Չինաստանը Թրամփին Միացյալ Նահանգներում 1 տրիլիոն դոլարի ներդրում է առաջարկել

Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային բանակցողներն առաջարկել են հսկայական գումարներ ներդնել ամերիկյան տնտեսությունում, սակայն որոշակի պայմաններով: Դրանցից մեկը չինական ընկերությունների նկատմամբ վերջին տասնամյակում ազգային անվտանգության նկատառումներից ելնելով սահմանված սահմանափակումների վերացումն է:

Մադրիդում սեպտեմբերին պատվիրակությունների հանդիպումից հետո, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ում TikTok-ին շարունակել գործունեությունը, առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը Fox Business-ին հայտնել է, որ երկու կողմերը քննարկել են «Միացյալ Նահանգներում չինական ընկերությունների համար ներդրումային միջավայրը»:

Ըստ նրա չինացի գործընկեր Լի Չենգանգի՝ ԱՄՆ-ն «արտահայտել է Չինաստանի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ ընդհանուր նպատակի հասնելու համար, երբ խոսքը վերաբերում է ներդրումների խոչընդոտների նվազեցմանը և առևտրային և տնտեսական ճակատում համապատասխան համագործակցության առաջխաղացմանը»:

Մի քանի օր անց Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Չինաստանի նախագահ Սի Ծինպինը պնդել է Ամերիկայում «չինական ընկերությունների ներդրումներ կատարելու» համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Այս պայմանները ներառում են ԱՄՆ-ում չինական ընկերությունների իրականացրած գործարքների վրա ազգային անվտանգության սահմանափակումների վերացումը, Bloomberg-ին ասել են առաջարկներին ծանոթ անձինք:

Նրանք նշել են, որ այդ քայլն առաջարկվում է որպես մեծածավալ ներդրումային փաթեթի մաս, որը չինացի պաշտոնյաներն այս տարվա սկզբին գնահատել են 1 տրիլիոն դոլար: Ճշգրիտ գումարը ներկայում անհայտ է: Սակայն, Պեկինը միաժամանակ պնդում է, որ ԱՄՆ-ում սեփական կարիքների համար կառուցված չինական գործարանների ներմուծվող ապրանքների նկատմամբ ավելի ցածր սակագների սահմանվեն:

Տեսանյութեր

Լրահոս