Լա՛վ, այսքան հակահայ մեր մեջ որտեղի՞ց. սրանք մեզ հետ ապրե՞լ են. Արմեն Հովասափյան

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց տվեց լեհական TVP World հեռուստաալիքին։

«Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը»,- հարցազրույցի ընթացքում ասաց Միրզոյանը՝ հակադրվելով իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե խաղաղությունը ոչ թե հաստատվելու է ապագայում, այլ արդեն հաստատված է։

Վերլուծաբան Արմեն Հովասափյանի համոզմամբ՝ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի՝ իրար հակադրվող այս հայտարարությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու՝ Փաշինյանը նախընտրում է խնդիրների մասին խոսել Արարատ Միրզոյանի բերանով։

Կարդացեք նաև

«Միրզոյանը խոսում է նախապայմանների մասին։ Մինչև հիմա մենք գիտեինք, որ նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, հիմա պարզվում է՝ այլ նախապայմաններ էլ կան։  Կարծում եմ՝ Փաշինյանն Արարատ Միրզոյանի հետ դերաբաշխում է կատարել. այն, ինչի մասին ինքը չի կարող բարձրաձայնել, ասում է Արարատ Միրզոյանի բերանով։ Միաժամանակ այս, իբրև թե հակադրությանը լուրջ վերաբերվել չի կարելի. Չէ՞ որ այս իշխանությունը փակուղում է՝ դրանից բխող քայլերով»,- ասաց Հովասափյանը։

Նրա  խոսքով՝ ուշագրավ է, որ Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարություններն ընկալելի են, թերևս, միայն իրեն հավատարիմ հասարակության մի նեղ հատվածի, ինչպես նաև՝ կոնֆոմիստների մոտ։

Այս հարցում, ըստ Հովասափյանի, զարմանալ պետք չէ, որովհետև այդ հասարակության այդ հատվածները սովոր են ծառայել բոլոր իշխանություններին, հետևապես՝  վաղը ծառայելու են նաև հաջորդներին։

«Շատ ժամանակ հարց ենք մեզ տալիս, լա՛վ, այսքան հակահայ մեր մեջ որտեղի՞ց. սրանք մեզ հետ ապրե՞լ են։ Այս հարցի պատասխանը պարզ է՝ հասարակության այս հատվածը միշտ էլ եղել է, ծառայել բոլոր իշխանություններին, պարզապես հիմա և նախկինում ունեցած վիճակի տարբերությունը կախված է նրանց ղեկավարի որակներից. ո՞վ է նրանց ղեկավարը, ո՞վ է նրանց զսպողը. այս սա է կարևոր»,- ասաց Հովասափյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս