Փողակրոնության հետևանքները
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ազատ արձակումը, դրան հետևած իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին «Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» բանաձևի ճշմարտացիությունը: Վերջին հաշվով, տեղի ունեցածը, բացի Ադրբեջանի հակամարդկային ու հակաժողովրդավարական դեմքը ևս մեկ անգամ բացահայտելուց, բացահայտեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տկարությունն ու սնանկությունը:
Այդ մասին Հայաստանի քաղաքական օրակարգում քիչ է խոսվում, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության շուրջ ներքին քննարկումները սահմանափակվում են ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, լավագույն դեպքում` Ռուսաստան-Արևմուտք հակադրության թեմաների շրջանակներում: Քիչ է խոսվում այն մասին, թե, ի վերջո, Հայաստանն ինչպե՞ս, ի՞նչ դեմքով, ի՞նչ տեսլականներով է ներկայանում աշխարհին և, ընդհանրապես, ո՞ւր է գնում: Իշխանությունն ինքը չգիտի այդ հարցերի պատասխանը, քանի որ խարսխված է ոչ թե ինչ-որ գաղափարական հենքի, այլ իշխանությունը պահպանելու ինքնանպատակ մոլուցքի վրա:
Աշխարհում որևէ երկրի ներկայանալիությունը, միջազգային հարաբերություններում նրա դերակատարումը, ի թիվս այլ պատճառների, մեծապես կախված է նաև տվյալ երկրի իշխանությունների գաղափարական-գաղափարախոսական ուղղվածությունից:
Մինչդեռ մեր իշխանական համակարգում դժվար կլինի գտնել որևէ մեկին, ով կկարողանա հոդաբաշխ կերպով բացատրել Հայաստանի իշխանության գաղափարական ուղղվածությունը: Այն պարզ պատճառով, որ նման բան գոյություն չունի:
Խոսքը ոչ «փողակրոնություն» դարձած ցեղակրոնության կամ նժդեհականության, ոչ էլ տրաֆարետային ձևակերպումների մասին չէ, որոնց քիչ թե շատ տիրապետողներ իշխանության մեջ կգտնվեն: Խոսքը, սակայն, արարողակարգային հանդիպումների ժամանակ հնչեցվող հռչակագրային խոստումների մասին չէ առ այն, որ Հայաստանը հավատարիմ է համամարդկային, եվրոպական արժեքներին, կամ՝ որ Հայաստանը կարևորում է այսինչ երկրի, այսինչ դաշինքի հետ համագործակցությունը:
Խոսքն իրական գաղափարական հենքի, արժեքային համակարգի մասին է, որը բացակայում է իշխանական համակարգում: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ կախված իրավիճակից, տարբեր իրադարձություններից՝ Հայաստանը պարբերաբար դառնում է կամ ներկայացվում է արևմտամետ, մեկ էլ` 180 աստիճանով փոխված ռուսամետ: Հենց դրանով է պայմանավորված, որ իշխող ՀՀԿ-ն ֆորմալ առումով անդամակցում է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը, բայց նրա համամասնական ցուցակով խորհրդարան անցած պատգամավորների զգալի մասը կուրծք է ծեծում Եվրասիական միության կամ Ռուսաստանին առնչվող որևէ թեմայի քննարկման ժամանակ:
Գաղափարախոսության և արժեքային համակարգի բացակայությունն արտահայտվում է նաև տնտեսական քաղաքականության մեջ:
Ամենաթարմ օրինակը «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների առթիվ իշխանության դիրքորոշումն էր: Ինքնամոռաց լիբերալի համարում ունեցող Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության նախարարները` ապացուցելու համար, որ օրենքի այդ փոփոխություններից վարձու աշխատողների աշխատավարձը չի նվազելու, բացեիբաց հայտարարում էին, որ գործատուներին «հրահանգվել» է չիջեցնել աշխատավարձերը: Այսինքն` շատ փոքր պոպուլիստական նպատակը բավարար էր` ազատ շուկայական հարաբերությունների «ոսկե կանոնը» ոտնահարելու համար:
Նման օրինակների թվարկումը կարելի է շարունակել: Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Հայաստանը կառավարում է գաղափարախոսությունից, արժեքային համակարգից զուրկ իշխանություն, որի համար միակ արժեքը տվյալ պահի քաղաքական շահն է: Այդ շահի համար իշխանությունը պատրաստ է անցնել ցանկացած սկզբունքի վրայով, ինչի վկայությունը քաղաքական դաշտի լղոզված, անհասկանալի վիճակն է, ընդհուպ՝ այն աստիճանի, երբ իշխող քաղաքական ուժը պաշտպանում է մեկ այլ կուսակցության թեկնածուի:
Սակայն, եթե ներքին կյանքում քաղաքական նման նոնսենսներն «անցնում» են, արտաքին հարաբերություններում այդպիսի վարքագիծը հանգեցնում է պետության նկատմամբ անլուրջ վերաբերմունքի, ինչի մասնավոր արտահայտություններից մեկն էլ Հունգարիայի կայացրած որոշումն էր: