
Ալիևյան և փաշինյանական ռեժիմից հետապնդվողները. Ալիևը խոստացել է օգնել «փաստերով»

2025թ. հունիսի 18-ին դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որին շինծու մեղադրանք է առաջադրվել՝ իբր իշխանության զավթման կոչի վերաբերյալ: Իսկ իրականում այս ամենը խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի և ՀԷՑ-ի հետ կապված ինչ-ինչ պլանների մասին:
Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա աշխատանքային այցից առաջ:
Նշենք, որ Փաշինյանից առաջ նախատեսված է Ալիևի այցը Թուրքիա, Փաշինյանի այցի օրն էլ Նախիջևանում մեկնարկելու են թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025»:
Իսկ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումների համատեքստում հարկ ենք համարում մի քանի փաստ ներկայացնել: Եվ այսպես:
2021 թվականի հունիսի սկզբին Ադրբեջանն արդեն հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Բայց 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրում են «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում, որտեղ շեշտվում է Նախիջևանի աշխարհագրական դիրքը, չի անտեսվում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և այլն:
Հռչակագրում կետ կա, որը վերաբերում է տարածաշրջանային կայունությանը սպառնացող տարատեսակ սպառնալիքների դեմ համատեղ պայքարին:
Եվ արդեն «Շուշիի հռչակագրի» ստորագրումից մի քանի օր հետո՝ 2021 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ 4 տարի առաջ նույն օրը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և ՀՀ զինված ուժերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ:
Նրանք մեղադրվում են «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զենքի, զինամթերքի և ռազմական նշանակության սարքավորումների մաքսանենգ մատակարարումների համար»:
Ադրբեջանական գերատեսչության վարկածով՝ Կարապետյանը, Աբրահամյանը և Գալստյանը 2001-2021թթ. «քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներով սպառազինություն են հասցրել Հայաստան, այնտեղից էլ՝ Ղարաբաղ»:
«Այս մատակարարումներն իրականացվել են Հայաստանի տարածք և Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» տարբեր ուղևորային չվերթերով, Հայաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռի, ինչպես նաև՝ Արա Աբրահամյանի կողմից հատուկ գնված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի միջոցով»,- 2021-ին պնդել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Սամվել Կարապետյան. սկզբում՝ Ալիևի թիրախում, հիմա՝ Փաշինյանի
Ադրբեջանական նշված մեղադրանքն իր նկատմամբ Սամվել Կարապետյանը որակել էր «ֆանտազիա», և անհեթեթ:
«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Լավ կլինի իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից քանդված տարածաշրջանի վերականգնմանը»,- Կարապետյանի խոսքերը փոխանցել էր «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ տարածված հայտարարության մեջ ընկերությունը շեշտել էր, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է սոցիալական և հումանիտար ծրագրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, որոնցից «շատերը ոչնչացվել են հենց ադրբեջանական բանակի կողմից»:
Ի դեպ, այս հայտարարությունից օրեր հետո Սամվել Կարապետյանն այս մասին խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը, պնդել, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:
Իսկ 2025 թվականի հունիսի 18-ին Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանի շուրջ սկսած զարգացումների ֆոնին Ալիևն իր քարոզչամեքենայի միջոցով առաջարկել է իրեն հանձնել Սամվել Կարապետյանին, հատկապես, երբ նրա նկատմամբ դեռ 4 տարի առաջ հետախուզում են հայտարարել:
«Բաքվին Սամվել Կարապետյանի հանձնմամբ Հայաստանը ցույց կտա, որ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքներին է հետևում, այլև այն կլինի ազդանշան, որ Հայաստանը հրաժարվում է «ծածկել» նրանց, որոնք գումար են աշխատել Ադրբեջանի դեմ ագրեսիայի համատեքստում: Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է խաղաղության օրակարգից, խոսքերը պետք է հաստատել գործողություններով: Ռազմական հովանավորներին «պահելը» դիսկրեդիտացնում է հաշտության գնալու կուրսը: Սամվել Կարապետյանի հանձնումը դա վստահությունն ամրապնդելու հնարավորություն է»,- գրել է minval.az-ն իր խմբագրականում:
168.am-ը գրել է, որ 2024 թվականի տարեվերջին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով, և, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Ալիևին ռազմավարական գործարք կնքել:
Դավիթ Գալստյան. «ռազմական» կոռուպցիայի վերացում՝ թուրք-ադրբեջանական հետաքրքրությունների տրամաբանության մեջ
2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.
«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:
Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Բայց այստեղ հետաքրքիր է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարել է վատը, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում էր նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով, և 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, սկսեց անել այն, ինչ «գլխում» կար դեռ 2018-ին:
Մյուս կողմից, այստեղ, սակայն, պետք է հիշեցնել, որ արդեն 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»)՝ հրանոթի արկերի գործով, որով անցնում էր նաև ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Ավելի ուշ երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ արարքը չկատարելու հիմքով:
Բայց 2021 թվականի ապրիլին Ալիևը հարցազրույց է տալիս տեղական հեռուստաընկերությանը, որտեղ անդրադառնում է ՀՀ բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանին և ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարմանը:
«Մենք հստակ գիտենք, որ զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Ռուսաստանում նստած, անօրինական ճանապարհով ռուսական ռազմարդյունաբերական գործարաններից ձեռք է բերել սպառազինություն և քաղաքացիական ինքնաթիռներով ուղարկել Հայաստան: Իսկ այս ամենի համար ֆինանսական միջոցներն ապահովել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և օլիգարխ Սամվել Կարապետյանը: Դա «հանցագործություն» է (չակերտները-Մ.Պ.)»,- ասել էր Ալիևը՝ նշելով, որ այս ամենի մասին տեղեկացրել են ռուսական կողմին:
«Մենք ռուսական կողմին նաև տեղեկացրել ենք, որ Դավիթ Գալստյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բիզնես-գործընկերը: Նրանք այդ ամենն արել են նաև անօրինական շահույթ ստանալու համար: Ի դեպ, պատահական չէ, որ 44-օրյա պատերազմում դառը պարտությունից հետո Ադրբեջանին պատերազմով սպառնացող ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնանկ արվեց: Իսկ Դավիթ Գալստյանին էլ կալանավորեցին (խոսքը, ինչպես վերևում նշեցինք, հրանոթի արկերի գործի մասին է): Հայաստանում հիմա նախաքննություն է գնում, եթե այն արդար վարվի, ապա իմ նշած բոլոր փաստերն ի հայտ կգան: Մենք փաստեր ունենք, եթե անհրաժեշտ լինի, դրանք մենք կգաղտնազերծենք»,- 2021 թվականի ապրիլին տված իր հարցազրույցում շարունակել էր Ալիևը:
Այս հարցազրույցից ամիսներ հետո՝ 2021 թվականի սեպտեմբերին, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորություններ են չարաշահել, այս դեպքում էլ խոսքը հայտնի հրթիռների գործի մասին է:
Այս գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք: Եվ մինչև հիմա ՀՀ իշխանությունները չեն ապացուցել այդ հրթիռների անպիտան լինելը, հրաժարվում են փորձաքննությունից:
Ի դեպ, 2021 թվականի նոյեմբերին Դավիթ Գալստյանը փաստաբանի միջոցով 168.am-ին փոխանցել էր դատական նիստերից մեկի ժամանակ իր խոսքը, երբ քննարկման թեմա են եղել այդ ժամանակ իր կալանավորման հիմքերը, և քննիչները մտավախություն են հայտնել, որ նա կարող է փախուստի դիմել:
«Եթե ես ՀՀ–ից դուրս գամ, ինձ այնտեղ անհամբեր սպասում է Ադրբեջանի Հանրապետությունը՝ ձեր «թեթև» գրչով: Իմ նկատմամբ կան քրեական գործեր հարուցված, Ադրբեջանը ցանկանում է որևէ կերպ վնաս հասցնել, կալանավորել, որի համար ջանք չի խնայում: Այսինքն, ինչի՞ պետք է Հայաստանից դուրս գամ, եթե գիտեմ, որ հնարավոր է՝ իմ կյանքին որոշակի վնաս սպառնա»,- ասել էր Գալստյանը:
Ասել, որ այս վտանգն անցել է, և ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը նպաստած մարդիկ կարող են հանգիստ լինել, կամ ՀՀ-ի քաղաքական և ռազմական նախկին ղեկավարությունը, իհարկե՝ հնարավոր չէ: Եվ սրա ակնհայտ ապացույցը Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունն է, որն ուղղված է ոչ թե անձերի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ՀՀ վարչապետը և իրեն հռչակել գերագույն հրամանատար, թուրք-ադրբեջանական տանդեմի օգնությամբ և սեփական իշխանությունը պահելու համար տարբերակ կգտնի «Գյանջայի դեպքերից» ձեռքերը լվանալու և պատասխանատվությունը դնելու այդ ժամանակվա ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավարության վրա, հատկապես, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սլաքն ուղղել է դեպի Հայաստան:
Իսկ թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ռուսական զենքի մատակարարումների հետ կապված, առհասարակ, բանակին զենք մատակարարելու գործընթացի հետ, գաղտնիք չէ, ու այստեղ չի կարող լինել մեկ մեղավոր: Իհարկե, դրական է, որ Հայաստանը զենք է գնում տարբեր երկրներից (որի հետ կապված լոգիստիկ խնդիրները, Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին, բնականաբար, սրվել են), բայց արդյո՞ք ճիշտ է սա անել այլ խողովակի բացառման գնով, երբ, օրինակ, Դավիթ Գալստյանը պատերազմի օրերին եղել է այն անձը, ով բավարար հմտություններ և կարողություններ է գործի դրել սպառազինություն մատակարարելու համար, այն էլ՝ ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։
Մի առիթով 168.am-ը գրել էր, որ 2022թ. հունիսին Բուլղարիայից Հայաստան զենք հասցնելու թեմայով ծավալուն հոդված էր հրապարակել caliber.az-ը՝ անդրադառնալով այս համատեքստում զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի գործունեությանը: Ավելին, հոդվածում ադրբեջանական կողմն ուլտիմատում էր դրել՝ Բուլղարիան կամ պետք է ընտրի Հայաստանին զենք հասցնելու միջոցով գումար աշխատելը, կամ ադրբեջանական գազը: Եվ 44-օրյայից օրեր առաջ հենց այստեղ է, ըստ մեր տեղեկությունների, փորձ արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման հարցեր կարգավորել:
Հ.Գ. Նշենք, որ Ադրբեջանի կողմից հետախուզվող գործարար Սամվել Կարապետյանի և դրանից առաջ Դավիթ Գալստյանի դեմ հարուցված գործերում իր ներդրումն ունի Արթուր Պողոսյանը՝ մի դեպքում՝ որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, մյուսում՝ որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ: