Բյուջեից սնվողների քանակը 21.500-ով ավելացրել են ու բեռը դրել հարկատուների վրա

Կառավարությունը պատրաստվում է պետական կառավարման մարմինների թիվն ավելացնել ևս մեկով։ Որոշել են կիբեռանվտանգության հարցերով զբաղվող նոր մարմին ստեղծել, որի պահպանումը պետական բյուջեի վրա բավական խոշոր գումար կարժենա. Խոսքը տարեկան 4-6 մլրդ դրամի կամ 10-15 մլն դոլարի մասին է։

Նախատեսվում է, որ նորաստեղծ կառույցը կհետևի, կգնահատի մի շարք ոլորտներում կիբեռանվտանգության հետ կապված ռիսկերը և կհամակարգի միջադեպերին արձագանքելու միջոցառումները։

Մի կողմ թողնենք այն, թե որքանո՞վ է արդարացված նման մարմնի ստեղծումը։ Ժամանակը կտա այդ հարցի պատասխանը։ Բայց փաստ է, որ դրանով պետական կառավարման ուռճացված համակարգը կհամալրվի ևս մեկ կառույցով, իսկ պետության վրա կծանրանան դրա պահպանման ծախսերը, որոնք, ինչպես տեսնում ենք, բավական մեծ միջոցներ են պահանջում։ Դրանք կավելանան այն հսկայական գումարներին, որոնք ամեն տարի պետական ու տեղական բյուջեները ծախսում են պետական մարմինները պահպանելու, դրանց աշխատակազմերին աշխատավարձեր, հավելավճարներ ու պարգևավճարներ վճարելու համար։

Պետական ապարատի պահպանումը թանկ հաճույք է պետության ու հարկատուների վրա։ Այդ բեռը թեթևացնելու փոխարեն՝ ՔՊ-ականների վարչախումբն իր իշխանության 7 տարիներին միայն ծանրացրել է ու ուռճացրել։

Կարդացեք նաև

Չնայած ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը՝ հայտարարում էր, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է և պետք է լրջորեն բարեփոխել ու օպտիմալացնել։ Նորընծա վարչապետը հավաստիացնում էր, որ այլևս չեն լինելու աշխատանքի տեղավորման նախկին արատավոր հարաբերությունները, որտեղ գլխավոր առավելություններն էին խնամի-ծանոթ-բարեկամ կապերը։ Ասում էր՝ Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը:

«Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ասում էին՝ ուռճացված է, բայց այդպես էլ ոչինչ չարեցին պետության վրա կառավարման համակարգի աշխատակազմերի ծանրաբեռնվածությունը մեղմելու համար։ Հայտարարված օպտիմալացումն ավարտվեց մի քանի նախարարություն փակել-բացելով, որի արդյունքում դրանց աշխատակազմերը գրեթե ամբողջությամբ պահպանվեցին։

Ոչ միայն քայլեր չարվեցին ուռճացված աշխատակազմերը կրճատելու, արատավոր երևույթները վերացնելու համար, այլև դրանք ավելի խորացան ու արմատավորվեցին։ Շուտով մոռացան իրենց ասածներն ու սկսեցին պետական կառավարման համակարգը լցնել իրենց ծանոթ-բարեկամներով ու ՔՊ-ականներով։ Անտեսվեցին ու մոռացության տրվեցին ուռճացված պետական համակարգը կրճատելու և բարեփոխելու հավաստիացումները։ Ընդհակառակը՝ մի բան էլ ուռճացրեցին ու ծանրացրեցին պետական կառավարման մարմինների պահպանման բեռը պետության վրա։

Այսօր հարկատուները ստիպված են անհամեմատ ավելի մեծ գումարներ վճարել այդ համակարգի գոյությունն ապահովելու համար։ Այդպես է, որովհետև ՔՊ-ականների իշխանությունը ավելացրել է պետական կառույցները, դրանց աշխատակազմերը, որոնք սնվում են պետական ու տեղական բյուջեներից։ Տասնյակ-հազարներով համալրել են պետական համակարգում զբաղվածների քանակը։

Հրապարակված վերջին տվյալներով, այսօր պետական համակարգում ավելի քան 219.7 հազար աշխատող կա։ 2019թ. դրանց թիվը 198.2 հազար էր։

Ավելացրել են 21.5 հազարով։

Որքան շատ են խոսում պետական կառավարման ապարատի, պետական կառավարման համակարգերի, համայնքները միավորելու մասին, այնքան աշխատակազմերը կրճատվելու փոխարեն՝ ավելանում են։

21.5 հազար աշխատողով ծանրաբեռնել են պետական կառավարման համակարգն ու այդքան աշխատող պահելու բեռը դրել հարկատուների վրա։ Հպարտանում են, որ հազարավոր աշխատատեղեր են ավելացել։ Այդ աշխատատեղերն ահա նաև այսպես են ավելացրել։ Պետական հիմնարկներ են ստեղծել կամ եղած հիմնարկների աշխատակազմերն են ուռճացրել՝ պետական ու տեղական բյուջեների հաշվին։ Հսկայական միջոցներ են ծախսում  այդ համակարգերը պահպանելու համար։ Հարկատուների գրպանի հաշվին վճարում են պաշտոնյաների, աշխատակիցների աշխատավարձերը, հավելավճարները, պարգևավճարները, իսկ երբ հարցը հասնում է սոցիալական ծախսերին, ասում են՝ ավելացնելու համար գումարներ չկան։ Այսպես են մսխում պետական միջոցները։

2019թ. խոստանում էին պետական ապարատը կրճատել, իսկ ազատված միջոցներն ու ռեսուրսներն ուղղել այլ ոլորտներ։ Եթե այդ խոստումը կատարվեր, այսօր հնարավոր կլիներ ավելացնել ներդրումները սոցիալական, կրթության կամ առողջապահության ոլորտներում։ Այդ ոլորտներում գումարները չեն բավարարում, փոխարենը՝ հսկայական միջոցներ են հատկացնում պետական համակարգում ավելորդ ու անիմաստ բազմաթիվ հաստիքներ պահելու համար։

Ուռճացրել են պետական կառավարման համակարգը, բայց կառավարման բարելավում չկա։ Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, թե ինչպես են ձևավորվում այդ աշխատակազմերը։ Նրանց մեծ մասն իշխող կուսակցության ակտիվիստներ են, ընտանեկան կամ բարեկամական կապերով կապված, շատ հաճախ՝ առանց կրթության ու գործից անտեղյակ։ Արդյունքում՝ պետական համակարգը ծանրանում է պետության, տնտեսության, հարկատուների վրա՝ առանց իրական արժեք ստեղծելու։

Պետական ապարատի ուռճացումը, իհարկե, հենց այնպես չի արվում։ Դա լուրջ քաղաքական գործոն է իշխանությունների համար, հատկապես՝ ընտրությունների ժամանակ։ Սպասվող ընտրությունների նախաշեմին պետական համակարգը նոր հաստիքներով լցնելը լրացուցիչ քվե է իշխանությունների համար։ Դրանով պետական ապարատը պետության միջոցների հաշվին դառնում է ընտրազանգված՝ իշխող ուժի համար։ Այնպես որ, ինչքան էլ ուռճացված ապարատը ֆինանսական ծանր բեռ է պետության վրա, միաժամանակ քաղաքական կարևոր գործիք է իշխանությունների ձեռքին, ինչից առատորեն փորձում են օգտվել Հայաստանի այսօրվա կառավարիչները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս