ՍԱՀԱԿ ՍՐԲԱԶԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՄԱՔՈՒՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՍԻ՞Ջ, ԹԵ՞ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԵՏՔ. ԾԱՌԱՆ ՏԻՐՈՋԸ ԵՐԲԵՎԷ ԱՍԵ՞Լ Է՝ ՈՉ. ՍՐԱՆ ԻՆՉ ԱՍԵՆ՝ ԿԱՆԻ. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։

Փետրվարի 19-ին Վիեննայում կայացած Եպիսկոպոսաց ժողովից և շատ կոշտ ու սկզբունքային հայտարարությունից հետո, Թուրքիան սկսեց անհանգիստ շարժումներ անել, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիրը, որն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, հերթական անգամ տապալվեց:
Եվ, ահա, փետրվարի 25-ին, Թուրքիայի Հայոց Սահակ Բ. (Մաշալյան) Պատրիարքը շատ տարօրինակ հայտարարություն-կոչով հանդես եկավ՝ քննադատությամբ և առաջարկներով:
Նախ, նույն Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը հանդիսանալով ատենապետը Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ), որին քննադատում է այդ նույն հայտարարության մեջ, երբևէ փոփոխությունների ոչ առաջարկներ է ներկայացրել, ոչ էլ որևէ առաջարկ կամ փոփոխություն առաջ մղել:
Նա իր հայտարարության մեջ ասում է, թե ներկայիս ԳՀԽ-ն հեղինակազրկված է, իսկ նրա «հապճեպ և ջղագրգիռ» որոշումները (օրինակ՝ Գևորգ սրբազանի կարգալուծությունը) միայն խորացնում են հակամարտությունը. «Այս խառնաշփոթ շրջանին Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկուած է այլեւս եւ հապճեպով եւ ջղագրգռութեամբ առնուած որոշումներով պատճառ կը դառնայ որ հակամարտութիւնը հետզհետէ խորանայ եւ թնճուկային վիճակ ստանայ: Այսպէս էր Գէորգ Սրբազանին կարգալուծութեան որոշումը: Պատշաճը համբերելն էր այս եպիսկոպոսներու ժողովին եւ հոն ձեռք առնուէր Գէորգ եւ միւս ընդդիմադիր սրբազաններու վիճակը»,- բառացի գրում է նա:
Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Մասյացոտն թեմի արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու առաջարկը գրավոր նամակով Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) օրակարգ է բերել ՀԵՆՑ ԻՆՔԸ՝ Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը: Նրա գրավոր առաջարկը հավանության է արժանացել և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է արվել (այսուհետ Արման Սարոյան է):
Եվ, հաջորդ ԿԱՐԵՎՈՐ հանգամանքը: Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը իր այդ նամակում «առաջարկներ» է անում.
«Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարիւնութիւն եւ խոհեմութիւն ներշնչելիք հեղինակաւոր ժողովականութեան մը, որ է սինոդականութիւն՝ իր կազմին ներգրաւելով նաեւ որոշ ընդդիմադիր եղբայրները: Այս սինոդական դրոյթը կրնայ գետին պատրաստել կառավարութեան հետ ելքի լուծումներ որոնելու եւ գտնելու ուղղութեամբ: Վեհափառ Հայրապետին միշտ միտքը եղած է այսպիսի կառոյց մը հիմնել, անձնապէս գիտեմ, բայց երբեք կեանքի չէ կոչուած այս գաղափարը: Ասիկա առիթ մըն է որ այս Եպիսկոպոսական Ժողովը ընտրէ տասներկու աւագ եպիսկոպոսներ որպէսզի այս շրջանին Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնին Վեհափառ Տիրոջ:
Եթէ Մայր Աթոռը չստանձնէ այս վարչական բարեփոխութիւնը, կը վախնամ ներկայ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակութիւնը անբաղձալի կերպով պիտի տկարանայ: Իշխանութիւններու հետ հաշտութեան եւ անցումային շրջանի համար մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարումը սինոդականութիւնը կրնայ հանդիսանալ անցումային լուծում մը: Իսկ երկրորդ առաջարկս պիտի լինի Եպիսկոպոսներու այս Ժողովը լաւ կ’ըլլար որ ճշդէր այլեւս անհրաժեշտութիւն դարձած Ազգային Եկեղեցական Ժողովի համար թուական մը եւ կարգադիր յանձնախումբ մը: Ասիկա որոշ կիրքերու հանդարտացման պատճառ կրնայ դառնալ»,- գրում է նա:
Արևելահայերենով, կարճ ասած՝ նա առաջարկում է. ստեղծել 12 ավագ եպիսկոպոսներից կազմված մարմին (Սինոդ), որն իբրև թե նեցուկ կլինի Կաթողիկոսին կառավարման գործում, այս կազմում ներգրավել նաև որոշ ընդդիմադիր եպիսկոպոսների՝ լարվածությունը թուլացնելու և իշխանությունների հետ երկխոսության եզրեր գտնելու համար, Ազգային-Եկեղեցական Ժողովի գումարում (ժամկետը ֆիքսել և ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ)։ Պատրիարքի կարծիքով՝ սա միակ իրավասու ատյանն է, որը կարող է վերահաստատել կամ վերաճշգրտել Կաթողիկոսի կարգավիճակը և հանդարտեցնել կրքերը։
Հարց Պոլսո պատրիարքին՝ նախ, այդ ո՞ւմ կարգավիճակն է ուզում ճշտել, բացի այդ, միգուցե Փաշինյանի հետ համագործակցող հոգևորականների՞ց ճշտի՝ ինչո՞ւ նրանք չեն մասնակցում Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխատանքներին:
Եվ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Բաց տեղեկատվական աղբյուրներից հայտնի է՝ Ռուսական կայսր Պետրոս Առաջին թագավորի (ցար) կողմից է ներդրվել պետական Սինոդը (1721թ.)՝ եկեղեցական բարեփոխումների շրջանակում: Այն Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն էր՝ եպիսկոպոսներից, որը փոխարինեց պատրիարքությանը։ Այն ենթակա էր կայսրին, ղեկավարվում էր նշանակովի օբեր-պրոկուրորի կողմից և նպատակ ուներ եկեղեցին դարձնել պետական մեքենայի մաս՝ վերացնելով նրա անկախությունը։ Պատրիարքության վերացումից հետո Սինոդը ստանձնել է եկեղեցու վարչական և դատական կառավարումը։ Այն բաղկացած էր բարձրագույն հոգևորականներից (եպիսկոպոսներից), որոնց նշանակում էր անձամբ կայսրը։ Սինոդի գործունեությունը վերահսկվում էր աշխարհիկ պաշտոնյայի՝ օբեր-պրոկուրորի կողմից, ով ներկայացնում էր ցարին։ Այդպիսով, Պետրոս I-ը եկեղեցին վերածեց պետական ապարատի ենթակա կառույցի, ինչը համահունչ էր նրա՝ Ռուսաստանում բացարձակ միապետությունն ամրապնդելու քաղաքականությանը։
Այնպես որ, Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանն իր այդ առաջարկով Էրդողան-Ալիև-Փաշինյան դավադիր ծրագրի մաս է կազմում: Իր առաջարկի բուն նպատակն է՝ վերացնել Վեհափառ Հայրապետի բարձրագույն՝ Ծայրագույն Պատրիարքական կարգավիճակը:

Աբրահամ Գասպարյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ինձ համար անակնկալ տեղեկություն էր, որ Պոլսո Սահակ սրբազանն ինքն է գրավոր առաջարկով հանդես եկել՝ Մասյացոտն թեմի՝ արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու առաջարկով: Բայց գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Սա մեծ խաղ է: Ծանոթ լինելով Սահակ Մաշալյանի գործունեությանը՝ կարող եմ ասել, որ այս քայլով ինքը փորձում է մեղմել ու կառուցողական դաշտ բերել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եկեղեցու ներսում՝ ուղիղ հարվածելով Հովվապետին:
- Եկեղեցու դեմ այս պայքարի շրջանակում էկումենիկ լռությունն ինձ մոտ հարցեր է առաջացնում: Սա նշանակում է, որ եթե արձագանք ու հակազդեցություն չկա, ապա քրիստոնեական եկեղեցիներն են դրվում հարվածի տակ:
- Արդյո՞ք Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանի մեսիջները մաքուր թուրքական մեսիջներ են, թե՞, այնուամենայնիվ, Անգլիկան եկեղեցական հետք կա: Ես դա չգիտեմ:
Ի գիտություն. Անգլիկան եկեղեցին բողոքական եկեղեցիներից մեկն է, Անգլիայի պետական եկեղեցին է։ Ձևավորվել է 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի շրջանում։ Անգլիկան եկեղեցու առաջնորդը թագավորն է, գահերեցը՝ Քենթրբերիի արքեպիսկոպոսը։ Ծիսակատարությամբ և կազմակերպական սկզբունքներով ավելի մոտ է կաթոլիկականին, քան մյուս բողոքական եկեղեցիները։ 1534թ. պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թագավորին հայտարարեց անգլիկան եկեղեցու առաջնորդ, և մինչև օրս հենց միապետն է եկեղեցու գլուխը: Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո սրվեցին հարաբերությունները Վատիկանի հետ, բռնագրավվեցին կաթոլիկ եկեղեցու հողատարածքները, այրվեցին սրբապատկերներ ու ոչնչացվեցին բազմաթիվ մասունքներ:
Անգլիկան եկեղեցին վերացրեց բարձրաստիճան հոգևորականների ամուսնության արգելքը, իսկ հետագայում կանայք ևս իրավունք ստացան բարձրագույն նվիրապետության շարքերն անցնելու: Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է Աստվածաշունչը և չի մերժում Ս. Ավանդույթների դերը աստվածաշնչական ճշմարտությունները մեկնաբանելու գործում։ Ինքնուրույն Անգլիկան եկեղեցիներ կան նաև Շոտլանդիայում, Ուելսում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։

- Եկեղեցու հովվապետերը մտածում են ասիմետրիկ: Այն, ինչ մեզ համար տեսանելի է, կարող է իրականում այդպես չլինել: Եկեղեցին գտնվում է ժողովրդի պաշտպանության ներքո՝ շնորհիվ կշռադատված, համբերատար, ո՛չ խեղկատակ որոշումների: Եկեղեցին՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հաշվարկում է, մտածում է, հասկանում է: Կարող էր, չէ՞, պահի թելադրանքով կարգալույծ անել, օրինակ, Նավասարդ Կճոյանին, մյուսներին, բայց չարեց, որովհետև այնտեղ լրիվ այլ կարգ է գործում:
- Թե ինչ է եղել, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանի դիրքորոշումը փոխվել է, դա պետք է նայել, թերևս, հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» համատեքստում: Ապազգային ընթացքին ընդդիմացող կառույցի հիմքերը թուլացնելու խնդիր է դրված՝ կլինի գործող վարչախմբի հարձակումների, Սահակ Մաշալյանի, Իրանի նկատմամբ օղակը սեղմելու, թե մեկ այլ եղանակով:
- Էրդողանը վերջին 20 տարում կարմիր թելով անցկացնում է մեկ բան՝ մենք Հայաստանի հետ խնդիր չունենք, մեր խնդիրը հայկական Սփյուռքն է, թուլացրեք ու հանգիստ կապրեք: Թուրքիայի նպատակները և ծրագրերը, թիրախները չեն փոխվել: Եվ այն, ինչը նախկին իշխանությունները չէին անում, այս իշխանությունն արեց՝ ստանձնելով Էրդողանի կողմից իջեցված Սփյուռքը թուլացնելու, պառակտելու հրահանգների իրագործումը: Իսրայելն ու Թուրքիան ռազմավարական խնդիր են դրել ջարդել հայկական ու հունական Սփյուռքի մեջքը:

- Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը որդեգրել է հետևյալ տակտիկան: Սա վերջին փուլն է՝ եկեղեցու ներսում երկիշխանություն հաստատելու, որը մեր եկեղեցին միշտ մերժել է: Խոսքը Սահակ Մաշալյանի ասած սինոդականության ներդրման մասին է: Այն դիմադրությունը, որը մեր Եկեղեցին ու նրա զավակները, մենք բոլորս ցույց տվեցինք, վստահաբար մեզ հուշում է՝ ՉԵ՛Ն ՀԱՋՈՂԵԼՈՒ: Անգամ ցարական Ռուսաստանին չհաջողվեց կոտրել մեր եկեղեցուն:
- Որտե՞ղ է գրված, որ դու կարող ես մտնել, պղծել եկեղեցին, ու եկեղեցին էլ չի կարող դիմադրել, որովհետև կնշանակի՝ քաղաքականությամբ է զբաղվո՞ւմ… Սա որտե՞ղ է գրված: Սահմանադրության միջից հոդվածնե՞րն ես հանելու, հանրաքվե՞ ես անելու. չի՛ հաջողվելու: Կսպասենք, կտեսնենք:
- Սոցհարցումների տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների 95 %-ը համարում է, որ Արցախի հարցը փակված չէ: Եթե հարցնեն՝ ինչ կարծիք ունի ժողովուրդն այն մասին, որ Եկեղեցին առանձնաշնորհյալ դիրք չպետք է ունենալ, 90%-ից ավելին ասելու է՝ ո՛չ, պետք է ունենա:
- Երբ աշխարհիկ և հոգևոր իշխանություններն իրար լեզու չեն հասկանում, ճաքը պետք է լինի:
- Հայ եկեղեցու հոգևորականների քարոզները ծայրահեղ իսլամիզմի հետ համեմատելն ուղիղ կոչ է Թուրքիային՝ միջամտել Հայաստանի ներքին գործերին: Առջևում ընտրություններ են: Ես իրավունք ունե՞մ մտածելու, որ Թուրքիայում կասեն՝ եթե իրենց վարչապետն է ասում, ուրեմն Հայաստանում ծայրահեղական իսլամիստներ կան՝ դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով: Չկա մի նախադասություն, որ այս անձնավորությունը (Փաշինյանը) հենց այնպես ասի: Եվ իրեն այդ թեզերը տալիս են դրսից: Սա Թուրքիային և այլ պետություններին հստակ մեսիջ է՝ այստեղ կան ծայրահեղականներ, ու պետք է լեգիտիմացնել եկեղեցու դեմ պայքարը:
- Մեր տարածաշրջանում մեկ կրոնապետություն կա: Ո՞ւմ ես ծաղրում սրանով: Եկել-չես եկել, ասում ես՝ Իրանը դիկտատորական պետություն է: Իրանը քո դաշնակից-հարևանն է, դու չգիտե՞ս, որ նման բան չպետք է անես:

- Իրան պետությունը, ի տարբերություն մեզ, ինստիտուցիոնալ լավ հիշողություն ունի: Եվ այն, որ դու քո պաշտպանության նախարարին ուղարկել ես Իրան, որ համոզի` իբրև թե TRIPP-ն Իրանին չի սպառնում, ոչինչ չի նշանակում: Իրանում ամեն ինչ շատ լավ են հասկանում: Մինչև 44-օրյա պատերազմը գրեթե մեկ տարի գոնե մի զանգ Հայաստանից Իրան չի գնացել: Այն դեպքում, երբ դա չափազանց կարևոր էր… Այստեղից է սկսվում հակաիրանականությունը: Նույնը շարունակվում է նաև այսօր:
- 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմից հետո Իրանում Հայաստանը չեզոք դիրքորոշում ունեցող երկրների ցանկից վերացել է, ու դա երկարաժամկետ առումով շատ մեծ մինուս է մեզ համար: Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսել-չսկսելու հարցը ժամերի հարց է: Բոլորին թվում է՝ Թրամփը նախաձեռնողական է Իրանին հարվածելու հարցում, բայց դա այդպես չէ: ԱՄՆ-ը մտահոգ է Իրանի հրթիռային համակարգերով… Թրամփը նաև շատ ուժեղ ճնշումների է ենթարկվում՝ ներքին զարգացումներով (Էփշտեյնի բացահայտումները, իմպիչմենտի գործոնը) ու Իրանի համառ դիմադրողականությամբ պայմանավորված:
- 12-օրյա պատերազմը ցույց տվեց Իրանի հետախուզության և հակահետախուզության ամենամեծ բացը: Կարծրացել էին: Զրոյից այդ կառույցները հավաքեցին, ուժեղացան: Հրթիռային համակարգերն ուժեղացրեցին ու տուրք չտվեցին այն հոգեբանական գրոհներին, որ տարվում էին Իրանի նկատմամբ: Այսպիսին պիտի լինի պետությունը:
- Իրանցիներն իրենց բանակցային մշակույթում ունեն մի եզրույթ՝ պիստակի դիվանագիտություն: Պիստակն իրանական սեղանի ամենահարգի ընդեղենն է: Բոլոր բանակցությունների ժամանակ նրանք սեղանին պիստակ են դնում: Խոսում են՝ ընդամենն այդ պիստակից մի հատ վերցնելով, նայելով, բայց չբացելով, շոշափելով, վայր դնելով, նորից վերցնելով: Սա բանակցային հնարք է: Կարող են բանակցության մյուս կողմին տանել էն աշխարհ, հետ բերել… Պարսիկ դիվանագետները հեշտ բանակցողներ չեն: Մենք միայն հարցի մեկ կողմը չպետք է տեսնենք: Այնպես չէ, որ ԱՄՆ-ը որոշեց՝ հարվածելու է Իրանին, ու անմիջապես կհարվածի: Նույնիսկ Թուրքիան չի կարող մրցել Իրանի հրթիռային համակարգերի հետ:
- Իրանի զինվորականությունը լրիվ ուրիշ սխեմայով է աշխատում: Երբ Իրանի անվտանգային ու հետախուզական կառույցները ձևավորվում են, ուրիշ ձևով են աշխատում, ոչ այնպես, ինչպես Հայաստանում, երբ 2 տարի ԳՇ պետ չունեինք… Երբ այնտեղ հրամանատարին վերացնում են, List.am-ով հայտարարություն չեն տալիս… Առաջ են գալիս երկրորդ պլանի դերակատարները, որոնք ոչնչով չեն զիջում առաջին պլանի դերակատարներին: Դա է պատճառը, որ Ղասեմ Սուլեյմանիի ոչնչացումից հետո 6 տարվա ընթացքում ԶՈՒ ինստիտուտը չքանդվեց:

- Որ Հայաստանն այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի համար ընդամենը տարանցիկ ճանապարհ է, որին պետք է 2 հատ Big Bubble տալ, որպեսզի լռի, փաստ է: Որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրում ԱՄՆ-ի հետ, դա էլ է փաստ: Փաստ է նաև, որ Ադրբեջանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» ամենաերկար ցամաքային ճանապարհ ունեցողն է:
- Ինչո՞ւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ամոթալի փախուստն այդպես փաթեթավորվեց, իսկ տեռորիստը՝ Ջուլանին, որի համար ժամանակին ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար գլխագին էր խոստանում նրան, ով նրա գտնվելու վայրը կասի, այսօր կոստյում հագավ, սկսեց գնալ ընդունելությունների, որովհետև պետք էր քրդերին չեզոքացնել… Սիրիայի քրդերին այսօր առաջարկ է արվել՝ մասնակցել հակաիրանական գործողություններին՝ աջակցելով Մոսադին: Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում Սիրիայի քրդերը պետք է մուտք գործեն Իրան: Դրան կգումարվի Իրանի ոխերիմ բարեկամ Ադրբեջանի դերակատարությունը: Անակոնդայի մեթոդը փորձում են իրականացնել ու դրա համար քրդերին օգտագործում են որպես գործիք:
- Որևէ մեկին թվում է, որ հայերը կամ որևէ ազգ կկարողանան ԱՄՆ-ի նման պրագմատիկ պետությանը համոզել, որ իրենց անվտանգությունն ապահովի, եթե դա իրենց առաջնահերթությունների մեջ չի մտնո՞ւմ: ԱՄՆ-ը մեր տարածքը դիտարկում է՝ որպես ռուսական ազդեցության զոնա, ու, բնականաբար, երբեք չի ապահովելու մեր անվտանգությունը:
- Ծառան տիրոջը երբևէ ասե՞լ է՝ ոչ: Իհարկե ո՛չ: Իր մնալու միջազգային կոնսենսուսն ինչի՞ հաշվին է եղել… Որ սա այնքան թուլանա, որ չկարողանա գլուխը բարձրացնել ու ասել՝ ոչ: Այնպես որ, սրան ինչ ասեն՝ այնպես էլ կանի, այդ թվում՝ Իրանի դեմ: Իսկ խաղի մեջ մտնելուց հետո եթե ասեն ո՛չ՝ կոչնչացնեն մեզ: Սա ո՞վ է՝ ԱՄՆ-ին ասի՝ ո՛չ: Աստված մի արասցե, Իրանի դեմ պատերազմը լինի, առաջին ոտատակ գնացողը մենք ենք լինելու: Զուտ ցանկությունս է, որ կարողանանք պահպանել հայ-իրանական սահմանը փախստականների հոսքից… դա շատ վտանգավոր է…
- Երբ Արցախը հայաթափվում էր, ԱՄՆ վարչակազմը բավարարվեց մի թվիթերյան գրառմամբ՝ ցավում ենք: Նույնը լինելու է այստեղ: Նույն դատապարտելի մոտեցումը որդեգրել է նաև Ռուսաստանը:
Մանրամասները՝ տեսանյութում։



