«Մամ, Հադրութում եմ, Հադրութ չեն կարող մտնել, դիրքերը ես երկարացնում եմ, խորացել եմ». Վահագն Ասատրյանի զրույցը՝ զոհվելուց մեկ օր առաջ

«Սպեցնա՛զ, առա՛ջ…». Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի օրն է, 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, զոհվել է Հադրութում:

Հերոսի մայրը՝ Սիմա Պետրոսյանը, ասում է՝ որդուն պատերազմ օրհնանքով ու բարձր տրամադրությամբ է ճանապարհել, և մտքով անգամ չի անցել, որ չի վերադառնալու:

Չվերադարձավ: Եվ հիմա որդու հետ տիկին Սիման Եռաբլուրում է «շփվում», լուռ վերլուծում նրա հետ պատերազմի ժամանակ ունեցած զրույցները և փաստում՝ բանակը չի պարտվել, այն այսօր էլ հաղթանակած է:

«Մամ, Հադրութում եմ, Հադրութ չեն կարող մտնել, դիրքերը ես երկարացնում եմ, խորացել եմ, ամեն ինչ նորմալ է»

«Պատերազմի առաջին օրից կա’մ զանգով, կա’մ գրելով հաղորդակցվել ենք, երբ դեռ Օմարում էր: Դժվար էր Օմարից խոսելը, բայց տեղ էր գտնում որդիս, որ կարողանար ինձ հետ խոսել: Ասում էր՝ «մամ, սատկացնում ու ջարդում եմ թուրքերին»: Եվ ինչքան ուժ ու զորություն, վրեժ ուներ ամբողջ հայության համար, ինքը կարծես հանում էր այդ բառերով:

Օմարում շատ թեժ մարտեր ընթացան: Մի օր զանգեց, աշխատանքի վայրում էի, ասեց՝ մամ, տղաներիցս մեկը վիրավորվել է, ուզում են Վարդենիս իջեցնել, ինձ ասա՝ կապրի՞, թե՞ չի ապրի: Ամեն մի զինվորի համար դողում էր: Ես ասեցի՝ բալես, նկարագրի՝ ինչ վիճակում է, նկարագրեց, ասեցի՝ բալես, չմտածես, իրեն կհասցնեն Երևան, ու ինքը կապրի: Անգամ այդ պահին ինքն իր զինվորի մասին էր մտածում: Մի օր էլ կնոջը նկար ուղարկեց, վրան գրված էր՝ ամպերից էլ վեր: Հետո ինձ հետ խոսեց՝ մամ, ամպերի մեջ եմ, ամպերից վեր եմ բարձրանում: Ես այդ ժամանակ չէի մտածում, որ բարձրանալու է… այդ պահին ուղղակի հպարտանում էի, վերցրեց Օմարը, դժվարագույն դիրք, և տվեց ընդամենը մեկ զոհ, որի մասին շատ էր մտածում՝ Խաչատուրս զոհվեց:

Հետո շարունակեց իր ճանապարհն ամբողջ Արցախով մեկ, հասավ հարավարևելյան շրջաններ, Ջաբրայիլ և այլ տեղեր, ամեն ինչից տեղյակ էի: Գիտեմ՝ նա խորացավ, հեռուստացույցով տեսնում էի թշնամու թիկունքում պայթյունները և մտածում՝ դա իմ հզոր որդին կարող է միայն անել: Հզոր և անպարտելի որդիս, հայրենիքի պաշտպանության համար նա ոչ մի բան չէր խնայում: Առաջին տեղում հայրենիքն էր: Երբ արդեն Հադրութում էր, ամսի 11-ի (հոկտեմբեր.- Մ.Պ.) գիշերվա մեր խոսակցությունը… երկար խոսեցինք, հոգնած էր, բայց խոսում էր, պատասխանում հարցերիս: Ասեց՝ «մամ, Հադրութում եմ, Հադրութ չեն կարող մտնել, դիրքերը ես երկարացնում եմ, խորացել եմ, ամեն ինչ նորմալ է»: Ոգևորված էր, ամսի 11-ին ինքը ադրբեջանական «Յաշմային» էր խփել, մեծ վնասներ տվել: Առաջին անգամ ասեցի՝ որդիս, ընտանիքդ կարոտել է քեզ՝ կինդ, տղաներդ, ասեց՝ մամ, Սիմաշս, չեմ կարող գալ, հնարավոր չի թողնել զորքին և գալ: Ես գիտեի, որ Ադրբեջանն ուզում է նրան ոչնչացնել, որտեղ որ բռնեն, ամբողջ նրանց ռացիաները….»,- հուզմունքը հպարտությանը խառնած՝ պատմում է տիկին Սիման:

Իրենց խոսակցությունից մեկ օր հետո Վահագն Ասատրյանը զոհվում է Հադրութում:

Բանակը կռվում է, պատերազմում է պետությունը. կռիվը տանուլ չենք տվել

Վահագն Ասատրյանի ազգականը՝ Ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը, ասում է, որ հրամանատարը քչախոս էր, չէր սիրում պատմել իր սխրանքների մասին:

«Արտաքուստ գուցե խիստ էր, բայց ներսում եռում էր ռոմանտիզմը, հումորը, շատ էր սիրում բնությունը, կենդանիներին: Ուժեղ զորավար կորցրեցինք, Հայոց բանակի հենարան: Պատերազմի ընթացքում խոսել ենք, ինքն էր նախաձեռնողը, ես մարտական ընկերներիս հետ հյուսիսում էի: Ինքը միշտ ասում էր՝ հաղթանակի գրավականը կարգապահությունն է, պիտի լինել կարգապահ: Սա իր պատվիրանն էր, այսինքն՝ գիտակցելով պիտի մոտենաս գործին: Իրեն չէիր կարող ստիպել, ինքը պիտի հավատար դրան և գնար առաջ»,- մեզ հետ զրույցում նշում է Ն. Եղիազարյանը:

Հարցին՝ բանակը պարտվե՞լ է, 44-օրյա պատերազմի պարտությունը բանակի՞նն է, պատերազմի մասնակից գնդապետն արձագանքում է.

«Բանակը կռվում է, պատերազմում է պետությունը: Մենք կռիվը տանուլ չենք տվել, տանուլ է տրվել պատերազմը, որը պիտի վարեին այսօրվա պետական, քաղաքական այրերը: Մենք՝ կռվի դաշտում չենք պարտվել, մենք այլ դաշտում ենք պարտվել: Բանակը, մեծ հաշվով, տանուլ տված տարածք չունի, եթե ինչ-որ տեղերում սխալներ, անհեթեթ բաներ կային, դա գլոբալ խնդիր է՝ «Լավրովի պլանի», համաձայնեցված պլանի շրջանակներում է»:

Եղիր խիստ, բայց արդարացի

Ռազմական մի քանի բուհում ուսանած հրամանատար Վահագն Ասատրյանը համոզված էր, որ փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է։

«Եթե ուզում ենք, որ զինվորը ենթարկվի ու հարգի հրամանատարին, այդ հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած: Դրանով դառնալու ես առաջնորդ, ստեղծելու հարգանք, թիմ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդին»,- ասում էր Վահագն Ասատրյանը:

Իսկ զինվորին բացատրում էր՝ բանակում ոչ մի բան ձևական չէ, ամեն ինչ մտածված է, եթե դու հասկանալով ես անում, ավելի շուտ ես ընկալում, այսինքն՝ եթե դու անում ես, որովհետև ասել են, չի ստացվելու:

«Առանց ամաչելու հարցրու՝ հրամանատար, որ ասում ես՝ զեկուցի, ինչի՞ համար եմ դա անում, չի՞ լինի չզեկուցեմ: Ես էլ քեզ կբացատրեմ՝ սա սրա համար է, և դու կհասկանաս»:

2013-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային Լյուքս Ստեփանյանը ծառայակցի հետ վեճի արդյունքում հնչած հրազենային կրակոցից մահացու վիրավորում էր ստացել, սրան հետևեցին զորամասի սպայակազմից մի շարք ազատումներ:

Լրագրողներով մեկնեցինք դեպքի վայր, լրագրողներից մեկը մատն ուղղեց դեպի հրամանատար Ասատրյանը և տեղում ներկա՝ այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պահանջեց՝ ինչի՞ իրեն էլ չեք ազատում:

Վահագն Ասատրյանը ոչինչ չասաց: Սեյրան Օհանյանն արձագանքեց՝ նման շռայլություն չեմ կարող թույլ տալ, 44-օրյա պատերազմը, այն հնարողները, ելքը որոշողները դա իրենց թույլ տվեցին՝ ՀՀ զինված ուժերին զրկեցին լավագույն հրամանատարներից…

Հ.Գ. ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի օրը Եռաբլուր էին այցելել հարազատները, մարտական ընկերները, ԳՇ սպայակազմից սպաներ:

ԳՇ պետը, նրա տեղակալներից, Պաշտպանության նախարարը կամ նրա տեղակալներից ոչ ոք Եռաբլուրում չէին։

Տեսանյութեր

Լրահոս