
«Պարո՛ն Պապոյան, դուք Էկոնոմիկայի նախարա՞րն եք, թե՞ Վահագն Ալեքսանյան». Ագնեսա Խամոյան
Այսօր ԱԺ տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ է Արմավիրում վարունգ ու լոլիկ աճեցնող, բազմաթիվ ջերմոցներ ունեցող գյուղատնտեսին հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է նրան սպասվում հայ-թուրքական սահմանի բացումից հետո։
«Ակնհայտ է մի բան, որ այդ սահմանի բացումից հետո մեր գյուղատնտեսությունը՝ առանց այն էլ ծանր վիճակում հայտնված գյուղատնտեսությունը, վերջանալու է։
Ուրախ եմ, որ ձեր բառապաշարը փոխել եք կամ գոնե որոշում եք կայացրել ձեր բառապաշարը փոխելու և այլևս ձեր ընդդիմախոսների հետ բացառապես գիտական հոդվածներով եք խոսելու, որովհետև երբեմն անհասկանալի է և շփոթ է առաջացնում, դուք, ի վերջո, Էկոնոմիկայի նախարա՞րն եք՝ ձեր ստատուսից բխող բոլոր հանգամանքներով և իրավիճակներով պայմանավորված, թե՞ Վահագն Ալեքսանյանն եք։
Ուզում եմ հիշեցնել, որ մենք անգամ Գյուղատնտեսության նախարարություն չունենք, և այն փակվել է ձեր իշխանության օրոք»,- նշեց Ագնեսա Խամոյանը։
Գևորգ Պապոյանը հակադարձեց Ագնեսա Խամոյանին՝ ասելով, թե գյուղատնտեսության նախարարություն կա, թե՝ ոչ, սա ընդամենը բառախաղ է։
«Փաստացի գյուղատնտեսության նախարարություն կա։ Գյուղատնտեսության նախարարի լինել կամ չլինելը որևէ բան չի փոխելու։
Այդ որ ասում եք, գյուղատնտեսության խնդիրները և այլն, օրինակ, դուք գիտեք, թե այսօր կարտոֆիլը քանի՞ դրամով է մթերվում, գնացեք Շիրակի մարզի Ազատ գյուղ՝ 150 դրամով կարտոֆիլ են մթերում, կասեք՝ ե՞րբ է Հայաստանում 150 դրամով կարտոֆիլ մթերվել։
Հիմա սահմանի մասով՝ ես ասացի, որ գիտականորեն ապացուցված է, որ խնդիրներ չեն լինելու, որոշակի ապրանքատեսակների մասով կարող է փոքր-ինչ խնդիրներ լինել, բայց այդ բոլոր խնդիրները ծավալների, ռեսուրսների և շատ այլ առումներով կառավարելի են և մեր որոշումների տիրույթում են։
Ասում եմ՝ մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն, որովհետև մենք ունենք բավարար գործիքներ, ֆինանս, որ սա որևէ մեկի վրա բացասաբար չի ազդելու»,- նշեց Գևորգ Պապոյանը։
Այս խոսակցությունից առաջ հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը Գևորգ Պապոյանին խոսքն ուղղելով՝ ասել էր, թե հայ հասարակության մեջ մի խոսույթ են տարածել, թե՝ «վայ, հենց հայ-թուրքական սահմանը բացվեց, թուրքական լոլիկը, վարունգը, ձմերուկը գալու է մեր շուկան գրավի, «արմագեդոն» է սպասվում».
«Խնդրում եմ, անդրադարձեք այս թեմային և նկարագրեք, թե մեզ ի՞նչ է սպասվելու, եթե մեզ հաջողվի այս դիվանագիտական պրոցեսը հասցնել ինչ-որ հանգրվանի»։
Պատասխանելով՝ Գևորգ Պապոյանն ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ասածներն այս թեմայով՝ և ոչ միայն, դրվել են կասկածի տակ, որոշել է դիմել գիտությանը և համաշխարհային գիտությանը։
«Liberti National face» միջազգային հանդեսում վերջերս հոդված ենք հրապարակել, որը «Սկոպուս» գիտական շտեմարանների ցանկում բարձր վարկանիշ ունի։ Այս գիտական հոդվածի «օպոնենտները» միջազգային պրոֆեսորներ են, գիտնականներ։
Այսինքն՝ եթե հակադարձում են, թող գնան մի այսպիսի հոդված, եթե կարող են՝ տպել այսպիսի ժուռնալում, ինձ հակադարձող մարդիկ»,- շեշտեց Գևորգ Պապոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում