Հռոմի պապը Microsoft-ի հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հեռանկարները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 13-ի երեկոյան Վատիկանում ընդունել է Microsoft անդրազգային կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթին, որի հետ նա քննարկել է արհեստական ինտելեկտի բնագավառում մշակումների հեռանկարները: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրո Ջիզոտին:
Զրույցի ընթացքում Սմթը, մասնավորապես, արծարծել է արհեստական ինտելեկտն ի շահ հասարակության օգտագործելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատմել է գլոբալ մակարդակով թվային տեխնոլոգիաների զարգացման բանագավառում գոյություն ունեցող խզման հաղթահարման մի քանի ուղիների մասին: Վատիկան այցի ընթացքում Սմիթին ուղեկցել է Կյանքի պապական ակադեմիայի նախագահ Վինչենցո Պալյան:
Հյուրերը Ֆրանցիսկոս պապին հայտնել են, որ Microsoft-ը ակադեմիայի հետ միասին մտադիր են միջազգային հատուկ մրցանակ հիմնել արհեստական ինտելեկտի Էթիկայի բնագավառում։ Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում է գյուտերի համար պատենտային հայտերի աճը եւ այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները: Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն, «այդ աճը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ը տեսական հայեցակարգից վերածվել է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի»:
«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր եւ 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել է, որ հայտնագործությունների կեսից ավելիի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում է «պատենտավորման սրընթաց աճի» մասին: ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում է համակարգչային տեսողությունը, որը ներառում է պատկերների ճանաչման տեխնոլոգիան եւ շատ կարեւոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել է մինչեւ 8764:
Էական աճ է դիտվում նաեւ հեռահաղորդակցություններում, բժշկության եւ հաշվողական տեխնիկայի բնագավառում: Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) եւ Microsoft-ը (5223): Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը եւ LG Corporations-ը) եւ երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը եւ Bosch-ը):
ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից եւ պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում է Չինաստանին (20-ից 17-ը): Ցուցակի մնացած երեք հորիզոնականներն զբաղեցնում են Կորեայի Հանրապետության բուհերը եւ կազմակերպությունները: Բացի այս երկու երկրներից, աշխարհում չկա ոչ մի համալսարան կամ հետազոտական պետական կազմակերպություն, որը 500-ից ավելի հայտնագործության պատենտ ունենա ԱԻ-ի ոլորտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: