնագիտակցությամբ և զարմանալիորեն ու հաճելիորեն, իրենք ևս այս օրերի ընթացքում միշտ եղան Հայ եկեղեցու և իրենց հոգևորականի կողքին: Ինչի համար երախտապարտ ու շնորհակալ եմ իմ շատ սիրելի իսպանահայությանը»,- եզրափակեց խոսքը հոգևորականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս