Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) չեզոքացնելու անվտանգային ռիսկերը, ներքին ու արտաքին շարժառիթները
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի, Արցախի անվտանգության և բանակին առնչվող տարբեր զարգացումներում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, զենքի մատակարարման գործընթացում լուրջ ֆիգուրների նկատմամբ քրեական գործերի հարուցումը ոչ միայն ներքաղաքական, բիզնես հետաքրքրությունների շրջանակում այս կամ այն խնդիրների լուծում է հետապնդում, այլև արտաքին քաղաքական: Այսինքն, այս ամենը տեղավորվում է նաև ՀՀ անվտանգության ապահովման, բանակի հզորացման կամ թուլացման արտաքին ուժերի, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի, ցանկությունների տրամաբանության մեջ: Եվ մեզանից է կախված՝ ինչ չափով ենք բանակում կոռուպցիայի վերացումը տեղափոխում թուրք-ադրբեջանական հետաքրքրությունների հարթակ: Եթե կան բանակին և երկրի անվտանգությանը վնասող երևույթներ, անշուշտ, պիտի կանխել, բայց դրան շատ զգույշ և հիմնավոր պետք է մոտենալ, և ոչ թե՝ առանց այսրոպեական ինքնագովազդի՝ PR շահերից ելնելով:
Սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն պարզել էր, որ խոշոր չարաշահումներ է թույլ տվել ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը:
Ասվում էր՝ նրա պաշտոնավարման օրոք և անմիջական մասնակցությամբ շուկայականից բարձր ինքնարժեքով գնվել են 1985-1991թթ. արտադրության հրթիռներ, որոնք 2011-ին ռազմական գերատեսչությունն անորակ էր համարել:
Այս դեպքից օրեր անց կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Ավելի ուշ վերևում նշված անորակ հրթիռների գործով, որով անցնում է Ավետիք Մուրադյանը, կալանավորվեց նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Հոկտեմբերի 29-ին 168.am-ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով օրեր առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին, ապա՝ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Վերջին երկուսի ձերբակալման պատճառներին դեռ կանդրադառնանք, հիմա փորձենք հասկանալ, օրինակ, մեր բանակին տարիներ շարունակ զենք մատակարարող ընկերության ղեկավարին, տվյալ դեպքում՝ Դավիթ Գալստյանին կալանավորելու վնասները երկրի անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև՝ ներքին և արտաքին շարժառիթները: Իսկ այս երկու գործոնը, անկասկած, կա: Այսօր կիսապատերազմական երկրի բանակին սպառազինություն մատակարարելու հետ կապված լրջագույն խնդիրներ կան. առաջին՝ պայմանագրերը չեն կատարվում, դրսից զենք բերելու հետ կապված խնդիր կա, բացի այս, Դավիթ Գալստյանի կողմից ՀՀ-ում բացված և բացվելիք գործարանների գործունեությանն է վնաս հասցվում, դրանով նաև լուրջ կասկածի տակ է դրվում բանակի պահանջների կատարումը:
Հիշեցնենք, որ 2020-ի ամռանը ՀՀ-ում բացվեց «Կալաշնիկովի» գործարանը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացվել էր՝ սկզբից այն իրենից ներկայացնելու էր AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից, հիմնականում՝ նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:
Հիշեցնենք նաև, որ 2018-ի օգոստոսին հայտարարություն եղավ Royalsys Engineering LTD ընկերության (ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է (Պատրոն Դավո մականունով), որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերության մեջ) և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Հայաստանում հիմնել «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։
168.am-ը գրել էր, որ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը սկսելու է նաև փամփուշտների արտադրություն, և, որ այն հետագայում ոչ միայն լրացնելու է հայկական զինուժի պահանջները, այլև արտահանվելու է՝ հաշվի առնելով խորհրդային ինքնաձիգների օգտագործման ծավալներն աշխարհում, միաժամանակ այն փաստը, որ, ըստ էության, սպառվում են ՌԴ-ի՝ Խորհրդային Միությունից մնացած փամփուշտների պաշարները:
Մենք գրել էինք նաև, որ «Նեյտրոնի» խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում գիշերային տեսադիտարկման համակարգերի արտադրություն հիմնելու գործով: Դրանք նախագծվել էին ՀՀ-ում, որին մասնակցել են նաև դրսի մասնագետներ, հաշվի են առնվել մեր բանակի պահանջները, աշխարհագրական պայմանները:
Եվ ահա, ընթացիկ տարվա փետրվարին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին:
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է 1 միլիոն դոլարից ավելի գումար:
Սակայն ավելի ուշ, երբ փորձաքննությունն ապացուցեց զինամթերքի պիտանի լինելու փաստը, գործն ըստ էության մտավ փակուղի, բայց և անհասկանալի պատճառներով չկարճվեց:
Սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն վերը նշված «անորակ հրթիռների» գործով մեղադրեց նաև Դավիթ Գալստյանին: Այս գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի շահերի պաշտպանները, բնականաբար, պահանջում են հրթիռների որակը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակել, ինչն իշխանությունների ձեռամբ և անհասկանալի պատճառով դեռ հետաձգվում է:
168.am-ի հավաստի տեղեկություններով, ՊՆ պահեստում պահվող հրթիռների մի խմբաքանակ ՄԱԿ-ի թույլտվությամբ շատ ավելի բարձր գնով մատակարար ընկերությունն արտահանել է երրորդ երկիր և այնտեղից ոչ մի բողոք չի եղել զինամթերքի որակի հետ կապված: Ավելին, հետագայում մատակարար ընկերությունը ցանկացել է արտահանել ՊՆ պահեստում պահվող այդ հրթիռների նոր խմբաքանակներ, սակայն նրան արգելել են՝ նշելով, որ ՀՀ-ն էլ դրանց կարիքը ունի, և ուշ թե շուտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում դրանք անպայման ձեռք են բերվելու: Այսինքն, դրանք ՊՆ պահեստում մնացել են ֆինանսական խնդիրների պատճառով: Եվ մեր բանակն այսօր էլ ունի ավիացիոն այս հրթիռների կարիքը:
ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ 2018 թվականից հետո ձեռք բերված խմբաքանակը՝ ավելի քան 400 հատ, կիրառվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ, և դրանց հետ կապված դարձյալ ոչ մի խնդիր չի եղել, թեպետ ԱԱԾ-ն պնդում է, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ դրանք չեն կիրառվել:
Ի դեպ, ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հ1-ի եթերում հայտարարել էր. «Մենք արձանագրեցինք, որ այն հրթիռները, որ պետք է խոցեին հակառակորդի դիրքերը և տեխնիկան, նրանք չեն համապատասխանել այն տրամաբանությանը, որի համար իրենք ձեռք են բերվել»: Այդպիսի հայտարարություն անում է այն դեպքում, երբ նման եզրակացության գալու համար առնվազն պետք է փորձարկել կամ կիրառել այդ հրթիռները, ինչը համառորեն չեն անում իշխանությունները: Ինչևէ:
Այստեղ տեղին է հիշեցնել, որ Անդրանիկ Քոչարյանը փաստացի անձամբ հետաքրքրված էր բանակի զենքի մատակարարմամբ, ավելին, հատկապես ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի օրոք դե ֆակտո նախարարի դեր էր ստանձնել, ավելին, Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԶՈՒ-ի ապագան, հայկական բանակի ռեֆորմների պատկերն էր որոշում և այլն:
Ինչ վերաբերում է ըստ ԱԱԾ հայտարարության՝ 1985-1991 թվականներին հրթիռների «օրացույցային ժամկետներն անցած լինելուն», ապա ՌԴ-ի կողմից դրա համար սահմանվել է 30 տարի, և եթե արտադրության ժամկետը համարենք 1991-ը, ապա այն պիտանի է մինչև 2021 թվականը, մինչդեռ ՀՀ-ում, չգիտես ինչու, սահմանել են 20 տարի: Սա՝ այն դեպքում, երբ 2016-ին ՀՀ ՊՆ-ում եկել են այն եզրակացման, որ 10 տարի հրթիռները դեռ պիտանի են կիրառման: Նշենք, որ ըստ համաշխարհային պրակտիկայի, սպառազինության վրա 5 տոկոսի չափով «ժանգը» թույլատրելի է: Ինչպես ասում են՝ нечем придираться:
Ո՞վ է ներսում ուզում Դավիթ Գալստյանին խաղից հանել
Դեռևս 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական և ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Պատրոն Դավո մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են, և նա նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։
«Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները և իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա, պարզվում է, նվաստացրել էր զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր էր ներկայացրել պաշտպանության նախարար Տոնոյանին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։
Ա. Քոչարյանի հետ կապված երկրորդ դրվագը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։
«Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։
Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։ «1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» և այլն, և այլն»,- գրել է թերթը՝ հրապարակելով փաստաթղթերը։ Թղթակցի հետ զրույցում գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանը խոստովանել է, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են․
«Ես Անդրանիկ Քոչարյանին վաղուց եմ ճանաչում»։ Հետաքրքրվեցինք զենքի վաճառքի և ՊՆ-ին իր ներկայացրած առաջարկի մասին։ «Իրենք հարց էին տվել (նկատի ունի ՊՆ-ն), ես պատասխանել եմ, բայց ձգձգել են, ոնց որ ինձ խաբել են մի քիչ, ժամանակս խլել են»։ Ինչո՞վ են խաբել։ «Ավելի ճիշտ՝ ձգձգել են»,- ասաց նա, ապա նշեց, որ սա հեռախոսով զրուցելու թեմա չէ, ու ընդհատեց զրույցը։ Մենք տեղեկացանք, որ այս առաջարկները Անդրանիկ Քոչարյանն անձամբ է միջնորդել ՊՆ ղեկավարությանը՝ զանգահարել ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների»,- գրել էր «Հրապարակը»։
Ըստ մամուլում շրջանառված որոշ տեղեկությունների՝ գործող իշխանությունները փորձում են ազատվել Պատրոն Դավոյից և զենքի մատակարարումներով զբաղվող նոր մարդկանց և ընկերությունների ներգրավել: Թե որքանո՞վ է այսօր վերը նշված անձանց մոտ պահպանվել զենքի շուկա մտնելու հետաքրքրությունը, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ երկրի ներսում կան հետաքրքրվողներ, թերևս, փաստ է:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների, դեպքեր են եղել, երբ ինչ-ինչ անձինք փորձել են քեշով զենք գնել, որոնց բացատրվել է, որ կարող է փողը տան, բայց զենքը չստանան, զենքի շուկան խաղի իր կանոններն ունի:
Ո՞վ է դրսում ուզում «վերացնել» Դավիթ Գալստյանին
2021-ի հունիսին պարզվեց, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո), Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2001-2021թթ. ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:
«Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- նշվում էր Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Այսինքն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Արցախին սպառազինական օգնությունը որակվել է որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»:
Մեր ունեցած տեղեկություններով, Դավիթ Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն:
Իսկ Ադրբեջանը ոչ միայն այդ ամենին հետևել ու հետևում է, այլև լրջորեն անհանգստանում է և փորձում է բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանին և Արցախին օգնել են՝ մեկուսացնել: Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին կեսերին Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և բողոքել, թե «հուլիսի 17-ից սկսած Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։
2021-ի օգոստոսին էլ Ալիևն «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանն օգոստոսի 10-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Օգոստոսի 11-ին Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել նրան և, խորհրդանշական նվերը հանձնելով, ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:
Ասել կուզենք՝ Ադրբեջանն ամեն ճանապարհով փորձում և փորձելու է վնասել ՀՀ-ին զենքի մատակարարման գործընթացին: Կա՛մ ՀՀ իշխանություններն այս ամենը չեն հասկանում, կամ Ադրբեջանի հետ սինխրոն են գործում: Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է ազդել մեր բանակի մատակարարումների վրա, և հետևաբար՝ Դավիթ Գալստյանը լինի, թե այլ անուն-ազգանունով մեկ ուրիշը, ով այդքան հնարավորություններ ու փորձառություն ունի՝ ամեն կերպ պետք է խոչընդոտի այդ մարդկանց կամ ընկերությունների գործունեությանը: Թերթեք ադբեջանական մամուլը և կտեսնեք՝ ինչպես են թիրախավորել Դավիթ Գալստյանին: Օրինակները բազմաթիվ են:
Արտաքին գործոնների համատեքստում հիշեցնենք նաև 2018-ի աշնանը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որտեղ նա անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը՝ նշել էր.
«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում»:
Արդյո՞ք, խորհրդային և ռուսական սպառազինության առքուվաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը այս տրամաբանության շրջանակում են նաև, իհարկե, հաշվի առնելով Բոլթոնի ասածի իրականացման բարդությունները, գուցե՝ թվացյալ անհնարինությունը: Բայց եթե Բոլթոնն առաջարկում էր, գուցե նաև այս հաշվարկներն էին արված: Կապրենք՝ կտեսնենք, մի բան հստակ է՝ պատերազմական վիճակում ապրող Հայաստանը զենքի մատակարարումների հետ կապված լրջագույն խնդիր ունի, և սրանց մասին նախևառաջ պետք է մտածել: Իսկ առհասարակ մատակարարին պետք է առաջադրել հստակ պահանջներ, փորձել ստանալ դրան համարժեք «ապրանք» և չբողոքել խաբված լինելուց: Զենքի մատակարարումներով զբաղվելը, ինչպես մասնագետներն են նշում, հեշտ գործ չէ, և փոխվստահությունը արտադրող և այլ ընկերությունների, երկրների հետ՝ մեկ օրում չի տրվում: Իհարկե, ճշմարտությունը պետք է բացահայտվի, սակայն նման աղմկահարույց քայլեր կատարելուց, կասկածելի քրեական գործեր հարուցելուց առաջ պետք է մտածել անվտանգային խնդիրների, երկրին սպառնացող լրջագույն մարտահրավերների, ինչպես նաև թշնամուն «չուրախացնելու» մասին: