«Ելքի փոփոխություն չենք ակնկալում, կլինեն մեղադրական ակտեր. Արդարադատությունն ակնկալում ենք եվրոպական և միջազգային մակարդակում». Սիրանուշ Սահակյան

Բաքվի վերաքննիչ դատարանում մայիսի 26-ից մեկնարկել է ապօրինի դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների  հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը։

Ադրբեջանական APA գործակալությանը փոխանցել էր, որ գործը քննում է դատավոր Էլմար Ռահիմովը և նրա գլխավորությամբ գործող կազմը։

Ի՞նչ սպասել Բաքվի վերաքննիչ դատարանից, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների առնչությամբ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ամենը նույն կեղծ դատավարությունների շարունակությունն է վերադաս ատյանում՝ միանշանակ սպասումներ չկան։

Կարդացեք նաև

«Այդ վերադաս ատյանը նույն հակահայկական տրամադրություններն է ապահովում ներքի լսարանի համար։

Նշեմ, որ դատավճիռներն առ այսօր տրամադրված չեն, և հետաքրքրական է, որ առանց դատավճիռների ամբողջական տեքստի գոյության և տրամադրման՝ վերաքննիչ ատյանում տեղի է ունենում գործի քննություն, որը միայն կարող է ձևական բնույթ կրել՝ ելքի որևէ փոփոխություն մենք չենք ակնկալում։ Միանշանակ լինելու են մեղադրական դատական ակտեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ըստ իրավապաշտպանի, հայ գերիների համար սահմանված պատժաչափի նվազման հետ կապված ևս ակնկալիքներ չունի, առհասարակ այդ ատյանն արդյունավետ չի գնահատում։

Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ հայ պատանդների, գերիների իրավունքների իրական պաշտպանության կարելի է հասնել բացառապես անկախ միջազգային դատարանների կամ առանձին դատական օղակների միջոցով։

«Որևէ հայ արդյունավետ, համարժեք իրավական պաշտպանության որևէ միջոց չի կարող ունենալ Ադրբեջանում։

Ադրբեջանի իշխանությունների տարածքային սահմանն իր երկրի սահմաններն են, և այստեղ իրենք ունեն բացարձակ կենտրոնացված իշխանություն ցանկացած քաղաքական պատվեր կյանքի կոչելու համար։ Սա է պատճառը, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն արձանագրվում են հենց վերպետական կառույցների միջոցով։ Եվրոպական դատարանն արդեն իսկ ներգրավված է։ Նշեմ, որ օգոստոսի 31-ը սահմանված է որպես վերջնաժամկետ՝ դատավաճիռները դատարանին տրամադրելու համար։ Դատավճիռները ստանալուն պես՝ մեկնարկելու ենք ընթացակարգեր Եվրոպական դատարանում։ Արդեն իսկ որոշ գործեր ներկայացվել են ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին։ Մենք մեծաթիվ գործեր ներկայացնելու ենք ՄԻԵԴ-ին։ Արդարադատությունն ակնկալում ենք բացառապես եվրոպական և միջազգային մակարդակում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ճշտող հարցին՝ այս գործընթացի հետ կապված արդյո՞ք պետական մակարդակով աջակցություն ստանում են, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Չունենք, հստակ գործելակերպը տարանջատված է, մեր գործողությունները որևէ կերպ ո՛չ ուղղորդվում, ո՛չ ֆինանսավորվում, ո՛չ էլ համաձայնեցվում են պետական մարմինների հետ։ Մենք գործում ենք ընտանիքների, Բաքվում գտնվողների և կոնֆլիկտի հետևանքով տուժած այլ անձանց խնդրանքով, նրանց հանձնարարությամբ։ Մեր գործողությունները համաձայնեցվում են բացառապես այդ խմբի հետ, մեր գործունեությունը ֆինանսավորում են կազմակերպություններ, որոնք կարևորում են արդարադատության և արդարության համար պայքարը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930