Հասկացա, սրբազա՛ն՝ ասացի, դու չես կարող հայհոյել, ինձ վրա մնաց. Աղվան Վարդանյան

ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու դատարանի որոշմանը:

«․․․ ՈՒ ԵՍ ՍԿՍԵՑԻ ՀԱՅՀՈՅԵԼ

Հոկտեմբերի 3-ին  դատարանում Աջապահյան սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը լսելուց հետո, իջա ԱԱԾ տեսակցության։ Արքեպիսկոպոսը եկավ. ձիգ, խաղաղ, քմծիծաղով։ Մոտ երկու ժամ խոսեցինք ամեն ինչից, բարձր֊բարձր ծիծաղեցինք պիղծ ոչնչությունների վրա, ուրախ պատմություններ պատմեց-պատմեցի։

Բայց զայրացած էր՝ անամոթ, խայտառակ անարդարություն, դատավոր կնոջ կամակատար վարք, թելադրողի ստորություն։

Հոգևորական է․ հայհոյել չէր կարող։

-Հորաքույրս՝ Մարին,- ասաց՝ մեր գերդաստանից վերջինն էր ներգաղթել Բեյրութից, 1947֊ին։ Մյուս բոլորը Լենինական էին տեղավորվել, հորաքույրս՝ Թորոս ամուսնու հետ’ Երևան, Կիլիկիա թաղամաս։

Թորոսը համեստ, խելոք, լուռ մարդ էր՝ Մարին էր տունը կառավարում։

Երկու֊երեք տարի հետո, մի երկուշաբթի Մարին ասում է՝ գնում եմ Լենինական հարազատներիս տեսնեմ, ուրբաթ կգամ։

Ավտոկայանը՝ Կիլիկիային մոտիկ, ուրբաթ Թորոսը իջնում է ավտոկայան կնոջը դիմավորելու։ Ամբողջ օրը սպասում է, Մարի չկա։ Շաբաթ է գնում՝ նույնը։ Կիրակի՝ նույնը։ Հեռախոս-բան չկա։

Դառնում է տուն, բայց դե ներվային, ջղայնացած։ Ճամփին հանդիպում է մեկ ուրիշ հայրենադարձի, ով խայտառակ քֆուրչու համբավ ուներ։ Ի՞նչ կա, Թորոս եղբայր, ջղայն ես, հո բան չի՞ եղել։ Թորոսս’ բա չես ասի՝ Մարին երկուշաբթի գնաց, ասաց՝ ուրբաթ կգամ, երեք օր իջնում֊բարձրանում եմ, չկա։ Հա, ջղայն եմ, բայց հայհոյել չգիտեմ, ի՞նչ կլինի, իմ տեղը դու… Ու էս հարևանը բերանը բացում, յոթ հարկանի քֆուրներ Մարիի, Մարիի հարազատների հասցեին։ Թորոսը հանգստացած տուն է գնում։

Հասկացա, սրբազա՛ն՝ ասացի, դու չես կարող հայհոյել, ինձ վրա մնաց։ Ու ես սկսեցի հայհոյել՝ հաճույքով, սիրով։

Սրբազանս, կարծեմ, գոհ խուց վերադարձավ»,-գրել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս