«Սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում». բացելով Դավիթ Տոնոյանի հայտարարության փակագծերը

Մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Եվ այս համատեքստում որոշ գործիչներ նորից հիշեցին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել, և, որ օտար երկրում մասնակցել է բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ծննդյան տարեդարձի արարողությանը:

Ընդ որում, վերջին տեղեկությունը սկսեց տարածվել, ըստ էության, երբ այդ մասին 2020թ. դեկտեմբերին իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում խոսեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ինքը՝ Դավիթ Տոնոյանը, անդրադարձել էր այս թեմային և նշել, որ 2020թ. սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել Ռուսաստան՝ ներկա գտնվելու «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:

Ի դեպ, 2023թ. հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր.

Կարդացեք նաև

«ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:

 Փաշինյանն էլ նշել էր, որ սեպտեմբերի 25-ին ԳՇ պետը զեկուցել է ռադիոկլանման միջոցով ստացված՝ F-16 կործանիչների օդաչուների խոսակցությունը, ինչի մասին Փաշինյանը նաև ավելի վաղ էր խոսել, որ ռադիոկլանման միջոցով ստացված տեղեկությունը շատ հավանական է համարվել: Եվ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համապատասխան կարգադրություն է տվել, ԶՈՒ ողջ ղեկավար կազմը պետք է լինեին համապատասխան կառավարման կետերում, իսկ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին կարգադրություն է փոխանցվել, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ:

Դավիթ Տոնոյանն օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում մանրամասնել էր.

«Սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջնակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով: Սեպտեմբերի 26-ի երեկոյան մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկիր վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու: Ընդ որում, ՀԱՊԿ անդամ երկրի, էլի գործուղման շրջանակներում, որտեղ պետք է շարունակվեին բանակցությունները՝ նորից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերով: Վայրէջքի պահին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հնարավոր եղավ հեռախոսները միացնելու, անմիջապես ԳՇ պետից տեղեկացվել եմ պատերազմի սկսվելու մասին»:

Անդրանիկ Քոչարյանի ճշտող հարցին՝ Ղազախստանո՞վ էիք վերադառնում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ «այնտեղ էր գործուղումս», և հավելել.

«Ունեցել եմ խոսակցություն ՀՀ վարչապետի հետ: Հաշվի առնելով քովիդային թռիչքային իրավիճակները, 3 ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթելու, որ կարողանամ վերադառնալ Հայաստան: Վերադարձել եմ Վրաստանով: Վրաստանում վայրէջք եմ կատարել: Սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից որոշ ժամանակ հետո թույլտվություն ստացել եմ վարչապետից և մեկնել եմ մարտական գործողությունների իրականացման վայր»:

Նախքան սպառազինության ձեռքբերման հետ կապված Դավիթ Տոնոյանի որոշ մտքերին անդրադառնալը՝ մի քանի հիշեցում անենք.

  • Սեպտեմբերի 27-ին ժամը 08:39-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը գրառում էր կատարել, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ և ներկայացրել սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
  • Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:44-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ:Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը»,- ասված էր ուղերձում:

  • Սեպտեմբերի 28-ին, ժամը 08:29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: 

Հավելենք, որ 44-օրյա պատերազմից 5 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին, Դավիթ Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն էր անցկացրել այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ դրանից առաջ հանդիպել Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի հետ:

168.am-ն ավելի վաղ ներկայացրել էր պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիան, որի շրջանակում անդրադարձել էինք 44-օրյա պատերազմն ընդունած ՀՀ պաշտպանության նախարար և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ռուսաստանյան գործուղումներին, հայտարարություններին, մասնավորապես, արված 2020թ. սեպտեմբերի 2-5-ին:

Վերադառնանք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ՝ Քննիչ հանձնաժողովում հայտնած տեղեկությանը, այն է՝ «սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջանակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով»:

Թեև Դավիթ Տոնոյանը չի նշում այդ երկրի անունը, սակայն դա, ըստ էության, Բուլղարիան է: Ինչո՞ւ:

2018թ. դեկտեմբերին EurAsia Daily կայքը ծավալուն հոդված էր հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստան զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում:

Կայքը 2018թ. դեկտեմբերի 13-ին մանրամասնել էր, որ «Rada Airlines ավիաընկերության օդանավը նախորդ շաբաթվա ընթացքում Բուլղարիայից չորս թռիչք (դեկտեմբերի 7, 9, 11, 13) է կատարել դեպի Հայաստան», ինչի մասին վկայում էին Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները»:

Ըստ լրատվամիջոցի, «Իլ-62» օդանավի՝ նոյեմբեր ամսին Բուրգասից դեպի Հայաստան թռիչքները ֆիքսել էր թուրք բլոգեր Յըրյուք Իշըքը՝ ընդհանուր առմամբ յոթ թռիչք: Բլոգերը գրել էր, որ ինքնաթիռում ռազմական բեռ կա:

«Մի կողմից՝ Բուրգասը զենքի արտահանման խոշոր հանգույց է, Հայաստանի ու Բուլղարիայի արտահանման և ներկրման գործողությունները նվազագույն մակարդակի են, իսկ բեռի մատակարարման համար օգտագործվում է ընդամենը մեկ օդանավ ունեցող քիչ հայտնի ավիաընկերություն: Մյուս կողմից՝ ամենակարևորը բեռի մատակարարման ճանապարհն է, ինչից էլ պարզ է դառնում, որ խոսքը զենքի մասին է: Ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար ճանապարհը պետք է համաձայնեցված լինի բոլոր երկրների հետ, որոնց օդային տարածքով պետք է անցնի ինքնաթիռը: Մինչդեռ «Իլ-62»-ի չվերթերը համառորեն խուսափում են թուրքական օդային տարածքից, ինչը տնտեսական տեսանկյունից ծախսատար է: Օդանավն ուղիղ Թուրքիայով ու Վրաստանով թռչելու փոխարեն՝ օղակ է անում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով ու Իրանով՝ կրկնակի ավելացնելով թռիչքի տևողությունը»,- գրել էր EADaily-ն:

Իսկ 2022թ. հունիսին այս թեմայով ծավալուն հոդված էր գրել caliber.az-ը՝ անդրադառնալով նաև զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի գործունեությանը:

Ադրբեջանական կայքը չէր անտեսել վերևում նշված տեղեկությունը, որ 2018-ին Հայաստան-Բուլղարիա ռազմատեխնիկական համագործակցություն է եղել, և Հայաստանն այս երկրից սպառազինություն է գնել, այդ թվում՝ ծանր: Հոդվածում ադրբեջանական կողմը, ըստ էության, ուլտիմատում է դնում՝ Բուլղարիան կամ պետք է ընտրի Հայաստանին զենք հասցնելու միջոցով գումար աշխատելը, կամ ադրբեջանական գազը:

Նշենք, որ օգոստոսին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, կարողանում էր զենքի մատակարարումներ կազմակերպել՝ ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Այսինքն՝ Գալստյանը սպառազինություն է բերել՝ ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ՝ ցամաքային` «բառիս բուն իմաստով, «աճպարարության արդյունքում»»։

Այսօր Վրաստանի տարածքով ՀՀ իշխանությունները ֆրանսիական զենքը փորձում են բերել Հայաստան: Ներկա դրությամբ, եթե վրացական կողմից լուրջ խոչընդոտներ չկան, ապա չի բացառվում, որ չեն լինի, երբ այդ մասին վրացական կողմին խնդրի թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչի ականատեսը եղանք 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ խոչընդոտներ առաջացրեցին:

Հոդվածի թեման կարելի է շարունակել, բայց սա արդեն մեկ այլ առիթի դեպքում, իսկ տվյալ դեպքում ասելիքն այն էր, որ պատերազմին և ռազմական ոլորտին առնչվող հարցերին չի կարելի մոտենալ պրիմիտիվ կերպով, խնդիրներին և իրադարձություններին ավելի խորությամբ պետք է մոտենալ:

Տեսանյութեր

Լրահոս