Վանեցյանը կխոսի՞
Երեկ ՀՔԾ քննիչները և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են անցկացրել: Մի կողմ թողնենք այն, թե ինչ էին մտածում իշխանությունները՝ արդեն ամիսներ շարունակ հրապարակային, ոչ գաղտնի քաղաքական հետապնդումների ենթարկվող Հրայր Թովմասյանի բնակարանում իրենց հետաքրքրող փաստաթուղթ(եր) փնտրելով՝ քաջ գիտակցելով, որ այնտեղ որևէ բան չեն հայտնաբերելու, բավական ուշագրավ էր իշխանության գործելակերպը մեկ այլ հարցում. քննիչները հրաժարվում էին ՍԴ նախագահին և նրա փաստաբաններին տրամադրել խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշման պատճենը՝ խոչընդոտելով նրանց իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը:
Ակնհայտ էր, որ իշխանությունները նման քայլերի դիմում են՝ փորձելով Հ. Թովմասյանին ահաբեկելու միջոցով հասնել նրա հրաժարականին: Սակայն իշխանությունների երեկվա հերթական ճնշումներից հետո Հ. Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր և ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկ նպատակ են հետապնդում. «Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահ, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ, և դրանց մասին տեղյակ է ոչ միայն՝ մեր, այլև՝ միջազգային հանրությունը»: Նա նաև հայտարարել է, որ հանրությունն իր դեմ իրականացվող գործընթացների ընդամենը 10%-ն է տեսնում:
Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դրա վերաբերյալ ակնարկ է արել. «Ես հուսով եմ, վստահ եմ, որ իր՝ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի: Եվ այս ամբողջ պրոցեսները՝ ե՞րբ են սկսել, ի՞նչ է եղել, ինձ հետ ի՞նչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը: Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված… Ես դիտարկում եմ, որ այս ամբողջը մի օր պետք է լիներ, և մի օր մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար: Եվ սրանք, ուզում եք՝ զրկանք համարեք, ուզում եք՝ հետապնդում համարեք, իմ խաչն է, որ ես պիտի տանեմ»:
Նա նաև հայտարարել է, որ իր դեմ իրականացվող հետապնդումները քաղաքական են և, բացելով որոշակի փակագծեր՝ ասել է. «Ինչո՞ւ է օրենքն ընդունվում արագացված ռեժիմով: Մեկն ինձ կբացատրի՞: Ի՞նչ է, պայթյո՞ւն էր տեղի ունեցել: Հարց երկրորդ՝ ինչո՞ւ 2 ամիս: Պատահակա՞ն է այդ ժամկետը, երբ ինչ-որ գործեր պետք է լսվեն: Իսկ մի պահ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, որ 7 հոգի հրաժարական տան: Հիշո՞ւմ եք՝ 1 տարվա ընթացքում 1 դատավոր ընտրվեց: Հիմա եթե 7 տարում 7 դատավոր ընտրվի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Կարող է ընտրական վեճ լինել, պայմանագրեր լինել, մարդու խախտված իրավունքներ լինել: Այ ճգնաժամն այդ դեպքում կլինի»:
Հարցին, թե այժմ է՞լ չեք գրելու վաղ կենսաթոշակի անցնելու դիմումը, Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Մի տվեք ինձ հարցեր, որոնց պատասխանը դուք 100 տոկոսով գիտեք»:
Անդրադառնալով իր հեռախոսազրույցները գաղտնալսելու թեմային՝ ՍԴ նախագահն ասել է՝ թող լսեն. «Ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել՝ երբ որ խոսում եք, գրում եք, այն կանխավարկածով միշտ առաջնորդվեք, որ միշտ ձեզ լսում են: Կյանքը շատ ավելի հեշտ է այդ դեպքում լինում: Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել: Ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ: Բերման ենթարկել, կալանավորել… Այդ ամբողջն ինձ համար, անկեղծ եմ ասում, ինձ համար տասներորդական է: Մեր ՔԿՀ-ների վիճակն ավելի վատը չի, քան 3000 մետր, -20 ջերմաստիճանի դեպքում: Ապրել կարելի է»:
Ի դեպ, Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ իր հարցաքննությունների, տանն իրականացված քննչական գործողությունների ժամանակ խնդրել, միջնորդել է տեսաձայնագրել ամեն ինչ, սակայն մերժել են: Բանն այն է, որ Հ. Թովմասյանը վստահ է, որ այն, ինչ իրականացվում է իր դեմ՝ նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ի՞նչ ասաց, ինչո՞ւ, ո՞նց վարվեց՝ չի լինելու:
Իհարկե, Հրայր Թովմասյանն ասել է, որ իր համար անհասկանալի է քննչական մարմինների կողմից իր խնդրանք-միջնորդությունները մերժելու շարժառիթը, սակայն ակնհայտ է, որ ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, այլև Նիկոլ Փաշինյանը հասկանում են՝ ինչպես դրանց, այնպես էլ՝ Արթուր Վանեցյանի լռությունը խախտելու վտանգավորությունը: Այժմ գնդակն Արթուր Վանեցյանի ձեռքում է…