
Ստորության և ուրացման ասպետները. Լևոն Զուրաբյանը՝ նիկոլական պրոպագանդայի խարդախության մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր էջում տեղադրել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցից մի հատված, որտեղ իշխանության ներկայացուցիչը պնդում է, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարի առաջամարտիկը եղել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Զուրաբյանը սա որակել է նիկոլական պրոպագանդայի հերթական դրվագ և գրառմամբ մանրամասնել է.
«ՍՏՈՐՈւԹՅԱՆ ԵՎ ՈւՐԱՑՄԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ
Տեր-Պետրոսյանը վերջերս մեղադրեց Փաշինյանին իր խաղաղության թեզերը կործանելու և «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ կործանարար պատերազմ հրահրելու մեջ:
Ի պատասխան` նիկոլական պրոպագանդան՝ ի դեմս Վահրամ Աթանեսյանի և Ռուբեն Ռուբինյանի, մոգոնեց մի խարդախություն, ըստ որի, պատերազմը իբր հրահրել է Տեր-Պետրոսյանը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման նախագիծը ներկայացնելով ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահությանը:
Այս զույգին, որին հաստատ չեն դավաճանում ոչ ինտելեկտուալ կարողությունները, և ոչ էլ հիշողությունը, այլ ավելի շուտ` տարրական ազնվությունն ու բարոյականությունը, արցախյան շարժման բոլոր այլ «վերաիմաստավորողներին» հիշեցնենք, որ.
- Հայերի դեմ զանգվածային բռնությունները Ադրբեջանում սկսվեցին այն բանից հետո, երբ, ամբողջովին համապատասխան Խորհրդային Միության սահմանադրությանը և խորհրդային ղեկավարության ժողովրդավարացման կոչերին` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Խորհուրդը ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու մասին հարց բարձրացնելու որոշում ընդունեց, որին հետևեցին հայ ժողովրդի դեմ զանգվածային կոտորածները Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում և Լենքորանում:
- 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որի նախագծի հեղինակը իրականում համաժողովրդական շարժման «Ղարաբաղ» Կոմիտեն էր, ընդունվել էր այն բանից հետո, երբ Ադրբեջանի ճնշման ներքո Կրեմլը լուծարեց Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի ուղղակի կառավարումն ապահովող` Արկադի Վոլսկու կողմից ղեկավարած Հատուկ Կառավարման Կոմիտեն, և Լեռնային Ղարաբաղին նորից ենթարկեցրեց Ադրբեջանի ուղիղ կառավարմանը` տխրահռչակ Վիկտոր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ:
- Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ էլ «Ղարաբաղ» Կոմիտեի այլ անդամները այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչ չէին և Հայաստանի խորհրդային իշխանությունների գործողությունների և քաղաքականության համար որևէ պատասխանատվություն կրել չէին կարող: Հետևաբար որևէ մեղադրանք, որ իբր նման որոշման պարտադրանքով պատերազմ է հրահրվել, անբարոյական կեղծիք է, առավելևս, որ այդ ամենը տեղի էր ունենում Խորհրդային Միության պետության ուժային կառույցների դեռևս լիակատար վերահսկողության պայմաններում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ անկախ պետություններ չէին, չունեին զինված ուժեր և որեևէ պատերազմ իրար դեմ վարել չէին կարող:
- Իրական պատերազմը սկսվեց 1991 թվականին` Խորհրդային Միության փլուզմանը համընթաց, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախությունը, իսկ Ադրբեջանը փորձեց ռազմական ուժով ոչնչացնել դե-ֆակտո ինքնակառավարվող Արցախի նորածին պետական միավորը:
- Ստանձնելով իշխանությունը Հայաստանում` Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Խորհրդային Միության գոյության պայմաններում, այնպես էլ անկախ Հայաստանի պայմաններում, մշտապես եղել է բանակցություններով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը և ակտիվ մասնակիցը:
- Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո, երբ երկու երկրներն էլ անդամագրվեցին ԵԱՀԿ-ին (այդ պահին կոչվում էր ԵԱՀԽ), այդ կազմակերպության ներսում Բուդապեշտյան նախարարական հանդիպման ժամանակ 1992 թվականին ստեղծվեց Մինսկի Խումբը, որը 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու բացառիկ մանդատ ստացավ նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից: Մինսկի Խումբն, այսպիսով, ստանձնեց պատերազմի կանխման գլխավոր միջազգային մեխանիզմի դերը:
- Այդ պահից ի վեր Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը, 2019 թվականին, մերժեց Մինսկի Խմբի նախագահության կողմից ներկայացված խաղաղության պլանի շուրջ բանակցությունները, ինչով մերժեց պատերազմը կանխելու միակ մեխանիզմը: Այդ մերժումով և «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ Փաշինյանը հասկացրեց միջազգային հանրությանը, որ հրաժարվում է Մինսկի Խմբի հովանու ներքո բանակցություններից, պայթեցնելով զինված հակամարտության և ադրբեջանական ագրեսիայի միջազգային զսպման այդ միակ մեխանիզմը:
Դրան հետևած աղետալի հետևանքները հայտնի են բոլորիս և մեզ մնում է, դիտելով կից տեսանյութը, միայն զարմանալ, թե ինչ հեշտությամբ կարող են այս նորօրյա նիկոլական պրոպագանդիստները թքել սեփական կյանքի անցած ուղու վրա և քանի անգամ կարող են քամելեոնի հմտությամբ միմիկրիայի ենթարկվել մեկ` «լևոնականության» և մեկ էլ`«հակալևոնականության» ծպտանքների տակ»: