
Մակրոնը խստորեն քննադատել է «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու ֆոն դեր Լայենի գաղափարը. Financial Times

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոպենհագենում անցկացվող ԵՄ գագաթնաժողովում սուր կերպով քննադատել է «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությունը, գրում է Financial Times-ը։
«Երբեմն ես զգուշանում եմ չափազանց ընդհանուր արտահայտություններից։ Արդյո՞ք կան երկաթե գմբեթներ եվրոպացիների համար կամ անօդաչու թռչող սարքերի պատեր։ Ամեն ինչ շատ ավելի բարդ և բացառիկ է»,-ըստ պարբերականի՝ շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես նշում է պարբերականը, Մակրոնը և ԵՄ մյուս առաջնորդները կարծում էին, որ ֆոն դեր Լայենի գաղափարը հնչում էր խրախուսական, բայց կարող էր լիակատար պաշտպանության կեղծ տպավորություն ստեղծել, ուստի գագաթնաժողովում նրանց արձագանքը «նույնքան սառն էր, որքան Բալթիկ ծովը»։
Ֆոն դեր Լաենը ավելի վաղ հայտարարել էր, որ կառաջարկի անհապաղ միջոցներ Եվրոպայի արևելյան թևում «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու համար։ Նա նշել է նաև, որ ԵՄ օդային տարածք ենթադրյալ ներխուժումների արձագանքը կլինի «վճռական և միասնական»։
«Անօդաչու թռչող սարքերի պատ» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնություն է, որի նպատակն է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայել բազմաշերտ մոնիթորինգի և ավտոմատացված անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր: Նախագիծը ներկայում մշակման և նախատիպի ընտրության փուլում է: