44-օրյա տեղեկատվական պատերազմում պարտության մեղսակիցները

Գլոբալիզացիայի կամ տոտալ վիզուալիզացիայի դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաները, ըստ էության, փոխեցին ռազմական և ոչ ռազմական կոնֆլիկտների տակտիկան: Եվ հատկապես այսօր, երբ յուրաքանչյուրն իր ձեռքում ունի տեսանկարահանելու և լուսանկարահանելու հնարավորություններով հեռախոս, երբ այսօր կան սոցիալական ցանցեր՝ Ֆեյսբուք, Տելեգրամ և այլն, տեղեկատվական-հոգեբանական պատերազմում հաղթանակը պակաս կարևոր չէ, քան իրական պատերազմում, եթե չասենք, որ տեղեկատվական-հոգեբանական պատերազմն է ինչ-որ չափով որոշում իրական ռազմական գործողությունների ելքը: Այդպես եղել է միշտ, բայց այսօր այն առավել մեծ դերակատարում ունի:

Քարոզչական պատերազմը ենթադրում է երկու առաքելություն՝ գաղտնի պահել «ոչ պետքական» ինֆորմացիան, տարածել «պետքականը», որը միշտ չէ, որ սուտ է:

Այն, ինչ փորձեցին վերջին պատերազմում անել ադրբեջանական և հայկական կողմերը, և սա միանգամայն բնական է: Այլ հարց է՝ կողմերից յուրաքանչյուրն ինչպես դա արեց, որքան ճկուն եղավ, որքանով վերացվեցին տեղեկատվական-հոգեբանական պատերազմի վտանգները:

ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ մտցվեցին տեղեկատվական ոլորտում, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում, Կառավարության համապատասխան որոշման հավելվածում, մասնավորապես, նշված էր.

«Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը: Սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»։

Այս առնչությամբ ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ և համացանցում տեղեկացնելով դրա մասին՝ որոշ թեզեր ներկայացրել իր դիրքորոշման մասին:

«1. Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է: Ռազմական դրության պայմաններում պետությունը պետք է ունենա կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ու բավարար սահմանափակումներ ամրագրելու հնարավորություն՝ բացառելու համար տեղեկատվական հոսքերի հարցում վտանգներն ու սպառնալիքները, ռազմական դրության պայմաններում առավել արդյունավետ պաշտպանելու համար մարդկանց իրավունքները:

2. Մյուս կողմից, սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն: Այս պահանջն ունի հիմնարար կարևորություն, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու լրագրողներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին առհասարակ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ սահմանափակումները խախտելու համար կոնկրետ դեպքում վարչական վարույթներն ու տուգանքները չպետք է դառնան անհամաչափ միջամտություն մարդու իրավունքներին կամ լրատվական գործունեություն իրականացնողների մասնագիտական աշխատանքին»:

Այո, չկային հստակ չափանիշներ և կոնկրետություն, ավելին, այս սահմանափակումների հեղինակ իշխանությունը դրանք չէր տարածում իրենց մերձակա շրջապատի, պաշտոնյաների, պատգամավորների վրա, որոնք ֆեյսբուքյան գրառումներ էին անում պատերազմի թեժ օրերին, իհարկե, դրանք հետո երբեմն ջնջում էին, բայց դրանց մի մասը արդեն տարածված էին լինում:

Վերադառնալով կողմերի տեղեկատվական պատերազմի մեթոդներին, նախ նշենք, որ Ադրբեջանում Ֆեյսբուքը հասանելի չէր, ֆեյսբուքյան մեսենջերի աշխատանքի խափանումներ կային, մարտական գործողությունների վայրից ցանկացած տեղեկություն արգելափակվում էր, նվազագույնի էր հասցված հակառակորդ կողմի քարոզչական ինֆորմացիայի տարածումը:

Մինչդեռ ՀՀ-ում սոցցանցերը հասանելի էին, մասնավորապես՝ Ֆեյսբուքը, ընդամենը մի քանի օր անհասանելի եղան ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ տելեգրամյան, յութուբյան ալիքներում հօգուտ Ադրբեջանի տեսանյութերը շարունակում էին հասանելի մնալ, անգամ երբեմն դրանց անջատումները լիովին չէին խոչընդոտում թշնամու տարածած ռուսալեզու տեղեկությունը հայ հասցեատիրոջը հասանելի դարձնելուն:

Սոցցանցային տեղեկատվահոգեբանական պայքարին զուգահեռ՝ այս տրամաբանության մեջ լուրջ աշխատանք էին տանում ոչ ադրբեջանցի փորձագետները՝ ներկայացնելով մասնագիտական վերլուծություն՝ անկախ ինչ-ինչ նախապատվություններից: Օրինակ, ուկրաինացի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական իր ամենօրյա մասնագիտական աշխատանքով՝ քարտեզների կիրառմամբ, ստիպեց հայկական կողմին գոնե մի քանի օր խոսել նաև քարտեզի լեզվով:

Այլ հարց է՝ ինչ որակով դա արվեց, և այլ հարց է՝ ում քարոզչությունը ճիշտ դուրս եկավ պատերազմի ելքի առումով և ի վերջո ծառայեց նպատակին:

Իսկ օտարերկրյա լրատվամիջոցների նկատմամբ հակամարտող երկու կողմն էլ որոշակի սահմանափակումներ մտցրել էին, բայց, ամեն դեպքում, հայկական կողմում օտարերկրյա լրատվամիջոցներին հաջողվում էր տեսանկարահանել այն, ինչը բացառվում էր ադրբեջանական կողմում՝ մարտական գործողությունների ժամանակ:

ANNA news agency-ի տեսանյութերում, օրինակ, հրապարակայնացվում էին հայկական ջոկատների քայլերը, շարժը, նահանջը, տեղափոխությունը, տեղակայման վայրը, օրինակ, որ ականանետային մարտկոցը տեղակայվել է Ստեփանակերտի ծայրամասում գտնվող հին գերեզմանատան տարածքում, ինչպես նաև քաղաքացիական անձանց, ծերերի տարհանումը, հայկական կողմի ռազմատեխնիկայի «տխուր» վիճակը, խոսակցություններ, որոնք չպետք է «եթեր» գնային: Օրինակ, թեպետ հեղինակը ցուցադրում է, որ հայերն ադրբեջանցի վիրավորին բուժօգնություն են ցուցաբերում, մյուս կողմից, հայերի հայհոյանքներն էին հնչում: Տեսանյութի հեղինակն էլ իր հերթին՝ դիմելով ադրբեջանցի վիրավոր զինվորին, ասում էր, թե՝ կարևորը՝ դու կենդանի ես, քո ընկերների բախտը չի բերել: Այնուհետև ճշտելով, որ ադրբեջանցի զինվորի անունը Ամիր է, բացատրում է, որ կառավարիչ, առաջնորդ է նշանակում: Առաջին հայացքից մանրուք թվացող այս դրվագը հոգեբանական «ճնշում» էր տեղում գտնվող հայ զինվորների նկատմամբ:

Մեկ այլ ռուսական լրատվամիջոցի՝ Россия 24-ի հրապարակած տեսանյութում ներկայացվում էին Ադրբեջանի զինուժի հասցրած հարվածները հայկական զորամասերի ուղղությամբ:

Ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին հայաստանցիներից շատերը տեղեկացան նաև ռուսական «Նովայա գազետա»-ում 2020 թվականի հոկտեմբերի 7-ին լույս տեսած «Պատերազմ հարավային դարպասների մոտ» վերտառությամբ հոդվածից:

Այս պարբերականը դարձավ առաջին անկախ աղբյուրը, որ տեղեկացրեց Շուշիում տասնյակ ոստիկանների զոհվելու, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրայիլ) հայերի կրած ծանր պարտության մասին։

Հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց Հայաստանի արտգործնախարարությունը դրա հեղինակին՝ մոսկվացի լրագրող Իլյա Ազարին, զրկեց հավատարմագրից` պնդելով, թե նա խախտել է Լեռնային Ղարաբաղում ռազմական դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքի համար սահմանված կանոնները։ 

Հոդվածը տարածվել էր նաև ռուսական այլ լրատվամիջոցներով, որտեղ կային հայկական կողմի «խեղճ» վիճակը ներկայացնող պահեր՝ զինվորական համազգեստով, բայց հողաթափերով մասնակցում էին մարտական գործողությունների: Գուցե՞ պետք չէր պատերազմի ժամանակ նման պատկեր ցույց տալ՝ գուցե՞ սա էլ հոգեբանական ճնշում էր: Իսկ ի՞նչ էր ՀՀ ղեկավարն ինքն այս մասին փաստում 2020-ի հոկտեմբերի 5-ին մարտակոչում, թե «ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան»:

Իսկ, երբ պատերազմի օրերին դասալիքների և դավաճանների մասին էր հայտնո՞ւմ: Սեփական ժողովրդի դեմ տեղեկատվահոգեբանական ճնշման փո՞րձ, և այս դեպքում քանի՞ գրոշ արժե «միայն պաշտոնական տեղեկատվությանը» հետևելու կոչերը կամ էլ «իլյուշներով» ոգևորելը կամ կորուստները թաքցնելը: Մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահը Թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում էր կատարում տարածքների գրավման մասին: Թե որքանով էին դրանք սխալ կամ ճիշտ, հարցի մյուս կողմն է, բայց հատուկ մշակված տեխնոլոգիական հնարքներով ադրբեջանական զինուժը սրան զուգահեռ դրոշներ էր տեղադրում, շտապելով տվյալ տարածքն իրենցով անել և հրապարակայնացնել: Եվ մինչ մեր որոշ փորձագետներ ծաղրում էին ադրբեջանցների կիրառած «մարտավարական» հնարքը, նրանք շարունակում էին այս ճանապարհով հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության համացանցին հետևող հատվածի վրա:

«Դոժդ» հեռուստաընկերությունը Ստեփանակերտում հարցազրույց էր վերցրել երկու ռուս կանանցից, որոնք ներկայանում էին՝ որպես Ստեփանակերտի բնակիչ, և պնդում էին, որ Ստեփանակերտում սարսափելի վիճակ է: Նրանք դժգոհում էին, որ չպետք է երիտասարդներին ուղարկել ռազմաճակատ, երբ գիտեն, որ այնտեղ նրանց սպանելու են: Երիտասարդ ռուս կինը հավելում էր նաև, թե իր ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր:

Հայ հասարակության մի մասի համար էլ վստահելի տեղեկատվական աղբյուր էին ոչ թե սահմանափակումների տակ գտնվող հայրենական լրատվամիջոցները և, երբեմն ոչ էլ՝ պետական գերատեսչությունները, այլ ռուսական մեկ այլ աղբյուր՝ Սեմյոն Պեգովը՝ WarGonzo-ն: Նա, իհարկե, աստիճանաբար Արցախի և ՀՀ պետական տեղեկատվական քարոզչության մաս դարձավ:

Ի դեպ, 2020-ի պատերազմը լուսաբանած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը ռուսալեզու lenta.ru կայքին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը կողմերից որևէ մեկի շահերից չի գործել և չի խախտել լրագրողական էթիկան և քարոզչությամբ զբաղվել, այդ թվում՝ իր հագուստին տարբեր սիմվոլներ փակցնելով: Նա անդրադարձել էր նաև Արցախում իրենց նկատմամբ կիրառված ոչ գրագետ սահմանափակումներին և գրաքննությանը, միաժամանակ նշելով.

«Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ սահմանափակումները անհրաժեշտություն են: Զուտ թեորիապես կարելի է հասկանալ, որ եթե լուսանկարում ծխի սյունը մի փոքր ավելի աջ է, քան ցանկանում էին, ապա նրանք կարող են կրկնել գնդակոծությունը, իսկ դու ակամա կդառնաս «կորեկտիրովշիկ»: Այդ իսկ պատճառով ես նման կադրեր ավելի ուշ եմ հրապարակել: Բայց կային լրագրողներ, որ թքած ունեին նման բաների վրա, նրանք իրենց ռեպորտաժն արագ անում էին և մեկնում»:

Տեղեկատվական պատերազմում մենք պարտվել ենք և շարունակում ենք պարտվել, այս դաշտում քաոսը շարունակվում է, որովհետև ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ոչ միայն ՊՆ-ն և ՊԲ-ն չեն համագործակցել իրար հետ, այլև ճիշտ և տեղին համագործակցություն չի եղել լրատվամիջոցների հետ: Բայց ունենք այն, ինչ ունենք…

Տեսանյութեր

Լրահոս