44-օրյային առնչվող քրեական գործի շրջանակում մեղադրվող գնդապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Ինչն է դեր խաղացել Վահան Յայլոյանի արդարացման մեջ

2022 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք»:

44-օրյայի ժամանակ գնդի հրամանատարի պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեջ մեղադրված գնդապետն արդարացվել է

2022 թվականի հունվարի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։ Խոսքը գնդապետ Վահան Յայլոյանի մասին է:

Կարդացեք նաև

Ի դեպ, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ նշելով. «Հրամանատարի հետ»:

Այսինքն, հոկտեմբերի 9-ին կամ դրանից առաջ գործողությունների պլան է գծվում, իսկ հոկտեմբերի 10-ին ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվում է առանձին գնդի հրամանատարի պարտականությունների՞ց և դրսևորում անփույթ վերաբերմո՞ւնք:

Ինչո՞ւ, գուցե Արցախի հարավային հատվածների, Հադրութի շրջանի տեղանքին ծանոթ չի՞ եղել, ինչպես պահանջում են մարտական գործողությունները, ի վերջո, Յայլոյանն Արցախ է ծառայության մեկնել Երևանից, դրանից առաջ ծառայել է Մեղրիում: Իսկ գուցե ա՞յլ խնդիրներ են եղել:

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն այցելել էր Վահան Յայլոյանի ղեկավարած զորամաս՝ ուսումնական պարապմունքների շրջանակում, որ ստուգի ստորաբաժանումների մարտունակությունը:

«Նոր մարտահրավերների դեմ՝ նոր մոտեցումներով»,- հրահանգել էր Ջալալ Հարությունյանը:

Թե ինչպես «դիմավորեց» ՊԲ-ն 44-օրյայի առաջին օրը, ինչպես էր պատրաստվել, ինչ փաստեր արձանագրվեցին Հադրութում, հարավային հատվածներում, ավելորդ է ասել, դեռ շատ փաստեր, մասնավորապես՝ Հադրութի անկման հետ կապված, պետք է «ջրի երես» դուրս գան, որքանո՞վ դրան կնպաստի Վահան Յայլոյանը, կարող ենք միայն ենթադրություններ անել:

Իսկ գնդապետին առաջադրված մեղադրանքը չի խանգարել նրան, որ իր ծառայությունը շարունակի ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում:

Ավելին, 168.am-ին օրերս հայտնի էր դարձել, որ Վահան Յայլոյանի գործը կարճվել է:

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատել է մեր տեղեկությունը:

«Վահան Յայլոյանի գործով դատախազի կողմից կայացվել է արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»,- նշեց նա՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Հավելենք, որ մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում Վահան Յայլոյանի՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ մտերիմ հարաբերությունների, ըստ էության, իշխանության բարեհաճությունը վայելելու մասին:

Եթե ընդունենք, որ քրեական հետապնդման դադարեցման հարցում նշվածը դեր չի ունեցել, ուրեմն՝ այլ բացասական երևույթի հետ գործ ունենք 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ:

Հերոսից՝ ամբաստանյալ

Այս համատեքստում անդրադառնանք 44-օրյա պատերազմին առնչվող մեկ այլ քրեական գործի:

2023 թվականի ապրիլին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե փաստեր են ձեռք բերվել, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։

Սպային մեղադրանք էր ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին), անգամ կալանավորման որոշում էր ավելի ուշ կայացվել:

168.amգրել էր, որ խոսքը ՊԲ N զորամիավորման (դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ) գնդապետ Մանուկ Բադալյանի մասին է, ում, ի դեպ, իշխանությունները պաշտպանության նախարարության միջոցով 44-օրյա պատերազմի օրերին հերոսացնում էին՝ «Զինուժով» ռեպորտաժ, լուսանկարի տարածում:

Ի դեպ, պատերազմից հետո մամուլում տեղեկություն էր շրջանառվել, որ 44-օրյայի ժամանակ գնդապետը վիրավորվել է և բուժում ստացել Մուրացանի հոսպիտալում:

Ավելի ուշ forrights.am-ը հայտնել էր, որ Մանուկ Բադալյանի մոտ ախտորոշվել է 2-րդ աստիճանի այրվածք և գլխուղեղի ցնցում:

Նշենք, որ Մանուկ Բադալյանի գործը դատարանում է:

«Դատալեքսում՝ «Մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը» ենթավերնագրի ներքո նշվում է.

«2020թ. հոկտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության 14-րդ սահմանապահ ուղեկալի՝ «Բեյուք-Մարջալու» կոչվող լքված բնակավայրի մոտակայքում, Մանուկ Բադալյանը գտնվել է հակառակորդի հրետակոծության պայմաններում, որից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ:

Նշված զինհոսպիտալում հետազոտությունների արդյունքում Մ.Բադալյանի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, և ոչ էլաստիկ բինտով վիրակապման անհրաժեշտության բացակայության պայմաններում, բժիշկ-մասնագետի կողմից տեղադրվել է միայն ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով:
Նշված առողջական խնդրի առկայության պայմաններում վերադաս հրամանատարության կողմից հանձնարարություն ստանալով շարունակել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը, մասնավորապես՝ Հադրութ քաղաքում գտնվող անձնակազմի հետ իրականացնել բարոյահոգեբանական աշխատանքներ, Մ.Բադալյանի համար պարզ է դարձել, որ իր առկա առողջական վիճակը հնարավորություն չի տալիս դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունների իրականացումը:

Ունենալով մարտական գործողությունների ակտիվ շրջանում զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու դիտավորություն, որի հնարավորությունը ՀՀ պաշտպանության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 1017 հրամանի համաձայն՝ հնարավոր էր բացառապես մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստանալու և բուժման ուղարկվելու պարագայում, Մանուկ Բադալյանը, չցանկանալով բացահայտել այդ դիտավորությունը, ուստի՝ նպատակ ունենալով խեղաթյուրել իր առողջական վիճակի ու դրա առաջացման պատճառների վերաբերյալ պատկերացումները, 2020 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հադրութ քաղաքում պարտականությունները կատարելուն զուգահեռ, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած լինելու պատրանք ստեղծելու նպատակով աջ ծնկահոդի այտուցված հատվածը, որևէ բժշկական ներգործության և ցուցումի բացակայության պայմաններում, բազմակի անգամներ մշակել է յոդ տեսակի հեղուկով, իսկ յոդի մեծ խտության ներգործությունն ապահովելու համար՝ աջ ծնկահոդի հատվածը վիրակապել է յոդ տեսակի հեղուկով խիտ թաթախված բինտով:

Նման պայմաններում յոդ տեսակի հեղուկի ներգործության արդյունքում Մ.Բադալյանի աջ ծնկային հոդի շրջանում առաջացել է 2-րդ աստիճանի այրվածք:
Դրանից հետո՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, Մանուկ Բադալյանը Դիվիզիայի այլ զինծառայողների հետ միասին գտնվել է Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղի տարածքում ծավալված Դիվիզիայի հրամանատարական կետում:

Տեղափոխման ընթացքում Դիվիզիայի հաշվեկշռում գտնվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի հարակից հատվածում հակառակորդի հրետանու արկի պայթյունից նույն ավտոմեքենայում գտնված անձանցից միայն վարորդ Բորիս Միքայելի Բաբայանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նույն ավտոմեքենայում գտնված գնդապետ Մանուկ Բադալյանը, արկի պայթյունի արդյունքում, ինչպես բեկորային վիրավորում, այնպես էլ առհասարակ որևէ մարմնական վնասվածք ստացած չլինելու պայմաններում, որոշել է վերջնականապես իրագործել արդեն իսկ առկա հանցավոր դիտավորությունը՝ իբրև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստանալու պատճառաբանությամբ ուղարկվել բուժման:

Մասնավորապես՝ պայթյունից անմիջապես հետո Մ.Բադալյանը, առանձնացած լինելով անձնակազմից և օգտագործելով այն իրադրությունը, որ ոչ ոք տեղեկություն չունի իր վիճակի մասին, «Բուլութան» կոչվող տեղանքում անձնակազմի հետ առաջին իսկ հաղորդակցման ժամանակ դրսևորել է իր առկա առողջական վիճակով չպայմանավորված վարքագիծ՝ իբրև հրետակոծության արդյունքում վիրավորում ստացած լինելու մասին վկայող:

…Այսպիսով՝ Մանուկ Բադալյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 10-ը հանցավոր դիտավորությամբ դրսևորած խաբեությունը՝ աջ ծնկահոդի հատվածը առանց բժշկական ցուցումների բազմակի անգամներ յոդ տեսակի հեղուկով մշակելու և նույն հեղուկով խիտ թաթախված բինտով վիրակապելու արդյունքում առաջացած աջ ծնկահոդի շրջանի 2-րդ աստիճանի այրվածքը որպես մարտական գործողությունների հետևանքով ստացած վիրավորում ներկայացնելը, հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2020թ. հոկտեմբերի 24-ի թիվ 2539-Ա հրամանով Մանուկ Բադալյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 01-ի թիվ 1017 հրամանը»:

Նշենք, որ Մանուկ Բադալյանը վերը նշված պաշտոնին նշանակվել է 2019 թվականի հունվարին:

168.amանդրադարձել էր պատերազմից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում:

Որքանով է Հայաստանն այսօր ապահովագրված նման կադրային նշանակումներից և դրանց հետևանքներից՝ դժվար է ասել:

Մեկ բան, սակայն, հստակ է՝ ՀՀ իշխանություններն ուղղակի և անուղղակի պատասխանատվություն են կրում 44-օրյայից առաջ կարևոր հատվածներում կադրային սխալ նշանակումների համար:

Տեսանյութեր

Լրահոս