Բաժիններ՝

Արհեստական բանականության դասարաններ ՀՀ բոլոր մարզերում․ FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ընդլայնում են «ԱԲ սերունդ» ծրագիրը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ նշանավորում են «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի ընդլայնումն ավագ դպրոցներում։

Հոկտեմբերի 13-ին, հայաստանյան և միջազգային մի շարք գործընկերների և ծրագրի շահառուների ու աջակիցների մեծ համայնքի մասնակցությամբ, FAST-ն ու նախարարությունն ամփոփել են 2023-ից ՀՀ ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի 2-րդ տարվա արդյունքները, և ներկայացրել արդեն 2026-ին սպասվող ընդլայնումը մինչև 45 ավագ դպրոցներում։

2025-2026 ուսումնական տարուց «ԱԲ սերունդ»-ը մեծացրել է իր աշխարհագրությունը ողջ Հայաստանում՝ հասանելի դարձնելով արհեստական բանականության ոլորտի անվճար ու խորացված կրթությունը բոլոր մարզերում։

Այս տարի ծրագիրն ընդլայնվել է ՀՀ 23 ավագ դպրոցներում` ներգրավելով 400-ից ավելի նոր աշակերտ, և 2023-ից ի վեր ներգրավելով 1019 ավագ դպրոցականի։

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով․

«Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում։ Սա վկայում է ԿԳՄՍՆ-ի և FAST-ի համագործակցության օրինակելի մոդելի մասին։ Պետությունը պետք է կարողանա լսել համարձակ ու նորարար գաղափարները և դրանք դարձնել համակարգային փոփոխությունների մաս։ Այսօր մենք դա անում ենք համատեղ ուժերով»։

FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն էլ նշել է․

«Այսօր ողջ աշխարհը փորձում է հասկանալ՝ ինչպես ճիշտ ադապտացնել կրթությունն արհեստական բանականության և տեխնոլոգիական հեղափոխությանը։ Պատահական չէ, որ միջազգային շատ հարթակներում «ԱԲ սերունդ»-ի մոդելն այսքան մեծ հետաքրքրություն է առաջացրել։

Ոչ մի կառույց չէր կարող այս ամենը միայնակ կյանքի կոչել․ սա պետականի, մասնավորի, սփյուռքի ու միջազգային գործընկերների, ուսուցիչների ու մասնագիտական հսկայական համայնքի համաստեղծման արդյունք է»։

Միջոցառման առանցքում «ԱԲ սերունդ»-ի աշակերտներն էին, որոնք թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս կիսում էին իրենց փորձն ու ստեղծած արհեստական բանականության նախագծերը։

Գյումրու տնտեսագիտական վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռոզի Հավանջյանը, որն այս տարի լինելու է ծրագրի առաջին շրջանավարտներից մեկը, նշել է․

«Ամենակարևոր բանը, որ ինձ տվել է ծրագիրը սեփական գիտելիքի, մրցունակության հարցում հավատն է։ Այս ոլորտում սովորելուց ես ինձ մի քայլ առաջ եմ զգում, քանի որ սկսել եմ չվախենալ դժվարություններից, նոր գաղափարներից և սկսել եմ մտածել որպես ստեղծող։ Հիմա, երբ տեսնում եմ որևէ խնդիր ինքնաբերաբար մտածում եմ՝ ինչպես կարելի է սա լուծել տվյալներով կամ AI-ի օգնությամբ»։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական և գիտական արդյունքի առևտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձևավորումից մինչև դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ութ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 30 ծրագիր՝ հասնելով ավելի քան 24 000 շահառուի։

 «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը FAST-ի համանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որը կոչված է ձևավորելու ոլորտում ապագա նորարարի կրթական ողջ ուղին՝ ավագ դպրոցից։ Ծրագիրը՝ որպես հանրակրթական ծրագրի մաս, ներդնում է խորացված հանրահաշվի, Python ծրագրավորման լեզվի և արհեստական բանականության առարկաները՝ ապահովելով խորացված, անվճար AI կրթություն ՀՀ բոլոր մարզերում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս