Ներդումներն ինտենսիվորեն լքում են երկիրը

Տնտեսական տարին մոտենում է ավարտին, և կառավարությունը սկսել է ամփոփել արդյունքները։ Դրանք գուցե կան, բայց շատ չեն տարբերվում նախկինից։ Նախկինում էլ տնտեսությունն աճում էր, իսկ հասարակությունը չէր զգում դրա ազդեցությունը։ Չնայած կառավարությունը ժամանակին խոստանում էր տնտեսական աճը հասանելի դարձնել բոլորին, այնուհանդերձ այդ առումով շատ բան չի փոխվել։ Մարդիկ առաջվա նման անմասն են տնտեսական արդյունքներից։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչպիսին է տնտեսական աճը, եթե դա չի արտահայտվելու հասարակության սոցիալական վիճակի վրա։

Խոսում ենք 7 տոկոս տնտեսական աճի մասին, իսկ այդ աճը գրեթե ոչինչ չի փոխել մարդկանց կյանքում։ Հասարակության եկամուտները շարունակում են նույնքան դանդաղ ավելանալ, որքան ավելանում էին նախկինում։

Կառավարությունը չկարողացավ ապահովել իր խոստացած բեկումը։ Եվ ոչ միայն՝ սոցիալական կյանքում, այլև՝ տնտեսության մեջ։ Ակնկալվող 7 տոկոսանոց աճը գուցե վատ չէ, բայց որակ չունի։ Դրա առնվազն 5 տոկոսը բաժին է ընկնում առևտրին և ծառայություններին։ Առևտուրը և ծառայությունն այն ոլորտներ չեն, որտեղ մեծ արդյունք է ստեղծվում։

Արձանագրված աճի մի մասն էլ գալիս է նախկինից` շրջանառությունների բացահայտման արդյունքում։ Իսկ դա կապ չունի իրական զարգացումների հետ։

Տնտեսության իրական հատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Արդյունաբերության ոլորտում աճ կա, բայց զարգացումները հուսադրող չեն։ Այն կրկին նստում է հանքարդյունաբերության վրա։ Չնայած անգամ այդ պայմաններում` վերջին շրջանում աճը գնալով նվազում է։ Իջնում է վերամշակող արդյունաբերության կշիռը։

Չեն արդարանում գյուղատնտեսության հետ կապված հույսերը։ Այն անկումային եղել է, անկումային էլ մնում է։

Կառավարության քայլերը՝ տնտեսության այս ճյուղն ակտիվացնելու ուղղությամբ, արդյունք չտվեցին։ Այն, ինչ արվում է այս ոլորտում, շատ քիչ է արդյունք ապահովելու համար։ Պետական աջակցության ծրագրեր եթե կան էլ, տեղ չեն հասնում։ Տարեսկզբին կառավարությունը խոսում էր խելացի անասնագոմերի մասին, բայց ի՞նչ ունենք տարեվերջին։ Ծրագիրը չսկսված` տապալվեց։

Գյուղատնտեսությունն առարկայական օժանդակության կարիք ունի, իսկ այդ օժանդակությունը չկա։ Սպասելիքներ չկան նաև հաջորդ տարի։

Զարմանալի չէ, որ գերակա ճյուղ համարվող հատվածում այս տարի աճ չկա, իսկ հաջորդ տարվա ակնկալիքը զրոյին մոտ է։ Փոխարենը խնդիրները լուծելու` կառավարությունն ընկել է արդարացումներ փնտրելու հետևից։

Հավանաբար շատերը կհիշեն, թե տարեսկզբին ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը շինարարության մասին. «Հայաստանը կանգնած է շինարարության բումի շեմին»։

Բայց այդ բումն այդպես էլ տեղի չունեցավ։ Ընդհակառակը` տարեսկզբին արձանագրված բարձր աճն աստիճանաբար նվազեց-նվազեց և տարեվերջին սկսեց տատանվել ընդամենը 4-4,5 տոկոսի սահմաններում։ Աճի տեմպը կրճատվեց գրեթե 4-5 անգամ։

Ու հիմնական մեղավորը կառավարությունն էր, որը չկարողացավ իրականացնել նախատեսված մեծածավալ կապիտալ ծախսերը։ Իսկ դրանք կարող էին թափ հաղորդել ոչ միայն շինարարությանը,  այլև տնտեսությանը։

Զարմանալի չէ, որ տնտեսության իրական հատվածի մասնակցությունը շատ փոքր է տնտեսական աճի գործում։ Շինարարությունը կարողացել է դրան նպաստել հազիվ 0,3-0,4 տոկոսային կետով։ Գյուղատնտեսության դերը նույնիսկ բացասական է։ Համեմատաբար ավելի լավ դիրքում է արդյունաբերությունը, բայց այստեղ էլ մասնակցությունը տատանվում է ընդամենը 2 տոկոսի սահմանում։

Սա է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը, որն առայժմ բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Եվ ինչպե՞ս պիտի ցույց տա, երբ դրա համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Իսկ վարչապետի խոստացած ներդրումները չկան։ Անգամ խորհրդարանի լուծարումը, որը Նիկոլ Փաշինյանը պատրվակ էր դարձրել ներդրումներ չլինելու համար, չփոխեց իրավիճակը։

Զավեշտը հասել է այնտեղ, որ իշխանությունները սկսել են արհամարհանքով ու հաթաթաներով խոսել ներդրողների հետ։ Մեկի համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել ու չեն կարողանում դուրս գալ այդ վիճակից, մյուսին զրկել են գործելու հնարավորությունից` ամեն ինչ անելով միջազգային արբիտրաժ դիմելու համար, մյուսներին` ծաղրում են «ջիներսով, բոթասներով ու մայկաներով» քաղաքապետին հանդիպելու համարձակություն ունենալու համար։

Զարմանալի չէ, որ այսքանից հետո, ներդրումների հետ կապված, ունենք շատ տխուր պատկեր։ Տնտեսության մեջ կատարված արտաքին ներդրումների մաքուր հոսքերը, վերջին տվյալներով, չեն հասնում նույնիսկ 70 մլն դոլարի։ Ներդումներն ինտենսիվորեն լքում են երկիրը, ինչը շատ վատ է։ Փոխարենն այդ մասին մտածելու` կառավարությունն ընկել է բամբասանքների հետևից։

Անցած մեկ տարում Հայաստանում ներդրումային գրավչությունն այդպես էլ չփոխվեց։ Եվ, որ ավելի վատ է, ներդրումային մթնոլորտը շարունակում է չափազանց ճնշող լինել։ Ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ներդրողների համար։

Ճիշտ է, միջազգային վարկանշային ընկերությունները բարձրացրեցին Հայաստանի դիրքը, բայց դա կապված էր հիմնականում, այսպես ասած, ֆիսկալ ոլորտի բարելավումների հետ։ Կային նաև քաղաքական տարրեր։ Սպասել, որ դրանից հետո գուցե կգան ներդրողները, միամտություն է։ Ներդրումների իրավունքների պաշտպանությունը, որն արտաքին կապիտալի ներհոսքի կարևոր, եթե ոչ՝ առաջնային նախապայմաններից մեկն է, Հայաստանում վտանգված է։ Այս առումով կառավարությունը ոչ միայն ոչինչ չի արել, այլև ավելի է խորացրել անջրպետը։

Արտաքին հատվածում տարվա առաջին կեսը բացասական էր արտահանման համար։ Մի քանի ամսվա անկումից հետո, ի վերջո, հաջողվեց դուրս գալ այդ վիճակից։ Բայց կրկին օգնության հասավ հանքարդյունաբերությունը։ Արտահանման ծավալների որոշակի աճ կա, բայց տեմպը դժվար է՝ անգամ համեմատ մինչհեղափոխական ժամանակահատվածի հետ։

Եվս մի քանի օր, և տնտեսական տարին կավարտվի։ Տարեկան ցուցանիշներն ամփոփելու առիթ դեռ կունենանք։ Բայց այն, ինչ ունենք, հիմնականում սա է։

Հեղափոխակա՞ն են տարվա արդյունքները, թե՞ ոչ, թող ամեն մեկն ինքնուրույն դատի` հիմնվելով իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների վրա։ Կարևոր չէ, թե ինչ կասեն վիճակագրական ցուցանիշները, կարևորն այն է, որ մարդիկ իրականում զգան դրանց ազդեցությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս