
ՀՀ նախկին նախագահների դեմ պայքարն Ալիևին մղել է մոռանալ ադրբեջանական երբեմնի ղեկավարության «դավաճանությունը». օրակարգում Շուշիի օպերացիան է

Ապրիլի 28-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» օրակարգում 1992 թվականի մայիսին հայկական կողմի իրականացրած Շուշիի օպերացիան էր՝ հաղթական ելքով:
Այսինքն, ադրբեջանական կողմը քննության առարկա է դարձնում պատերազմի ժամանակ իր հակառակորդի՝ հայկական կողմի ռազմական օպերացիաները՝ մոռանալով, որ Բաքուն ոչ մեկ անգամ Շուշիի կորուստն իրենց համար համարել է այդ ժամանակվա ադրբեջանական իշխանության դավաճանության և անկազմակերպվածության հետևանք:
Եվ հիմա փաստորեն Ալիևը փորձում է «մաքրել» Ադրբեջանի երբեմնի դավաճան իշխանությանը, կամ՝ առնվազն չհիշել նրանց դավաճանությունները, որովհետև անհրաժեշտ է սլաքն ուղղել Հայաստանի Հանրապետության և ՀՀ նախկին նախագահների դեմ:
Ինչևէ, «դատական» նիստի ընթացքում ներկայացվել են Շուշիի օպերացիային առնչվող տեսանյութեր, որտեղ, օրինակ, Արկադի Տեր-Թադևոսյանը պատմում է Շուշիի ազատագրման կամ բուն ռազմական տեսանկյունից գրավման մասին:
Ադրբեջանական քարոզչամեքենան հանգուցյալ Կոմանդոսին վերագրել է մի տեսանյութ, թե այդ օպերացիայի պլանը նախ ներկայացվել է այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունը, իսկ մարտական հրամանն էլ պատրաստվել է Սեյրան Օհանյանի կողմից:
Բաքվի զինվորական դատարանում նաև այլ տեսանյութեր են հրապարակվել, որտեղ նշվել է, թե «Շուշիի գրավումն իրականացվել է 4 ուղղություններով, որոնք ղեկավարել են Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիթչյանն ու Արկադի Կարապետյանը», և, որ «Շուշիի հարձակողական օպերացիայում կարևոր դեր է ունեցել նաև գեներալ Գուրգեն Դալիբալթայանը», ում խոսքերին հղում անելով՝ ադրբեջանական դատարանում պնդել են նաև, որ օպերացիային իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
Այսինքն, Ադրբեջանը փորձում է ապացուցել, որ Շուշին վերցնելու հրամանը տվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ուստի կատարվել է բազմակողմանի նախապատրաստական աշխատանք, և իբր օպերացիան նախնական պլանավորվել էր իրականացնել 1992 թվականի ապրիլի 24-ին:
Այնուհետև Բաքվի դատարանում ուսումնասիրվել է տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է խոսում Շուշիի օպերացիայի կարևորության մասին, և որտեղ, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ասում է՝ «Շուշիի օպերացիայի նշանակությունն այնքան մեծ էր, որ դրան անձամբ մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը»:
Նշենք, որ Բաքվի «դատավարությունը» փոխանցվում է աղավաղված, դրա մասին պատմող տեսանյութերն առանց ձայնի են, իսկ կադրերն օգտագործվել են Շուշիի ազատագրման մասին պատմող մի քանի մասից բաղկացած ֆիլմից, որտեղ իր հարցազրույցում, օրինակ, Սերժ Սարգսյանը պատմում է. «1992 թվականի ապրիլին ստեղծվել էր անելանելի վիճակ, չհարձակվել Շուշիի վրա, չգրավել Շուշին, նշանակում էր՝ դանդաղ մահվան դատապարտել Ղարաբաղի բնակչությանը, և առաջին հերթին՝ Ստեփանակերտի, որովհետև օրական Շուշիից Ստեփանակերտի վրա էր գալիս առնվազն 300-350 հրթիռ, բանը հասել էր նրան, որ Շուշիից սովորական հրաձգային զենքի գնդակը հասանելի էր ստեփանակերտցուն»: Բնականաբար, Բաքվի դատարանում այս և այլ պատճառների մասին չեն խոսի:
Իսկ շինծու մեղադրանքներով «դատավարության» ընթացքում ադրբեջանական մեղադրողի հարցերին ի պատասխան՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հաստատել է այն, որ իր հրամանագրով է Վազգեն Սարգսյանին շնորհվել Արցախի հերոսի կոչում, և, որ Սեյրան Օհանյանին, Վալերի Չիթչյանին, Գուրգեն Դալիբալթայանին ևս տարբեր մեդալներ և պարգևներ են շնորհվել:
Հետո հարցերին պատասխանել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, նա հայտարարել է, թե իբր Վիլեն Միքայելյանի գլխավորած ջոկատում մասնակցել է Շուշիի ազատագրման գործողություններին:
«Դա արևելյան ուղղությունն էր։ Ես գիտեմ, որ այս ուղղության հրամանատարը Արկադի Կարապետյանն էր»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է նա և անդրադառնալով օպերացիային Վազգեն Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և Արկադի Տեր-Թադևոսյանի մասնակցությանը, Բակո Սահակյանը նշել է, որ այդ մասին կան բաց փաստեր, գաղտնի մաս չկա, ուստի ինքն էլ չի հերքել, ավելին՝ նշել է, որ Արկադի Տեր-Թադևոսյանին Արցախի հերոսի կոչում ինքն է շնորհել:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 1-ին:
Աբսուրդ է պատերազմի ժամանակ իրականացված ռազմական օպերացիան դատական քննության առարկա դարձնելը, այն էլ՝ «էթնիկ զտման» համատեքստում:
Եթե այս ամենին այլ տեսանկյունից նայենք, ապա արդյո՞ք սա չի նշանակում, որ պատերազմական յուրաքանչյուր գործողություն, հրաման և օպերացիա կարելի է քննության առնել ցանկացած ժամանակ:
Այսինքն, երբեք ուշ չէ՝ դետալ առ դետալ քննել 2020 թվականի 44-օրյա պատերազմում հակառակորդի գործողությունները, այդ ժամանակ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական որոշումները կամ անգործությունը, որքանո՞վ են օգնել, որ բանակը հաղթի, ինչ շանսեր կային հաղթելու: Կամ՝ ինչո՞ւ հնարավոր չի եղել Հադրութը, Շուշին պաշտպանել:
Այս և այլ շատ հարցերի պատասխաններ Քննիչ հանձնաժողովի քաղաքական զեկույցի արդյունքում հանրությունը չի ստանալու, և բանակը շարունակելու է ճանաչված մնալ՝ որպես պարտության հիմնական պատասխանատու:
Չմոռանանք, որ Շուշիի կորստի համար որպես միակ մեղավոր և պատասխանատու իշխանություններն ընտրել են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ում անգամ Քննիչ հանձնաժողովում չցանկացան լսել: