«Ի տարբերություն ինձ` Տիգրան Սարգսյանը փող է աշխատել»
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում նախագահի մասնակցությամբ կառավարության շաբաթօրյա խորհրդակցությունը:
– Երկու մոտեցում կա. մի մասն ասում է, թե նախագահը հող է նախապատրաստում ապագա կադրային փոփոխությունների համար` մասնավորապես վարչապետի մասով, երկրորդ մասն էլ կարծում է, թե` հասկանալով, որ կառավարության ներկայացրած պատկերը սխալ է, նախագահը փորձեց հասկացնել տալ, թե` «առաջվա հարիֆը չեմ և իսկապես դժգոհ եմ կառավարության աշխատանքից»: Ինձ համար դժվար է գնահատել, թե ինչո՞ւ նա այդ բանն արեց, սակայն մի բան ակնհայտ է, որ նա բոլորին կամ, համենայնդեպս, կառավարությանն ազդանշան տվեց, որ` «ես էլ` որպես ՀՀ նախագահ, միանում եմ մարդկանց այն բանակին, ովքեր կարծում են, որ ձեր ներկայացրած թվերն իրականությանը չեն համապատասխանում»: Սա մենք կարող ենք ֆիքսել հարյուր տոկոսով: Այն, ինչ մենք ասում ենք 5 տարի: Դեռևս մարտի 10-ին ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը մեզ հրամցրեց կառավարության ներկայացրած երկրի պատկերը. ըստ էության, թող խոսքս մեծամիտ մարդու խոսք չթվա, այս դիտողությունն էլ նշանակում էր, որ նա համաձայնվում է այն մարդկանց հետ, ովքեր քննադատում ու բարձրացնում էին այդ հարցերը: Արդյոք սրանից բխո՞ւմ է, որ նա կարող է վարչապետին փոխել, Աստված գիտի:
Բայց այսօր մենք մի բան գիտենք, որ նա առաջին անգամ հայտարարեց, թե ինքը համաձայն չէ կառավարության ներկայացրած պատկերի հետ: Արդյո՞ք այդ պատկերը չէր ստեղծվել նույն նախագահի ճարտարապետությամբ, սա արդեն խնդրի այլ կողմն է: Սրանից հետո մենք կտեսնենք հստակ դիստանցիա նախագահի և կառավարության միջև: Եվ, ընդհանրապես, Ս.Սարգսյանը` ի տարբերություն նախորդ երկու նախագահների, ովքեր դիստանցիա էին պահում կառավարությունից, մինչ օրս դիստանցիա չէր պահում ո՛չ կառավարությունից, ո՛չ գործող իշխանությունից: Ավելին, Ս.Սարգսյանն իրեն անընդհատ նույնականացնում էր ՀՀԿ-ի հետ: Եկել է այն պահը, որ նա դա կանի նաև իր կուսակցության նկատմամբ, որ` «Ձեր արածների համար ես պատասխան չեմ տալիս»:
Առաջիկայում հավանաբար կլինի խորհրդակցություն նաև ՀՀԿ ակտիվի հետ, որտեղ նման վերաբերմունք Ս.Սարգսյանի կողմից կլինի: Սրա նախապայմանը կար. ինչպես գիտեք, չնայած մայիսի 6-ի ընտրություններին ընտրվում էր ՀՀԿ-ն, բայց Ս.Սարգսյանը միայնակ էր գնում ելույթ ունենալու: «Ոչ ոք իր կողքը չպետք է կանգնի» իմաստով: Այժմ այդպիսի հարված ստացավ նաև կառավարությունը, և արդեն կարելի է ասել, փետրվարյան ընտրությունները Ս.Սարգսյանի կողմից կլինեն մեկ մարդու ընտրություններ: Նա ոչ ոքի մոտ չի թողնելու, որ իրեն դարձնեն նախագահ:
– Իսկ նախագահի կողմից խիստ դիտողությունները կառավարության անդամների հասցեին, «կառավարության աշխատանքը շատ բացասական» գնահատելն արդյոք չի՞ նշանակում, որ նախագահը պարզապես արձագանքում է վարչապետի փոփոխման վերջին շրջանում ակտիվացած հարցին` նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու և փոփոխության իմիտացիա ստեղծելու համար:
– Ս.Սարգսյանի կողմից հստակ միտում կա` ասելու, որ «փետրվարին մենք որոշելու ենք վարչապետի հարցը, նախագահի հարցը լուծված համարե՛ք, կասկածի տակ չդնե՛ք իմ ընտրվելը, ավելի լավ է քաղաքական մյուս ուժերը պայքարեն վարչապետի պաշտոնի համար»: Այս դիտողությունը գալիս էր ասելու. «հույս ունեցեք միայն վարչապետի տեղի վրա»:
– Իսկ ո՞րն էր իմաստը` նման սուր քննադատությունների ենթարկել կառավարությանը, սակայն այդպես էլ ոչ մի փոփոխություն չիրականացնել դրա կազմում:
– Հավանական եմ համարում, որ նա անընդհատ այդպես կշարունակի:
– Դուք եղել եք ՀՀ նախկին վարչապետ: Եթե այժմ Դուք լինեիք Տիգրան Սարգսյանի փոխարեն, կշարունակեի՞ք պաշտոնավարել:
– Իհա՛րկե ոչ: Ինքս հրաժարական եմ տվել 1996թ. սկզբներին. կամ իրավիճակին ամբողջությամբ տիրապետում եմ, կամ չեմ տիրապետում: Ես այդ տեսակի չեմ մտածում, եթե ես նման կերպ հաշտվեի, կշարունակեի պաշտոնավարել:
– Այդ դեպքում ինչո՞ւ Տ. Սարգսյանը չի հրաժարվում:
– Տ.Սարգսյանը` որպես ապրանք, ո՞ւմ է պետք: Եթե դուրս եկավ կառավարությունից, զրոյանում է անմիջապես: Մինչդեռ Տ.Սարգսյանն ահագին փող է աշխատել: Մենք տեսնում ենք` ինչ է կատարվում կառավարության հաշվետվություններում, բյուջեում, տեսնում ենք Կենտրոնական բանկի վիճակը, այդ հիմար ռեֆորմները, որը նա փորձում է անել, նրա ստեղծած ԾԻԳ-երը, թե ինչ է այնտեղ կատարվում, մենք տեսնում ենք նրա ստեղծած բիզնեսները, իր հարազատների գործողությունները, պաշտոնների նշանակելը: Այս բոլորը փող աշխատելու գործելակերպ է, ուրիշ ոչինչ:
Այսինքն` ի տարբերություն ինձ` Տ.Սարգսյանը փող է աշխատել: Տ.Սարգսյանը չի էլ կարող իր դիմումով ազատվել. իրեն չեն ազատի իր դիմումով, դա այս թիմի խաղի կանոնների մեջ չի մտնում: Նույնիսկ ազատման համար հպարտ հեռանալու հնարավորություն նրան չի տրված, նա կհեռանա` որպես ավերիչ: Տեսեք` մի օրում ինչ քննադատության նրան ենթարկեց նախագահը, և թե ինչպե՜ս էր նա քծնում նախագահին` հայտարարելով, թե` «պարոն նախագահ, Ձեր մտքերը սթափեցնող ենգ»: Բա որ մենք 5 տարի ասում էինք, ինչո՞ւ չէիր սթափվում:
– Այսինքն` կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախագահին վարչապետը դեռևս պետք է:
– Նախագահին վարչապետ պետք չէ, նախագահն առանց վարչապետ էլ կարող է կառավարել: Ընդհակառակը` այդ ելույթով Ս.Սարգսյանը ցույց տվեց, որ` «դուք մեծ հաշվով ինձ պետք էլ չեք»:
– Նախագահի կողմից բարձրացված գլխավոր հարցերից մեկը «Գնումների մասին» օրենքի խախտման` տենդերներում ծանոթներին անցկացնելուն էր վերաբերում:
– Նախագահը նայում է վարչապետին` ասելով, որ` «վերջին հաշվով գնումների մրցույթ չկա, մրցույթներում հաղթում են այն ընկերությունները, որոնց դու ես որոշում»: Սա էր քննադատության իմաստը:
– Իսկ, ըստ Ձեզ, այսպես ասած, խոշորածավալ «ատկատները» հնարավո՞ր են` առանց նախագահի իմացության:
– Ըստ էության` ոչ: Բայց մինչև վերջ ես չեմ կարող պատասխանատվություն վերցնել և հաստատ ասել, քանի որ ես ներկա չեմ լինում, թե ինչպես են իրենք պայմանավորվում: Այս քննադատությունը նշանակում էր, որ վարչապետն արել է բաներ, որոնց մասին նախագահը կամ չի իմացել, կամ էլ նկատելու չի տվել: Նախագահը երբեք չէր քննադատի այն բաները, որոնց ինքն է հավանություն տվել: Կամ էլ` մնում է ենթադրել, որ մինչ այս խորհրդակցությունը Ս.Սարգսյանը զանգահարել է Տ.Սարգսյանին և ասել է. «Ես քեզ կքննադատեմ, բայց դու բանի տեղ մի դիր»: Դժվար է դրան հավատալ:
– Նախագահի խոսքում ամենահետաքրքիր արտահայտություններից մեկն այն էր, երբ նա, խոսելով «ատկատ տվողների» մասին, իր խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազին և ԱԱԾ պետին, ասաց. «Խոշորների գլխից պետք է բռնենք»:
– Այո… բայց, իհարկե, տարօրինակ է, որովհետև «խոշորների» քավորներից մեկը նախագահն է: Բայց նաև այս պահին նա իրեն այնպես է պահել, որ տեղ ունի խոսելու, և վարչապետին ասում է, որ` «դա իմ քաղաքականությունը չի եղել, քոնն է եղել, մի՛ արդարացի»: Այսինքն, երբ նա ասում է, որ «խոշորների գլխից պետք է բռնենք», նա ուզում է հանրությանը հասկացնել տա, որ «խոշորների» դեմ պայքարն այս վարչապետի նախաձեռնությունը չի եղել, ընդհակառակը, նախագահն իրենից դժգոհ է, որ նա դա չի անում: Նախագահը հանրության և մամուլի առաջ ցրեց այն մտայնությունը, թե` «մենք ունենք մի վարչապետ, որն ուզում է ռեֆորմներ իրականացնել, բայց իրեն թույլ չեն տալիս»:
– Անդրադառնանք ներքաղաքական հարցերին: Ամենասպասվող իրադարձություններից մեկը սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն է: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի ներկայիս վիճակը, և Ձեր կարծիքով` Լ.Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
– Ես վստահ չեմ, որ նա ելույթ կունենա, բայց հավանաբար կարող է նաև ելույթ ունենալ: Առաջադրվելու մասին ոչինչ ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է` ինչպե՞ս եմ գնահատում ՀԱԿ-ի վիճակը, ապա, կարծում եմ, որ ՀԱԿ-ը լուրջ ռեաբիլիտացիայի կարիք ունի: Մասնավորապես, ես խորհրդարանում դրանով եմ զբաղվում, որովհետև, ի վերջո, կառավարության հասցեին ամենախիստ քննադատությունը ՀԱԿ-ի կողմից է գալիս: Սակայն նա ռեաբիլիտացիայի կարիք ունի, և ուզում եմ հավատալ և վստահ եմ, որ ՀԱԿ-ը նորից կվերադառնա իր գծին և կշարունակի իր գիծը: Որևէ այլ կուսակցությունից կախվածության մեջ ընկնել ՀԱԿ-ը չի կարող: Մասնավորապես, ես այդպիսի ՀԱԿ-ում չեմ աշխատելու: Սա միանշանակ եմ ասում:
Իսկ այն, որ ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ լուրջ աշխատանք է տարել, և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարցերում լուրջ գաղափարական ուժ և հակադրություն է եղել, մենք այսօր տեսնում ենք: Սերժ Սարգսյանն այլ ելք չունի, քան ՀԱԿ-ի պատրաստած «100 քայլ» ծրագիրը վերցնի և քայլ առ քայլ կատարի, որպեսզի Հայաստանը պետություն դառնա: Ահա ՀԱԿ-ը պետք է վերադառնա սրան. լինի բաց, համագործակցի բոլոր քաղաքական ուժերի, բայց երբեք որևիցե կերպով ինքն իրեն չզոհաբերի այլ քաղաքական ուժերի շահերին:
Իմ նշած գծի հիմնական առանձնահատկություններն են` ժողովրդական կապիտալիզմ տնտեսության մեջ ստեղծելու հայեցակարգը, քաղաքականության մեջ պահպանե՛լ չեզոքություն` չտրվել ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ կողմնորոշումներին, դոզավորե՛լ արտաքին քաղաքականությունը չեզոքության շահերի մեջ, առաջացող կոնֆլիկտի մեջ, որը գնալով ավելի շատ է կրելու իսլամական և քրիստոնեական հակամարտությունը, ՀԱԿ-ն աստիճանաբար պետք է մտցնի այն մշակույթը, որ թույլ տանք հարևանների հետ հարաբերություններ հաստատելու, որովհետև մենք ոտնատակ կլինենք այդ կոնֆլիկտի մեջ: Սրանք այն հիմնական գծերն են, որոնք ՀԱԿ-ը պետք է տանի, չի կարող ՀԱԿ-ը չբերել ժողովրդական կապիտալիզմի, որպեսզի 10 օլիգարխի տեղը 100 հազար ձեռնարկատեր աշխատի, և երկիրը կարողանա օգտագործել իր մարդկային ռեսուրսները:
– Դուք նշեցիք, որ ՀԱԿ–ը երբեք որևիցե կերպով ինքն իրեն չպետք է զոհաբերի այլ քաղաքական ուժերի շահերին: Այս առումով առավել շատ է քննադատության ենթարկվում ՀԱԿ–ի համագործակցությունը ԲՀԿ–ի հետ: Այս հարցը վերանայվելո՞ւ է ՀԱԿ–ում:
– Մենք «Բարգավաճի» հետ պետք է համագործակցենք, բայց նաև պետք է համագործակցենք ՀՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի հետ, պետք է բաց լինենք համագործակցության համար: Բայց եթե մենք պայքարելու ենք խոշոր ձեռնարկատիրության դեմ, պայքարելու ենք այնպիսի տնտեսական մոդելի մեջ, որն ավելի ցրված է, մենք այդտեղ նորից պրոբլեմ ենք ունենում «Բարգավաճի» հետ, եթե «Բարգավաճը» չինքնահեղափոխվի: Կամ մենք միանշանակ չենք կարող լինել ռուսամետ կամ այլամետ, ինչ-որ մեկն այս երկրում պետք է մտածի նաև Հայաստանի շահերի մասին:
Իմ ասածից չի բխում, որ մեր և Ռուսաստանի շահերը հակասում են իրար, բայց դրանք երբեմն կարող են և չհամընկնել: Կամ էլ` մենք չենք կարող միանգամից արևմտամետ լինել, ինչպես այսօր վարչապետն է ուզում անել: Մենք այսօր հստակ գիտենք, վարչապետն էլ գիտի, որ կուտակային կենսաթոշակը պետք չէ, բայց նա խոսք է տվել Արևմուտքին, որովհետև փողը հոսելու է դեպի Արևմուտք: Այսինքն` դա, այսպես ասած, Արևմուտքի փայն է, որը Հայաստանից պետք է տանի: Ես դրան դեմ եմ, և այն, ինչ Ձեզ ասում եմ, ուղղված է նաև ՀԱԿ-ի անդամ իմ զինակիցներին: Նոր ՀԱԿ-ն այլ կերպ լինել չի կարող, նա պետք է տրանսֆորմացվի: Ինչ-որ տեղ մենք վերադառնում ենք նրան, ինչը ժամանակին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել էր:
Մենք չենք կարող տեսնել այս մարդասպանությունները, այս դատերը, այս տասնյակ-միլիոնավոր դոլարների տուգանքները, այս երկու տասնյակ օլիգարխներին, որոնք չեն թողնում` երկիրը զարգանա, չենք կարող հանդուրժել թաղային հեղինակություններին, որոնք միևնույն ժամանակ և՛ քաղաքական գործիչ են, և՛ օլիգարխ: Սրանք պետք է դուրս մղվեն, մենք նոր Հայաստան պետք է կառուցենք: Եթե այս շրջանակի մեջ տեղավորվում է ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, խնդրե՛մ։
– Խոսակցություններ կան, որ եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կարող է առաջադրել Լևոն Զուրաբյանի թեկնածությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրա հնարավոր թեկնածությանը:
– Նախ` սխալ է Լ.Տեր-Պետրոսյանի մասին խոսել, որովհետև նա չառաջադրվելու մասին ոչինչ չի ասել, երկրորդը` ես հայտարարել եմ, որ եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ես պարտավորված չեմ այլ թեկնածուի աջակցելու:
– Իսկ դա նշանակո՞ւմ է, որ Դուք կարող եք առաջադրվել ՀԱԿ-ի կողմից:
– Ես այդպիսի բան չասացի: Ես ինձ կպահեմ իրավիճակին համապատասխան: Բայց բոլորը թող իմանան, որ ես այլ պարտավորվածություն չունեմ: Այսինքն` եթե Տեր-Պետրոսյանը լինի, ես հասկանում եմ, թե ում եմ սատարում, բայց եթե այլ մարդ լինի, այստեղ հարցեր կան:
– Ամեն դեպքում թեկնածուն ՀԱԿ-ից կլինի:
– Ենթադրենք: Բայց մենք չենք կարող կուրորեն ամեն մեկի պաշտպանել: Երբ ես չեմ տեսել գաղափարը, ինչ սկզբունք ունի, ինչ է հասկանում ընդհանրապես, ես ի՞նչ գործ ունեմ նրա հետ: Իսկ եթե սխալ թեկնածուի՞ պաշտպանես: Ես իրավունք չունեմ: Տնտեսական հարցերում մարդիկ սպասում են, թե Բագրատյանն ինչ կասի: Ես նրանց խաբելու իրավունք չունեմ: Այս պահի դրությամբ` Տեր-Պետրոսյանն, այո՛, ամենահեղինակավորն է և, իմ կարծիքով` կանխատեսելի թեկնածուն: Բայց նույնիսկ նրա պարագայում վերոհիշյալ իմ երեք սկզբունքները ես նրա հետ պետք է համաձայնեցնեմ: Առաջիկա ընտրությունների հետաքրքրությունն այն է լինելու, որ վերջապես ժամանակն է, որ մենք առաջին հերթին նախագահի տնտեսական քաղաքականությունն ընդունենք, հետո` քաղաքական հայացքները: