Նոր բացահայտում եմ անում Ծիծեռնակաբերդի շուրջ կրիմինալ-գործակալական աշխատանքների թեմայով. Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ  Հայկ Դեմոյանը «Թեմա կա թեմա» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման մեջ գրում է.

«Այսօր աչքովս ընկավ, թե ինչպես քպ-ական նեղքիթ կապիկների դասից ոմն Տարոն Չախոյան փորձեր է կատարել աշխուժության նշաններ ցույց տալ Ծիծեռնակաբերդում պետական մակարդակով իրականացված վանդալիզմի թեմայի շուրջ ու ինքնահաստատվելու նոր ճիգեր էր գործադրել մեյդան գալու համար, «թե բա ու՞ր են քննադատողները եկան, աղմուկ բարձրացրեցին ու կորան» ձևակերպումներով:

Ընդհանրապես, եթե նկատել եք, քպ-ականներին ու նրանց համակիրներին խիստ հատուկ է «մոռացկոտությունն» ու առկա անհերքելի փաստերն ու ապացույցները մի կողմ թողնելով, ցանկացած «վտանգավոր» թեմա նորից սկսելու հակումը:

Հիմա նոր բացահայտում եմ անում Ծիծեռնակաբերդի շուրջ՝ կրիմինալ-գործակալական աշխատանքների թեմայով:

«Հիմնավերանորոգում» անվան տակ իրականացված ոճրագործությունը կասեցնելու, հանրային քննադատության ու նախագծի վերանայման պահանջի ժամանակ քար լռություն էր պահպանում հիմնական ու գլխավոր անձը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանը, որին 2018 թ. հունիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ստեղծված Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց խորհրդի նախագահ և մինչ օրս այդ պաշտոնին է:

Հուշահամալիրի հիմնավերանորոգման պատվիրատուն, ինչպես տեսնում եք նախագծային փաստաթղթից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամն է ու առաջին անձանցից մեկը, ով պետք է արձագանքեր ու հաշվետու լիներ տեղի ունեցածի կապակցությամբ, հենց Ռայմոնդ Գևորգյանն է: Սակայն, ինչպես տեսանք, նա բացակայում էր տեսադաշտից և մինչ օրս լռում է, այնպես, ինչպես լռում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Վլադիմիր Վարդանյանն ու Հրանուշ Խառատյանը, ովքեր Ռայմոնդ Գևորգյանին ընտրողներից են եղել:

Այս ստահակ կերպարը հայտնի նրանով, որ 2015 թվականին ամեն կերպ փորձում էր խափանել Փարիզի քաղաքապետարանի շենքում ՀՑԹԻ-ի հավաքածու հիման վրա բացառիկ ցուցադրության կազմակերպումը և երկու անգամ ստիպված էի չնախատեսված ծախս անել, մեկնել Փարիզ և ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ կասեցնել սրա խափանարար գործունեությունը: Այդ ցուցադրության կապակցությամբ Ռայմոնդ Գևորգյանը տասնյակ գիտնականների ներկայությամբ հայտարարեց, որ «Փարիզում իրենք Հայաստանի կարիքը չունեն և որ մենք հանգիստ թողնենք իրենց»: Այնուհետև մի խումբ նրա գլխավորությամբ մտել էր Փարիզի քաղաքապետարան և պահանջել էր, որ «թույլ չտան Երևանից որևէ ցուցադրության կազմակերպումը Փարիզում»: Այս մասին տեղեկացա Փարիզում ՀՀ դեսպանատան աշխատակիցներից:

Այդ ցուցադրության անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2013 թվականին իմ և Փարիզի քաղաքապետի միջև՝ վերջինիս Երևան կատարած այցի ժամանակ:

Հիմա Տարոն Չախոյանին հավեսով չախելուց առաջ, ձևակերպում եմ կարևոր մի հանձնարարություն. դիմում ես ԱԱԾ ու տեղեկանում ես, թե քանի թուրքական կազմակերպություններում է Ռայմոնդ Գևորգյանը ներառված որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, այնուհետև լարում ես մաթեմատիկական գիտելիքներդ ու հաշվում ես, թե 2018 թվականից սկսած քանի անգամ է Ռայմոնդ Գևորգյանը հատել ՀՀ սահմանը և քանի անգամ Թուրքիայինը: Չմոռանաս այդ տվյալները ամենայն ճշգրտությամբ հրապարակել, քանի որ շատ շատերին հետաքրքիր կլինի այդ տեղեկությունը:

Բուն թեմայի կապակցությամբ, եթե հետաքրքիր է, իմացի, որ հիմա նյութեր են պատրաստվում ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ հրապարակված չորս կետերով: Վանդալիստական բնույթի աշխատանքները դադարեցվել են հանրային ճնշման տակ ու չեն շարունակվի այն նախագծով, որը դու ու քեզ նմաններն անվանում են «հիմնավերանորոգում»: Եթե չհասկացար, կարող եմ կրկնել ու բացատրել, թե ի՞նչ է նշանակում աշխատանքների դադարեցում ու հաստատված նախագծի վերանայում:

ՀԳ. Ոնց չեմ սիրում, երբ պստիկները խառնվում են մեծերի խոսակցություններին…»:

Տեսանյութեր

Լրահոս