
Բաքվում անցել են 2023թ. «հակաահաբեկչական» օպերացիայի արդարացմանը. Դավիթ Մանուկյանի հարցը չի հանրայնացվել, Լևոն Մնացականյանի «միջամտությունն» էլ կանխվել է

Հուլիս 17-ին և 18-ին Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական» նիստերին դարձյալ «տուժողներ» էին հրավիրվել:
Մասնավորապես, հուլիսի 17-ի նիստի ժամանակ «տուժող» Մաարիֆ Ռուստամովը ցուցմունք է տվել, թե ծանր վիրավորվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ Քարվաճառի ուղղությամբ, և, որ նույն ժամանակ ևս 2 վիրավոր է եղել, իսկ 4-ը շեհիդ են դարձել:
Մեկ այլ «տուժող»՝ Բախտիյար Ջալիլովը, պնդել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին դարձյալ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ծառայության է եղել, ՀՀ ԶՈՒ զինծառայողների դիպուկահար կրակոցից է վիրավորվել:
Դատարան գործուղված 44-օրյա պատերազմի մասնակից Մալիդ Գանբարովն էլ ցուցմունք է տվել, թե ինքն ականանետային արկի պայթյունից վիրավորվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին Քարինտակի ուղղությամբ:
Հուլիսի 17-ի «դատական» նիստին ադրբեջանցի քաղաքացիների ցուցմունքներն այսքանով չեն ավարտվել, և դրանք ընդգրկել են նաև հետպատերազմյան շրջանը, և որպես ՀՀ ԶՈՒ կողմից «թիրախավորման վայր»՝ դարձյալ նաև Քարվաճառն է նշվել:
Իսկ հուլիսի 18-ի «դատավարության» ժամանակ քննության առարկա է դարձել 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի «հակաահաբեկչական» օպերացիայի օրերին հայկական կողմի դիմադրությունը: Այսինքն, Բաքուն, նպատակ ունենալով հայաթափել Արցախը՝ իրականացրել է ռազմական հանցագործություն, էթնիկ զտում, թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, բայց դատարան է գործուղել ինչ-որ «տուժողների», որոնք պատմում են, թե այդ օրերին ինչպես և որտեղ են վիրավորվել: Մասնավորապես, Ադրբեջանի քաղաքացի Րագիֆ Ալիևը ցուցմունք է տվել, թե 2023 թվականի սեպտեմբերի 20-ին «հակաահաբեկչական» օպերացիայի ժամանակ իր մեքենայի թիրախավորման հետևանքով վիրավորվել է, և, որ ՀՀ ԶՈՒ «մնացորդների» ականանետային կրակից այլ վիրավորներ ևս եղել են, նաև՝ սպանված:
Այս համատեքստում ադրբեջանական քարոզչամեքենան փոխանցում է, թե գեներալ Դավիթ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ «տուժողը» նշել է, որ «հակառակորդ կողմի նպատակն ադրբեջանցիների ոչնչացումն եղել, այլ նպատակներ չգիտի»: Թե ի՞նչ հարցադրում կամ դիտարկում է արել գեներալ Մանուկյանը, կարելի է միայն ենթադրել, քանի որ ադրբեջանական կողմը չի հանրայնացնում։
«Տուժող» Ջեյհուն Ալիևն էլ իր ցուցմունքում պնդել է, թե «հակաահաբեկչական» գործողությունների օրերին ինքը վիրավորվել է Ճանկաթաղ գյուղի հատվածում, երբ փորձում էին ՀՀ ԶՈՒ «մնացորդների» կողմից «իրականացվող դիվերսիան» կանխել:
«Նրանք տարբեր «սադրանքներ» էին իրականացնում, կրակում մեր դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ»,- շարունակել է «տուժողը»:
Այստեղ ՊԲ նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը, ինչպես երևում է ադրբեջանական աղբյուրների փոխանցած տեղեկություններից, փորձել է միջամտել, ինչը Բաքվի դատարանի կողմից կանխվել է, թեպետ ադրբեջանական քարոզչամեքենան այն ձևակերպել է՝ այս ցուցմունքի վերաբերյալ «հետաքրքրություն դրսևորել», և, որ նշվել է, որ մեղադրյալների մոտ առկա պլանշետներում առկա են բոլոր անհրաժեշտ նյութերը:
Սա հուշում է, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության կողմից արված շատ հայտարարություններ չեն հրապարակվում:
Ինչ վերաբերում է հուլիսի 18-ի «դատական» նիստի բովանդակությանը, ապա Ալիևը փորձ է անում լեգիտիմացնել և արդարացնել Արցախի հայաթափումը՝ սլաքը դարձյալ ուղղելով ՀՀ զինված ուժերին, թե իբր «մնացորդներ» են եղել, և, որ Հայաստանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը: Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք։
Վերադառնալով Ադրբեջանի «հակաահաբեկչական» օպերացիային, նշենք, որ Արցախի հայաթափումից հետո ներկայացրել էինք ադրբեջանցի շեհիդների հարազատների վկայությունները, որ Արցախի դեմ կռվել են Ադրբեջանի բոլոր ուժային կառույցներից, ոչ միայն բանակից:
Մասնավորապես, Ադրբեջանի ներքին զորքերում ծառայած զինվորի մայրը պատմել է, որ որդուն չէր տեսել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից, ով վարժանքի էր գնացել, բայց հետո պարզել է՝ պատերազմի են տարել, որտեղից կենդանի հետ չի եկել:
Այսինքն, Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումը, որի համատեքստում էր նաև Լաչինի միջանցքի փակումը, այնուհետև՝ տոտալ շրջափակումը: Բայց Արցախի Պաշտպանության բանակի սպաներն ու զինծառայողները վերջին պատվի մարտն են տվել այդ օրերին և մարդկային բավական կորուստներ պատճառել հակառակորդին:
Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին: